Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նշանավոր երաժիշտ, Բեռլինի պետական օպերայի գլխավոր դիրիժոր և տնօրեն Դանիել Բարենբոյմին: Դիրիժորը Հայաստանում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում՝ Բեռլինի պետական նվագախմբի այսօր երեկոյան կայանալիք համերգի կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել «Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախաձեռնությունը, որի շրջանակներում տարիներ ի վեր սուղ հնարավորություններով մեծ ու կարևոր գործ է արվում, որպեսզի համաշխարհային երաժշտարվեստի մեծագույն վարպետները ներկայանան հայ հանդիսատեսին:
Նախագահի խոսքով՝ մյուս կողմից փառատոնը նաև լավ հնարավորություն է՝ հռչակավոր մարդկանց Հայաստանին ծանոթացնելու, հայ ժողովրդի դարավոր պատմությանն ու մշակույթին հաղորդակից դարձնելու, ինչի շնորհիվ նրանցից շատերը դառնում են հայ ժողովրդի բարեկամը:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև Դանիել Բարենբոյմի՝ ականավոր իսրայելացի երաժշտի, ով միաժամանակ Արգենտինայի և Իսրայելի քաղաքացի է, ունի նաև Պաղեստինի պետության և Իսպանիայի պատվո քաղաքացիություն, գործունեությունը մեկ այլ բնագավառում՝ նրա պայքարն աշխարհում խաղաղության և արդարության համար:
Դանիել Բարենբոյմն ընդգծել է, որ առաջին անգամ Հայաստան գալով` հատուկ զգացողություն ունի, քանի որ իր կյանքի ընթացքում բազմաթիվ հայերի է հանդիպել աշխարհով մեկ, սակայն նրանց հայրենիքում երբևէ չէր եղել և անկեղծորեն ուրախ է այս հնարավորության համար: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը: