կարևոր
3031 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-11 12:01
Աշխարհ

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան խստացրել են Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան խստացրել են Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են իրենց պատժամիջոցների ցուցակը՝ ներառելով նոր անհատներ և ընկերություններ Ռուսաստանից և Իրանից: Պատժամիջոցները ներառում են, մասնավորապես, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, Ռուսաստանի ռազմական տրանսպորտային ավիացիայի հրամանատարությունը և անօդաչու ավիացիայի 924-րդ պետական կենտրոնը, հայտնում է ekhokavkaza.com-ը։

Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները սահմանվել են ՌԴ ռազմածովային ուժերի հինգ տրանսպորտային նավերի նկատմամբ՝ չոր բեռնատար «Սկիֆ-Վ», «Մուսա Ջալիլ», «Բեգայ», «Բալտիյսկի-111» և «Օմսկի-103», ամերիկյան ցուցակում ընդգրկվել են նաև մի քանի ռուսական քաղաքացիական նավեր։

Սահմանափակումները ներառում են նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և իրանական բանակի մի քանի բարձրաստիճան սպաների և երկրի պաշտպանական ոլորտի ընկերություններ:

Մեծ Բրիտանիան կչեղարկի Իրանի հետ օդային ծառայությունների երկկողմանի համաձայնագրերը՝ սահմանափակելով Iran Air-ի հնարավորությունները դեպի Մեծ Բրիտանիա թռիչքներ իրականացնելու համար։ Սպասվում է, որ սահմանափակումներ կմտցվեն նաև դեպի Եվրամիություն իրանական ավիաընկերությունների թռիչքների համար։

Միացյալ Նահանգներն Iran Air-ը ներառել է պատժամիջոցների ցուցակում, ինչով ամերիկյան քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է որևէ փոխգործակցություն ընկերության հետ: 

Ցանկում է հայտնվել նաև ռուսական «Տրանսմորֆլոտ» նավագնացային ընկերությունը։

Ամերիկյան պատժամիջոցների ցուցակում է հայտնվել նաև «Օլյա» ծովային նավահանգստի գլխավոր տնօրեն Ջամալդին Փաշաևը։ Նավահանգիստը գտնվում է Վոլգայի դելտայում՝ Վոլգա-Կասպյան ջրանցքի աջ ափին։ Դրանով, ի թիվս այլ բաների, անցնում են Ռուսաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումները։

Նոր սահմանափակումները մտցվել են ի պատասխան Իրանի կողմից Ռուսաստանին «Ֆաթեհ-360» մարտավարական հրթիռային համակարգերի ենթադրյալ մատակարարման: Արևմտյան հետախուզությունը հայտնում է, որ Մոսկվան ստացել է մոտ 200 նման հրթիռ, սակայն Թեհրանը պաշտոնապես հերքել է տեղեկությունը: