կարևոր
6982 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-09-06 18:19
Հասարակություն

Ագրարային համալսարանի գիտական խորհուրդը ևս ձևավորվել և գործում է կանոնադրական կոպտագույն խախտումներով

Ագրարային համալսարանի գիտական խորհուրդը ևս ձևավորվել և գործում է կանոնադրական կոպտագույն խախտումներով

Yerkir.am-ը արդեն ներկայացրել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կանոնադրական երեք մարմինների՝ հոգաբարձուների խորհրդի, ռեկտորատի և ուսանողական խորհրդի կանոնադրական խախտումներով և օրենքից դուրս գործելու վերաբերյալ փաստեր: Այսօր կանդրադառնանք համալսարանի կյանքում կարևոր նշանակություն ունեցող մյուս մարմնի` գիտական խորհրդի ապօրինի ձևավորմանը: Համալսարանի կանոնադրության 45-րդ կետը սահմանում է, որ խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, դեպարտամենտների ղեկավարները, գիտական քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնի վարիչները, արհմիութենական կազմակերպության նախագահը, ուսանողական խորհրդի նախագահը, ինչպես նաև ռեկտորի նշանակմամբ կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարներ և համալսարանի առանձին դասախոսներ ու գիտաշխատողներ, հանրապետության գիտության առաջատար մասնագետներ, համալսարանի ուսանողության ներկայացուցիչներ: Ի պաշտոնե և ռեկտորի կողմից նշանակվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի թվակազմի 50 տոկոսը: Համալսարանի ուսանողության ներկայացուցիչների թիվը չի կարող պակաս լինել գիտական խորհրդի թվակազմի 25 տոկոսից: Այժմ ներկայացնենք համալսարանի գիտական խորհրդի հետ կապված ներկա իրավիճակը`

1. Գիտխորհրդի անդամների թիվը այժմ կազմում է 84: Գիտխորհրդի ի պաշտոնե անդամների թիվը պետք է լիներ 52 է: Գործող գիտխորհրդում այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները 6-ն են: Եթե չխախտվեր կանոնադրությունը, գիտական խորհրդի անդամների թիվ պետք է կազմեր առնվազն 116 (52+6)*2:

2. Կանոնադրության խախտմամբ՝ համալսարանի գիտական խորհրդի կազմում ընդգրկված չեն՝ ա) 4 ամբիոնի վարիչ, բ) ուսանողական խորհրդի նախագահը, գ) 3 կենտրոնի տնօրեն:

3. Ռեկտորի կողմից նշանակված 2 անդամ չպետք է լինեին խորհրդի կազմում՝ ա) Մ. Ղարագյոզյան - Մարքեթինգի և զարգացման բաժնի պետ, բաժինը լուծարված է, բաժնի պետը տարեսկզբին ազատվել է աշխատանքից, բ) Է. Գևորգյան - Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու, նման հաստիք համալսարանի հաստիքացուցակում առկա չէ:

4. Որպես հանրապետության գիտության առաջատար մասնագետներ խորհրդի կազմում ներկայացված են 6 անձ, որոնցից 4-ը աշխատում են նաև ագրարային համալսարանում՝ ա) Կ. Մինասյան – ներկայացված է որպես մասնավոր բիզնեսի ներկայացուցիչ, աշխատում է ռեկտորի խորհրդական բ) Դ. Պիպոյան – դասավանդում է համալսարանում գ) Զ. Մուրադյան – դասավանդում է համալսարանում դ) Դ. Սողոմոնյան – դասավանդում է համալսարանում։

5. Կանոնադրական խախտումներով գործող գիտական խորհրդում անգամ չի պահպանվել ուսանողների առնվազն 25 տոկոս ներկայացվածության սկզբունքը: Խորհրդի անդամ հանդիսացող 19 հոգին կազմում է 22,6 տոկոս: Ուսանողական գիտական ընկերության նախագահ հանդես եկող անձը 2021թ. փետրվարից հանդիսանում է համալսարանի հաստիքային աշխատող և չի կարող հանդես գալ որպես ուսանողության ներկայացուցիչ: Այսպիսով, ստացվում է, որ ագրարային համալսարանի գործող գիտական խորհուրդը ձևավորվել և գործում է համալսարանի կանոնադրության կոպտագույն խախտումներով: