կարևոր
2050 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-18 11:10
Հասարակություն

Տիկին Ժաննա, ագրարային համալսարանը հանգիստ կարող եք վերանվանել ագրարային քոլեջի

Տիկին Ժաննա, ագրարային համալսարանը հանգիստ կարող եք վերանվանել ագրարային քոլեջի

Երեկ, Ազգային Ժողովում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադառնալով պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ Ագրարային համալսարանի վերաբերյալ մտահոգություններին, արեց մի շատ կարևոր արտահայտություն, որը թերևս երեկվա լրատվական աղմուկի մեջ մնաց ստվերում: Մեջբերում ենք տիկին Ժաննայի խոսքը

«Բայց ես Ձեզ նաև մի բան պիտի ասեմ: Ագրարային ոլորտի մասնագետները միայն բուհական կրթությամբ չէ, որ պետք է լինեն: Եվ քոլեջային կրթության այն ցուցանիշները, որ ես նշեցի, 15000 ուսանողներ, որոնք ընդունվել են անցյալ տարի, և այստեղ էլ 50000 դրամ կրթաթոշակը գործում է նաև գյուղատնտեսության ուղղությամբ»:

Այս միտքը թերևս ցույց է տալիս կրթության այսօրվա կառավարիչների իրական վերաբերմունքը ագրարային համալսարանի և առհասարակ բարձրագույն գյուղատնտեսական կրթության նկատմամբ:

Տիկին Ժաննա, Գառնիկ Դանիելյանի հարցը վերաբերում էր Ագրարային համալսարանին: Իսկ Կրթության մասին ՀՀ օրենքը սահմանում , էր համալսարանը դա  բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, հասարակագիտական, գիտության և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղությունների բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը: Եթե կարդաք Ձեր ոլորտը կարգավորող կարևորագույն օրենքը, ապա կտեսնեք, որ Ձեր ասած քոլեջային կրթությունը համալսարանի հետ կապ չունի:

Ինչևէ, դուք, ձեր նախորդները՝ Արայիկ Հարությունյանը, Վահրամ Դումանյանը, համալսարանի նախկին ու ներկա ղեկավարները, մեկդարյա պատմություն ունեցող բուհը փաստացի դարձրել եք քոլեջ և, ոչինչ չի խանգարում ձեզ կառավարության առաջիկա նիստում հանդես գալ ագրարային համալսարանը Հայաստանի ազգային ագրարային քոլեջի վերանվանելու նախաձեռնությամբ: