կարևոր
22909 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-19 17:08
Մշակույթ

Մարդու և տեխնիկաների համակցված կյանքն ու նրանց փոխհարաբերությունները Վահրադ Մելիքջանյանի արվեստում

Մարդու և տեխնիկաների համակցված կյանքն ու նրանց փոխհարաբերությունները Վահրադ Մելիքջանյանի արվեստում

«Փյունիկ» զարգացման կենտրոնում տեղի է ունեցել «ՔՈԱՖ սմարթ» կենտրոնի թվային նկարչության ծրագրավար, ժամանակակից նկարիչ Վահրադ Մելիքջանյանի նկարների ցուցադրության առաջին անհատական ցուցահանդեսը։ Yerkir.am-ը նկարների ստեղծման, ժամանակակից արվեստում այն ներկայացնելու իր ուրույն ձիրքի վերաբերյալ զրուցել է նկարչի հետ:

-Պարո՛ն Մելիքջանյան, որտե՞ղ եք սովորել նկարել, ի՞նչ ժանր եք օգտագործում ստեղծագործելիս, ո՞րն է նկարելու ձեր թեման։

-Սովորել եմ Վանաձորի կերպարվեստի ինստիտուտի գծանկար-գունանկար բաժինը, որոշ ժամանակ անց եկել եմ Երևան, հետո փորձել եմ մի փոքր երաժշտության մեջ խորանալ, բայց էլի վերադարձել եմ  նկարելու ստեղծագործական ասպարեզին։ Իմ արվեստը կոնցեպտուալ է, ժանրն ինքնին բնորոշվում է այսպես. գաղափարն ավելի կարևոր է, քան կատարողական ձևը, իսկ դա, երևի մի փոքր նեոէքսպրեսիոնիզմից եմ վերցրել (ժամանակակից կերպարվեստի ուղղություն), որը մինիմալիստական ճանապարհով ինֆորմացիան տեղ հասցնելու ձև է։ Գաղափարներում գերակշռում են տեխնոլոգիական թեմաները, օրինակ՝ մարդու և տեխնիկաների համակցված կյանքը, նրանց փոխհարաբերություններն ու դրանից բխող վտանգները, անտիուտոպիստական թեմաները, դրանցով փորձում եմ տարբեր իրականություններ իրար կապել, և համադրել ստեղծագործություններումս։

-Ձեր նկարների վրա արված գրառումներ կան, ինչու՞ եք այդ մեթոդը կիրառում ձեր արվեստում։

-Այդ  գրառումները կարող եմ վերցնել, օրինակ, հենց իմ կամ ընկերներիս արտահայտած մտքերից, գրքերից կամ ֆիլմերից փողոցում պատին ինչ-որ բան կարդալուց, ավտոտնակների վրա ինչ-որ հետաքրքիր բաներ նկատելուց, այնուհետև, դրանք փորձում եմ կապել նկարներիս հետ, չնայած, հաճախ այդ ամենը կարող է նաև դեկորատիվ բնույթ կրել, նայած, թե նկարին ինչ լուծում է տրված։

- Ընդհանուր առմամբ քանի՞ աշխատանք ունեք, քանի՞ ցուցահանդես եք ունեցել, եւ  ցուցահանդեսում դրանցից քանի՞սն են ներկայացված եղել։

- Սա առաջին անհատական ցուցահանդեսն է Երևանում, ցուցահանդեներ ունեցել եմ  Վանաձորում և Գյումրիում,  ընդհանուր ունեմ  70-ից ավելի տարբեր ժանրերում  նկարված աշխատանքներ, որոնք ներառում են գրաֆիկ աշխատանքներ, երկաթից քանդակներ, իսկ ցուցասրահում  ներկայացված է 18 աշխատանք։

-Ինչպե՞ս եք սկսում ստեղծագործել, արդյոք կա՞ որեւէ աշխատանք, որը կառանձնացնեք ձեր նկարներից։  

-Կոնցեպտուալ ժանրի միտքն այն է, որ ստեղծվող նկարը խմորվում է գլխումդ, այսինքն դրա տևողությունը հստակ ժամանակահատված չունի։ Միշտ վերջին նկարած աշխատանքն է, որի հետ նկարչի կապն ավելի շատ է լինում, իսկ իմ վերջին աշխատանքը  նկարել եմ ցուցահանդեսից մի օր առաջ (ծիծաղում է )։

-Ո՞վ կամ ի՞նչն է ձեզ ոգեշնչում արվեստում ։

-Կոնկրետ մեկը կամ մի քանիսը չեն, դա կարող է լինել թե՛ մարդ, թե՛ արտիստ, թե՛ որևէ անիմացիոն ֆիլմ կամ որևէ երևույթ։ Ինձ վրա միանշանակ տպավորություն են գործում շատ մեծանուն նկարիչներ, նաև երաժշտությունը, օրինակ, կարծում եմ, ռոքը: Լավ երաժշտություն պետք է միշտ փնտրել, իսկ դրանց թողած մոտիվացիան օգտագործել սեփական ստեղծագործություններում։
 

Անժելա Սեդրակյան