Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանը: Նրա կարծիքով` այն դադարը, որը կար ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցում, կապ չուներ Հայաստանի հետ, այլ կապ ուներ Ռուսաստան-Բելառուս հարաբերությունների հետ. Բելառուսը միշտ օգտագործում է ամեն հնարավորություն` իր քաղաքական շահերն առաջ տանելու համար, պրոցեսն ուղեկցվում է սկանդալով, և երբ Բելառուսը հասնում է իր շահերի բավարարմանը, շարունակում է Ռուսաստանի հետ հանգիստ հարաբերությունները` մինչև հաջորդ սկանդալը:
«Չեմ կարծում, թե Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մեծ նշանակություն կունենա Հայաստանի համար, որովհետև ՀԱՊԿ-ում փոխհարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանավորված չեն անձերով: Կգա ժամանակ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Բելառուսի, Ղրղզստանի կամ Տաջիկստանի ներկայացուցիչ, և դա որևէ կերպ չի կարող որևէ իրավիճակ փոխել»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Խաչատուրովի նշանակմամբ ՀԱՊԿ-ում ավելի խորանա Բելառուսի ու Ղազախստանի կողմից հայանպաստ որոշումների կայացմանն ընդդիմանալու պրոցեսը, նա պատասխանեց, որ ցանկացած միություն իրենից ներկայացնում է ոչ միայն փոխհարաբերվելու տարածք, այլև` հակասությունների ու տարաձայնությունների: Այդպես է իրավիճակը նաև ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում: ՀԱՊԿ-ը ևս իրենից ներկայացնում է տարաձայնությունների տարածք. այստեղ անդամ պետություններն ունեն ամենատարբեր շահեր ու խնդիրներ, և Տաջիկստանին ու Ղրղզստանին կարող է չհետաքրքրել անվտանգության այն մակարդակը, որին ձգտում է Հայաստանը` Արցախի հակամարտության համատեքստում: Բելառուսին, առհասարակ, որևէ պետության ռազմական վիճակը չի հետաքրքրում, սակայն այդ պետությունը պարտավոր է հաշվի նստել այդ հակասությունների ու շահերի բախման հետ: Այնպես որ, ըստ Իսկանդարյանի, այդ ամենը հնարավոր չէ փոխել մեկ անձի նշանակումով: