կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-17 12:32
Մշակույթ

Երեխաների կյանքն այն ընթացքում, երբ նրանց մայրը կալանավայրում է

Երեխաների կյանքն այն ընթացքում, երբ նրանց մայրը կալանավայրում է

Ինչպե՞ս են երեխաները գոյատևում դժվար պայմաններում. այս միտքն էլ կինոռեժիսոր Ալեքսանդր Նանաուին դրդել վավերագրական ֆիլմն նկարահանել երեխաների մասին: Նանաուի «Տոտոն և նրա քույրերը» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային վավերագրական մրցույթ» ծրագրում:

Ռեժիսորը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆիլմի հերոս երեխաները ստիպված են գոյատևել Բուխարեստի արվարձաններից մեկում, քանի դեռ նրանց մայրն ազատազրկված է: «Ուզում էի հասկանալ, թե ինչպիսի՞ն է երեխայի հոգեբանությունը, երբ նա հայտնվում է վատ պայմաններում, ինչպես նաև այն, թե ինչպե՞ս է միջավայրն ազդում մարդկանց հետ: Կարևոր էր հասկանալ` մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք շրջապատի՞ շնորհիվ, թե՞...»,- ասաց Նանաուն:

Նա նշեց նաև, որ իր համար ամենևին էլ դժվար չի եղել աշխատել երեխաների հետ, քանի որ նրանք շատ խելացի են եղել: Ավելին` ֆիլմի գլխավոր հերոսի` Տոտոյի հետ ռեժիսորն ընկերացել է, և առաջիկայում միասին էլ մեկնելու են Իտալիա և Ֆրանսիա` փառատոների մասնակցելու:

Ռեժիսորը կարծում է, որ մեզնից յուրաքանչյուրը ծնվում է որպես անհատականություն, և եթե ինչ-որ մեկը չի խանգարում` մենք ձևավորվում ենք որպես անհատականություն: «Կարևոր է` ինչ մարդկանց ես հանդիպում քո ճանապարհին, ինչ-որ մեկը ձե՞ռք է մեկնում քեզ, որքանո՞վ ես միջավայրի հետ հարաբերվում ու կարողանում անկախ մնալ: Սրանք հարցեր են, որոնց փորձել եմ ֆիլմի միջոցով պատասխանել»,- ասաց նա:

Ի դեպ, Նանաուն 2010-ին նույնպես մասնակցել էր «Ոսկե ծիրան»-ին, և նրա «Աշխարհը` ըստ Իոն Բ-ի»-ի ֆիլմը ստացել էր մրցանակ: