Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ստեղծած «Մենք ենք Գյումրին» հանձնախումբը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին նշվել է Գյումրու «Շիրվանյան» երիտասարդական կենտրոնի հիմնադրման 8-րդ տարեդարձը։
Կենտրոնի վարիչն է Սյուզաննա Խոստանյանը: Տոնակատարության ընթացքում ելույթ ունեցողները ուշադրության արժանացրին կենտրոնի ձեռնարկները և ապագա քայլերը։
«Շիրվանյան» երիտասարդական կենտրոնը սկսել է գործել հանգուցյալ տեր և տիկին Հակոբ և Մինա Շիրվանյանների աջակցության շնորհիվ, 1988 թ. երկրաշարժից վնասված այդ կառույցի մեջ իրականացված շինարարական աշխատանքներն ամբողջացնելուց հետո։ Այդ թվականից ի վեր, «Մենք ենք Գյումրին» հանձնախումբը կենտրոնը վերածել է այդ շրջանի պատանիների և երիտասարդների համար աշխույժ գործունեության վայրի՝ կազմակերպելով անգլերենի, ռուսերենի, համակարգչային գիտելիքների, երաժշտության, շախմատի և պարի դասընթացքներ։ Այն դարձել է մշակութային, կրթական և ընկերային վայր՝ նպաստելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սերտացմանը:
Կենտրոնի հաջողության կարևոր մասնիկը հանդիսանում է Մինա Շիրվանյանի անվան կրթանպաստների հիմնադրամը, որն հնարավորություն է տալիս Գյումրու երիտասարդներին՝ իրենց բարձրագույն ուսումը շարունակելու հայրենիքում, որպեսզի նրանք ապագայում գործնական մասնակցություն ունենան Գյումրու վերականգնման աշխատանքներին: Կրթանպաստ ստացող ուսանողները սովորաբար կամավոր սպասարկություններ են մատուցում «Շիրվանյան» երիտասարդական կենտրոնին:
Տոնակատարությանը զուգահեռ, կենտրոնը նաև հուլիսի 16-ից օգոստոսի 10-ը հյուրընկալում է ավանդական դարձած ամառային ճամբարներ 6-ից 16 տարեկան պատանիների համար, որն այս տարի կրում է «Ամարաս» ընդհանուր խորագիրը։
Այս առիթով, «Մենք ենք Գյումրին» հանձնախումբը համայնքին կոչ է անում աջակցելու իր գործունեությանը, նվիրատվություններ կատարելով կայքի միջոցով։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել կայքէջ։