կարևոր
5659 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-20 18:16
Քաղաքական

Շարժումն անպայման հաջողություն կունենա. Գյումրիի Շիրվանյան կենտրոնում տեղի է ունեցել քննարկում

Շարժումն անպայման հաջողություն կունենա. Գյումրիի Շիրվանյան կենտրոնում տեղի է ունեցել քննարկում

Մայիսի 17-ին Գյումրու Շիրվանյան երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդական քննարկում երկրի ներկա իրավիճակի մասին։ Հանդիպմանը ներկա էին քաղաքի տարբեր բուհերի ուսանողներ, երկրի դրությամբ մտահոգված երիտասարդներ եւ մտավորականներ։

Կազմակերպիչների խոսքով՝ այս պահին նոր թափ է ստանում Տավուշը հանուն հայրենիքի նախաձեռնության կողմից սկսված «Սրբազան պայքարը» և շատ կարևոր է հայրաքաղաքի երիտասարդության հետ հանրային քննարկում իրականացնել՝ վեր հանելու իրավիճակով պայմանավորված նրանց մտահոգություններն ու դրանց հնարավոր լուծումները։

Մասնակիցներն արտահայտեցին իրենց մտահոգությունները, մասնավորապես, բոլորը դեմ արտահայտվեցին ներկա իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությանը։ Նրանցից մի քանիսը պնդեցին, որ ներկա իշխանությունների թեթեւ ձեռքով երկրի պաշտպանական, հանրային կառավարման ու նաև կրթական համակարգը հայտնվել է ծայրաստիճան վատ վիճակում։

Ուսանողները փոխանցեցին, որ դասադուլի ակցիաներ իրականացնելու համար շատ դեպքերում դասախոսների կողմից ճնշվում են կամ վատ վերաբերմունքի արժանանում։ Դասախոսներ կան, որ հիասթափեցնում են՝ նշելով, որ պայքարը լավ ավարտ չի ունենալու։ Երիտասարդների մի մասն էլ մտահոգված է կազմակերպվող ակցիաներին Գյումրիի երիտասարդության քիչ մասնակցությամբ, բայց, նրանց խոսքով, շատերն են դժգոհ իշխանություններից և օր-օրի պայքարին միացողների թիվն ավելանում է։

Քննարկմանը հնչեցին դրական արձագանքներ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած շարժման վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները նշեցին, որ սա նախադեպը չունեցող շարժում է Հայաստանի համար: Նրանք հավատում են, որ արդյունք անպայման կլինի։ Միտք հնչեց նաև, որ պետք է երիտասարդների լայն շրջանակներին մանրամասն բացատրել երկրում տիրող իրավիճակը, հիշեցնել Արցախի հանդեպ իշխանությունների դավաճանությունը, դրա տրամաբանական կապը Տավուշի ճգնաժամի և պլանավորված հետագա զիջումների միջեւ։ Մասնակիցները հստակ գիտակցում էին, որ լռելու դեպքում հաջորդը Սյունիքն է լինելու։

Հանդիպումն ամփոփեց երիտասարդական կենտրոնի պատասխանատու Սուսաննա Խոցանյանը: Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին բովանդակալից հանդիպման համար և հաջողություն մաղթելով սկսված հայրենանվեր պայքարին՝ նա հիշեցրեց, որ Շիրվանյան երիտասարդական կենտրոն մուտք գործող ամեն պատանի ու երիտասարդ հայրենասեր լինելուց բացի մեծ պատասխանատվություն ունի լինելու նաև հայրենատեր և ազգասեր հայի օրինակ։

Ելենա Հովհաննիսյան