կարևոր
4753 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-04 15:44
Հասարակություն

Եռօրյա «Աշնանային կոնֆերանս» Գյումրիի Շիրվանյան երիտասարդական կենտրոնում

Եռօրյա «Աշնանային կոնֆերանս» Գյումրիի Շիրվանյան երիտասարդական կենտրոնում

Հոկտեմբերի 26-28-ը՝ ՀՅԴ Հայաստանի պատանեկան միության և Շիրվանյան երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ Գյումրիում տեղի ունեցավ եռօրյա աշնանային կոնֆերանս ՀՅԴ Հայաստանի պատանեկան միության Գյումրու պատանիների և համակիրների համար։

Կոնֆերանսի շրջանակում պատանիներն ունեցան հանդիպումներ տարբեր բնագավառների խոսնակների հետ։ Առաջին օրը մասնակիցների հետ զրույց-քննարկում ունեցան ՀՀ Աժ պատգամավոր Ասպրամ Կրպեյանն ու Արցախյան պատերազմների մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի անդամ Տիգրան Չամաքյանը։ Քննարկման հիմնական թեման՝ «Հայաստան, Արցախ, Սփյուռք»։

Երկրորդ օրը Հայաստանի պատանեկան միության անդամները հանդիպում ունեցան «Մինա Շիրվանյան» անվանական կրթաթոշակի նախկին շահառուներ Սեդա Գյոդակյանի, Մարինե Նիկողոսյանի և Լևոն Բեժանյանի հետ։ Խմբային աշխատանքների, դասախոսությունների և խաղերի միջոցով մասնակիցներն հասկացան, թե ի՞նչ է մոտիվացիան, անդրադարձան հայոց պատմության նորագույն շրջանին՝ մասնավորապես երրորդ հանրապետության ձևավորումից մինչև մեր օրեր, ունեցան քննարկում «Ի՞նչ է հայրենիքը» թեմայով։ Պատանիները գործնական աշխատանքների ու զեկույցների միջոցով ներկայացրեցինք իրենց պատկերացրած հայրենիքն ու այն քայլերը, որոնց շնորհիվ կհասնեն ուժեղ, հզոր ու միացյալ Հայաստանին։

Հոկտեմբերի 28-ին՝ կոնֆերանսի վերջին օրը, մասնակիցները դիտեցին «Կամավորները» ֆիլմը, որտեղ ներկայացվում է Արցախյան երեք պատերազմների, դաշնակցական կամավորների և «Շուշիի առանձնակի գումարտակի» մասին, զրույց-քննարկում ունեցան «Մեր հերոսները» թեմայով։ Մասնակցեցին հայագիտական թեմայով խաղ-մրցույթին։ Եռօրյա ծրագրի ավարտին պատանիները ստացան հավաստագրեր, որոնք փաստում են իրենց ակտիվ մասնակցությունն աշնանային կոնֆերանսում։