կարևոր
3172 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-26 10:47
Հասարակություն

Ի՞նչ էական է, թե վկան ինչ կասի, եթե կա տեսանյութ․ «Հրապարակ»

Ի՞նչ էական է, թե վկան ինչ կասի, եթե կա տեսանյութ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ամեն ամիս քաղբանտարկյալների թիվն ավելանում է: Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարություններով հանդես գան, դրանից ավտորիտար ռեժիմի բնույթը չի փոխվում: Բագրատ սրբազանի շարժման օրերին տասնյակներով քաղաքացիներ են կալանավորվել: Նրանց մի մասին մի քանի ժամ պահելուց հետո բաց էին թողնում, մյուսների նկատմամբ քրեական գործեր էին հարուցում, կան նաեւ կալանավորվածներ:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ կալանավորվածների թիվը 15-ն է: Նրանցից մի քանիսի հետ տեսակցություններն անգամ դատարանն արգելել է։ «Կոնկրետ այսօր քննվելու է մայիսի 31-ին կալանավորված երկու անձանց հարցը, չեմ բացառում, որ կարող է փոխվել խափանման միջոցը: 15 կալանք ասվածը բացառապես վերաբերում է հենց բուն կալանավորվածներին, տնային կալանքում գտնվողների քանակն այլ է: Երբ խոսքը նույն քրեական վարույթին է վերաբերում, սովորաբար մոտեցումը նույնական է լինում: Միայն մայիսի 31-ին կալանավորված երեք անձանցից երկուսի տեսակցությունը բաց է, մյուսինն արգելված է: Սա արտաքին գործերի նախարարության մոտ տեղի ունեցած միջադեպի գործն է, ինչ վերաբերում է հունիսի 12-ի դեպքերին, ապա դրա շրջանակներում կալանավորված անձանց տեսակցությունները բաց են»,- ասաց իրավապաշտպանը: 

Իսկ ի՞նչ հիմքով են արգելում տեսակցությունները։ «Տեսակցությունների արգելքն ունի հետեւյալ կարգավորումը. եթե քննչական մարմինը տեսնում է հիմքեր, օրինակ` երբ տեսնում են վարույթի նկատմամբ ազդեցություն գործադրելու ռիսկեր, ասենք` ապացույցներ վերացնել եւ այլն: Միայն այդ դեպքում կարող է դատարանը նման միջնորդություն ներկայացնել: Ես բացառում եմ, որ այս պարագայում անձինք կարող են ազդել գործի վրա, մի պարզ պատճառով: Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մարդիկ ակնհայտ քաղաքական հետապնդման են ենթարկվում: Ի՞նչ էական է այս պարագայում, թե վկան ինչ կարող է ասել, եթե կա տեսանյութ»,- նշեց Մելիքյանը: 

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մի քանի հանրահավաքներ իրականացրեց` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ տեղադրեցին Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվեց բախումներով` ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, ինչի հետեւանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն քրեական վարույթներ նախաձեռնեց»։