Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օ՜, սքանչելի, երջանկության օվկիանոսի մեջ կլողանք մենք Լիլիթ Մակունցի Վաշինգտոն գալով՝ Yerkir.am-ի հետ հարցազրուցում ասաց հրապարակախոս, վերլուծաբան, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ Վաչե Բրուտյանը՝ խոսելով ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպանի գործունեությունից հայ համայնքի բավարարվածության մասին։
«Ներեցեք, սա անլրջության գագաթնակետն է․ պետք է հաստատեմ, որ Հայաստանի անկախացումից հետո, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման օրոք, Հայաստանի իշխանությունները շատ մեծ լրջությամբ էին մոտենում Վաշինգտոնում Հայաստանի դեսպանի նշանակմանը։ Առաջին դեսպանը Ռուբեն Շուգարյանն էր։ Ռուբեն Շուգարյանի քաղաքական հայացքների հետ հնարավոր էին տարակարծություններ, բայց Ռուբեն Շուգարյանն առնվազն գիտեր, թե ինքն ինչո՞ւ է այնտեղ․ որպեսզի հետապնդի Հայաստանի Հանրապետության շահերը։ Եվ Ռուբեն Շուգարյանի հետ տարակարծիք լինելով հանդերձ՝ մենք Ռուբեն Շուգարյանի հետ խոսակից էինք։ Նաև նրան հաջորդած մյուս բոլոր հայ դեսպանների հետ, որոնք նաև դիվանագիտական փորձ ունեին, և հասկանում էին, թե որն է Միացյալ Նահանգների դերակատարությունը մեր տարածաշրջանում, և թե ինչպես կարելի է Հայաստանի շահերը հետապնդել Վաշինգտոնում, և թե ինչպես կարելի է ամերիկահայ գաղութի ներուժն օգտագործել ի նպաստ Հայաստանի Հանրապետության շահերի»,-ասաց Վաչե Բրուտյանը։
Համակարգված էր աշխատանքը՝ վստահեցրեց նա, որովհետև շատ բան կա, որ դեսպանատունը կարող է անել արտասահմանում, որը համայնքը չի կարող անել, բայց բաներ կան, որ դեսպանատունը չի կարող անել և համայնքը իր կառույցներով կարող է անել։
«Ամերիկահայ գաղութի կարևոր օղակների, հատկապես Վաշինգտոնում գործող ՀՅԴ Հայ դատի գրասենյակի և դեսպանատան միջև այս փոխըմբռնումը յուղած մեքենայի տպավորություն էր թողնում։ Շատ հաճախ իրար աչքերի մեջ նայելով հասկանում էինք, թե որտեղ ինչ մենք պետք է անենք, որտեղ ինչ՝ դեսպանատունը։ Հիմա այս պատմության մեջ բեմ է մտնում Լիլիթ Մակունցը։ Եվ նախքան իր նշանակվելն ասում է՝ ես լավ անգլերեն գիտեմ։ Բայց, սիրելիս, մենք քեզ չենք նշանակել անգլերենի ուսուցիչ որևէ դպրոցում, դու այդ երկրում Հայաստանի քաղաքական, դիվանագիտական ներկայացուցիչն ես։ Դե ոչինչ, ասում է, ժամանակի ընթացքում փորձառությունը կգա․ նման թեթևսոլիկ, նման անլուջ մարդկանցով է կառավարվում ոչ միայն Հայաստանիի ներքին քաղաքականությունը, այլ նաև արտաքին քաղաքականությունը»,-ասաց Վաչե Բրուտյանը։
Նա վստահ է, որ ՀՀ իշխանությունների այս բոլոր քայլերը, գիտությամբ թե անգիտությամբ, Հայաստանի պետականության հիմքերն են փորում, որովհետև չկա միաձույլ, միակտոր քաղաքական վարքագիծ, մտածողություն, ներքին տրամաբանություն, որի հիման վրա պիտի Հայաստանը առաջ տանի իր արտաքին քաղաքականությունը։
Այս իշխանությունների օրոք մոդա է դարձել անտեր-անգլուխ իրավիճակը՝ նշեց Վաչե Բրուտյանը։
«Վարչապետը հայտարարություն էր անում, հաջորդ օրն արտաքի գործերի նախարարն ուրիշ հայտարարություն էր անում, որն էապես հակասում էր վարչապետի հայտարարությանը։ Նման երևույթները շատ են։ Եվ այս հանգամանքները նվազեցնում են մեր արտաքին խոսակիցների վստահությունը մեր պետության նկատմամբ, մեզ լուրջ չեն վերաբերվում»,-վստահեցրեց Վաչե Բրուտյանը։
Իմքայլական պատգամավորի սկսած դիսկուրսը՝ իբր Արցախի հարցն առանձին է Հայաստանինն՝ առանձին, նա արհեստական է համարում։ Ընդգծում է՝ Արցախն անվիճելիորեն հայոց հայրենիքի մաս է կազում, ու վերջ։ Ավելին, Արցախը հայկական պետականության համար հանդիսանում է այն ռազմավարական շատ կարևոր ազդակը, որը կարող է երաշխավորել հայոց պետականության ապագան այս գազանանոցի նմանվող տարածաշրջանում։
Վաչե Բրուտյանը դավաճան է համարում ոչ միայն այս հայտարարությունն արած պատգամավորին, այլև բոլոր նրանց, ովքեր այս քաղաքական գծի հետևորդներն են՝ ամբողջ ՔՊ-ին՝ վարչապետ կոչվածից սկսած մինչև ամենահետին իրենց հետևորդը։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը տեսանյութով․