կարևոր
2791 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-13 11:12
Քաղաքական

Ոստիկանությունը պարտավոր է ապահովել լրատվամիջոցների գործունեության անվտանգությունը, առավել ևս՝ բողոքի ցույցերի ժամանակ․ Սևակ Հակոբյան

Ոստիկանությունը պարտավոր է ապահովել լրատվամիջոցների գործունեության անվտանգությունը, առավել ևս՝ բողոքի ցույցերի ժամանակ․ Սևակ Հակոբյան

Այսօրվա դեպքերի կապակցութամբ ոստիկանության ղեկավարությունը ինչքան էլ վկայակոչի օրենք-օրինականություն-պետությունը, եկեք հասկանանք՝ ինչով են իրենք զբաղված։ 

Եթե երկրում տեղի է ունենում որևէ բողոքի ցույց, անկախ նրանից՝ հայտարարված է, թե ոչ, եթե հավաքվել են 100-ից ավելի մարդիկ ու արտահայտում են բողոք, ոստիկանության անելիքն է պահպանել հասարակական կարգը, այդ թվում քաղաքացիների, այդ թվում՝ ցուցարար քաղաքացիների անվտանգությունը։ Ոստիկանությունն իրավունք չունի տարբերակել բողոքավոր ու մյուս քաղաքացիներին ու ասի՝ բողոքողների անվտանգությունը հեչ, ես պաշտպանում եմ շենքի ներսում գտնվողներին, այն էլ՝ նրանց մի մասին։ 

Էսօրվա ոստիկանությունը զենք-զրահով եկել էր պահպանելու ԱԺ բնականոն աշխատանքը բողոքի ցույց անող քաղաքացիներից։ Որքանով որ ապահովում էր նիստի բնականոն ընթացքը, նույն պատասխանատվությամբ պարտավոր էր պաշտպանել բողոքի ցույց անող քաղաքացիների անվտանգությունը, իհարկե նաև կարգուկանոնը։ 

Դրա փոխարեն, ոստիկանությունը թույլ տվեց, որ սադրանքներ լինեն ու ինչպես տեսանք տեսանյութերից՝ հենց ոստիկանության շարքերից։ Բազմաթիվ են տեսախցիկների արձանագրած դեպքերը, որ ոստիկանության շարքերից, պատնեշների հետևից շշեր ու այլ իրեր էին նետում ցուցարարների կողմ։ Ցուցարարները միգուցե զայրացած էին, վանկարկում-բղավում էին, բայց, այնուամենայնիվ, խաղաղ կանգնած էին։ 

Մեկ այլ ու շատ կարևոր թեմա է լրագրողների անվտանգությունը։ Ինչպես որ ոստիկանությունն ապահովում է Ազգային ժողովի նիստի բնականոն աշխատանքը, նույնկերպ պետք է բողոքի ցույցերի ընթացքում ապահովի լրագրողների բնականոն աշխատանքը՝ ցանկացած բան լուսաբանելիս։ Լրագրողը էդտեղ ո՛չ իշխանական է, ո՛չ ընդդիմադիր է, ո՛չ ցուցարար, ո՛չ պետպաշտոնյա, որին 10 հոգով պահում են, ինչպես էսօր տեսանք  Անդրանիկ Քոչարյանի դեպքում։ Ոստիկանությունը պարտավոր է պաշտպանել լրատվամիջոցների ու լրագրողների անվտանգությունը, բնականոն ու պաշտպանված աշխատանքը, առավել ևս՝ բողոքի ցույցի ժամանակ։ Միգուցե դա անեին զրահաբաճկոններով, վահաններով, սաղավարտներով կանգնած ոստիկանների օգնությամբ՝ իրենք գիտեն դա ոնց են անում: Չգիտեմ՝ հազար ու մի տարբերակ ունեն։ 

Դրա փոխարեն, ոստիկանությունը հերիք չէ խաղաղ ցուցարարների մեջ, չգիտես ինչու, լուսաձայնային նռնակներ է նետում, դրանցից մեկն էլ հատուկ ու թիրախավորված գցում է իրենց աշխատանքը կատարող լրատվամիջոցների աշխատակիցների ոտքերի տակ, երևի կամ որպեսզի նրանք էլ շարքից դուրս գան։ 

Այս հարցերի պատասխաններն ակնկալում եմ, որ մոտ օրերս բոլոր լրատվամիջոցներս պետք է տանք բարձրաստիճան ոստիկանական պաշտոնյայի։ Պետք է հարցնենք, թե դրանք ովէքեր էին, ում ցուցումով և հրամանով էին գործում։ Ու ինչպես է ստացվում, որ երկրի ղեկավարը հերիք չէ՝ չի դատապարտում, հլը մի հատ էլ քաջալերում է Աժ ամբիոնից, որ պարգևատրելու է, կանաչ լույս վառելով ցանկացած գործողության, որը բացառապես ու իր շահերից է:

Հիմա դուք իրոք ոստիկանությո՞ւն եք, թե՞ վարձած բանդա մեր երկրում, թեկուզ՝ իշխող քաղաքական միավորի կողմից։

 

Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր