կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-14 19:09
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարտավոր ենք ազատագրել Շուշին, Հադրութը, ամբողջ Արցախը, պարտավոր ենք կռիվը շարունակել և հաղթել․ Հրանտ Մարգարյան

Թշնամուն բարեկամություն քարոզող ուժը սեփական ժողովրդին սպառնում է վրեժխնդրությամբ՝ ասֆալտին փռելով, պատերին ծեփելով, ծնոտին հարվածելով, թաթիկները կտրելով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ խորհրդի նախագահ Հրանտ Մարգարյանը «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի նահատակների պարգևատրման արարողությանը։

Իր ելույթում նա նշեց, որ ընդդիմության մակարդակում հետապնդվող արդյունքները չիրականացան․ դեռ սեպտեմբերի 27-ին ազգային ընդդիմադիր ուժերը միասնաբար հայտարարեցին, որ մի կողմ են դնում ներքին տարաձայնություններն ու խնդիրները ու պատրաստ են միասնաբար դիմագրավել սկսված պատերազմին՝ հակառակ այն բանի, որ պատերազմի առաջին օրերից իշխանության կողմից հատուկ ճիգ գործադրվեց ամենուր դավադիր ուժեր հայտնաբերելու, սակայն դա իրենց չհաջողվեց, որովհետև չկային այդ ուժերը։

«Հայոց բանակը՝ հակառակ որ անցած տասնամյակում հարվածների ու վարկաբեկումի թիրախ էր դարձել, ուներ անձնակազմի ու սպառազինության պակաս, սակայն պատերազմում կարողացավ ապացուցել, որ պայքարի ոգին բարձր է և գնահատականի արժանի։ Վկա՝ առաջնագծում սպայական բոլոր կազմերից հարյուրավոր զոհերի և վիրավորների փաստը․ մնացածը քաղաքական իշխանության գործած ավերն է»,-փաստեց Հրանտ Մարգարյանը։

Հակառակ դեպքում, նրա համար անհասկանալի է, պատերազմի պատրաստվող ուժը ինչպե՞ս կարող է իր բանակի դեմ պայքարի դուրս գալ․ պետք է կարողանար դաշնակիցներ ստեղծել, իսկ մենք ականատես եղանք բոլոր ուղղություններով ձախողումների։

«Այսօր ունենք իշխանություն, որ արտաքին ճակատում զիջող է, անձնատուր եղող, չոքող, ստորացող, իսկ ներքին ճակատում հոխորտացող, բռնացող, հալածող, պառակտող, դաժան։ Թշնամուն բարեկամություն քարոզող ուժը սեփական ժողովրդին սպառնում է վրեժխնդրությամբ՝ ասֆալտին փռելով, պատերին ծեփելով, ծնկի բերելով, ծնոտին հարվածելով, թաթիկները կտրելով։ Բայց գիտենք, որ մարդ որքան վախկոտ է ու ոչ ինքնավստահ, այդքան փորձում է դաժան երևալ»,-ասաց նա։

Հրանտ Մարգարյանը նշեց, որ եթե ուզում ենք ազատ Արցախ, ինքնիշխան Հայաստան, արժանապատիվ կյանք, ապա պետք է կործանենք այս իշխանությունը և վե՛րջ, այլ ելք չկա։

«Դա են պահանջում մեր նահատակ ընկերները, նրանց հարազատները, պարտավոր ենք ապահովել արդյունք, ազատագրել Շուշին, Հադրութը, ամբողջ Արցախը, պարտավոր ենք կռիվը շարունակել և հաղթել»,-ասաց Հրանտ Մարգարյանը։

Նա վստահություն հայտնեց, որ շատ շուտով ապրելու ենք առանց Նիկոլ Հայաստանում, և սկսվելու է գործի ժամանակը, որովհետև անցած-գնացած մեր անկախության և ազատության ճանապարհի յուրաքանչյուր պահը պետք է դաս լինի մեզ համար, որ այլևս նույն սխալները չգործենք, սխալ չգործենք։

«Ի գո՛րծ։ Ոչ ոք իրավունք չունի համակերպվել պարտության հետ, կռիվը շարունակվում է, այն չի ավարտվել»,-ասաց Հրանտ Մարգարյանը։

Նշենք, որ Հ. Պարոնյանի անվան թատրոնում տեղի ունեցավ ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ի Գումարտակի նահատակների պարգևատրման արարողությունը: Արցախի համար մղված մարտերում հերոսաբար զոհված գումարտակի  28 նահատակներից հինգը հետմահու պարգևատրվեցին Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով, մյուսները՝  «Արիության համար» մեդալով: Պարգևները հանձնեց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: Ցուցադրվեց նաև  գումարտակի մարտական ուղուն նվիրված «Կամավորները» փաստագրական ֆիլմը:

Մինչ այդ Հրանտ Մարգարյանն ասել էր, որ հարցը երբեք Նիկոլը չէ, այլ ՀՀՇ-իզմը և լևոնիզմը, կան ուժեր, որոնք փորձում են զոհելով Նիկոլին՝ փրկել նիկոլիզմը։

Մանրամասն՝ տեսանյութում․