Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ-ում թափ հավաքող շարժման շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների շարքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն երեկ հանդիպել է Արցախի քաղաքական ղեկավարության ու արցախցիների հետ և ներկայացրել առաջիկա անելիքները, խոսել շարժման բովանդակության և ընթացքի մասին:
Փաստենք, որ 2023 թ. սեպտեմբերից ի վեր, երբ Փաշինյանի իշխանության դավաճանական քայլերի արդյունքում Արցախի Հանրապետության օրինական իշխանությունը դարձավ վտարանդի, գործնականում առաջին անգամ էր Արցախի ղեկավարությունն այդպիսի կուռ կազմով ընդունելության արժանանում Հայաստանի Հանրապետությունում: Վերջին ութ ամիսների ընթացքում Արցախի ղեկավար կազմը, սկսած նախագահից, ԱԺ նախագահությունից, պատգամավորներից, մինչև նախարարներ, վարչակազմերի ղեկավարներ ու այլևայլ պաշտոնյաներ, ուղղակի արհամարհվել են Փաշինյանի իշխանության կողմից, մերժվել, և պետական բոլոր պատկան օղակներին խիստ հրահանգ է եղել չհանդիպել իրենց արցախցի գործընկերների հետ: Այսինքն, Արցախն Ադրբեջան համարող Փաշինյանի խմբակը, Ալիևի հետ թև-թևի տված, իսպառ մերժել է նաև Արցախի Հանրապետության գոյությունն ընդհանրապես:
Հավելենք նաև, որ Բագրատ Սրբազանը հանդիպմանը չափազանց կարևոր ուղերձներ է հնչեցրել Արցախի հարցի մասին՝ հայտարարելով ու հաստատելով, որ չպետք է Արցախի հարցը առանձնակի դիտարկել հայկական հարցից, քանզի Արցախի հարցը հենց Հայոց ցեղասպանության հետևանքով և նույնիսկ դրանից առաջ ձևավորված խնդիր է: Ըստ այդմ՝ Արցախի հարցը պետք է դառնա հայրենական խնդիր:
Բագրատ Սրբազանի այս հայեցակարգային և ճշմարտացի մոտեցումը, որով Արցախի հարցի առաջացման հիմքում դրվում են թուրք-թաթարական (իմա՝ ադրբեջանական) ցեղասպանական գործողությունները, տրամագծորեն հակադրվում է փաշինյանական խմբակի թեզին և դրանից բխող կործանարար քայլերին: Իսկ փաշինյանական թեզն իր ընդհանրության մեջ հետևյալն է՝ թուրք-ադրբեջանական ամբողջ թշնամանքն ու դրա հենքի վրա իրականացվածը իբր հայկական կողմի «զավթողական» ու «թուրքերի հետ տարվող մշտական թշնամանքի քաղաքականության» արդյունքում է առաջացել: Մոտեցում, որը ուղիղ կրկնում է Էրդողանին ու Ալիևին:
Վահե Սարգսյան