կարևոր
4948 դիտում, 5 ամիս առաջ - 2024-04-16 22:56
Աշխարհ

Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները հիմնված են նավթի, զենքի և հետախուզության պիղծ երրորդության վրա

Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները հիմնված են նավթի, զենքի և հետախուզության պիղծ երրորդության վրա

Իսրայելական «Հաարեց» (Haaretz) թերթը ապրիլի 11-ին հրապարակել է բացահայտող մի հոդված Ադրբեջանի և Իսրայելի միջև բարձր մակարդակի լայն կապերի մասին՝ «Ինչպես են Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները դարձել Լիբերմանների ընտանիքի բիզնեսը» վերնագրով: Հոդվածը գրել է հետաքննող լրագրող Գուր Մեգիդոն:

Ավիգդոր Լիբերմանը Իսրայելի կառավարության բարձրաստիճան պաշտոնյա էր, որը բազմիցս այցելել է Բաքու, ավելի շատ, քան ցանկացած այլ իսրայելցի քաղաքական գործիչ, յուրաքանչյուր անգամ հանդիպելով նախագահ Իլհամ Ալիևի և ադրբեջանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա երկու անգամ զբաղեցրել է Իսրայելի փոխվարչապետի պաշտոնը և հաջորդաբար դարձել վեց տարբեր նախարարությունների նախարար. Իսրայելի ազգային ենթակառուցվածքների, տրանսպորտի, ռազմավարական գործերի, արտաքին գործերի (երկու անգամ), պաշտպանության և ֆինանսների:

Լիբերմանը միակ իսրայելցի պաշտոնյան չէր, որ այցելել է Ադրբեջան: Բաքու են այցելել նաև Իսրայելի պաշտպանության նախարարներ Բենի Գանցը և Յով Գալանտը, ինչպես նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ 2016 թվականին և նախագահ Իսահակ Հերցոգը՝ 2023 թվականին:

Մեգիդոն հայտարարել է, որ «Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները հիմնված են նավթի, զենքի և հետախուզության պիղծ երրորդության վրա: Իսրայելը նավթ է գնում Ադրբեջանից (Իսրայելի հում նավթի մոտ կեսը գալիս է այնտեղից) և վաճառում է առաջադեմ զինտեխնիկա: Փոխարենը, ըստ տեղեկությունների, Ադրբեջանը նրան հնարավորություն է տալիս մուտք գործել Իսրայելի թիվ մեկ հակառակորդի՝ Իրանի հետ իր ցամաքային և ծովային սահմանը»:

Ադրբեջանը հաղթեց 2020 և 2023 թվականների Արցախյան պատերազմներում՝ «շնորհիվ Իսրայելի կողմից մատակարարվող խաղի կանոնները փոխող ոչ փոքրաթիվ սպառազինության», ներառյալ իսրայելական Hermes և Harop անօդաչու թռչող սարքերը և միլիարդավոր դոլարներով գնված այլ ժամանակակից զենքեր։ Ադրբեջանն այդ անօդաչու սարքերից մի քանիսը գնել էր, երբ Լիբերմանը պաշտպանության նախարարն էր»։

2012 թվականին Բաքու կատարած այցի ժամանակ Լիբերմանին հարցրել են Foreign Policy ամսագրի հոդվածի մասին, որտեղ մեջբերված է ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը. «Իսրայելցիները գնել են օդանավակայան, և օդանավակայանը կոչվում է Ադրբեջան: Նշվել են մի քանի նախկին խորհրդային ռազմաօդային բազաների անուններ, որոնք, ըստ ամսագրի աղբյուրների, Իսրայելի տրամադրության տակ էին կամ կլինեին՝ Իրանի վրա հնարավոր ավիահարվածի դեպքում: Լիբերմանն այդ պատմությունն անվանել է «գիտաֆանտաստիկա», որը «ոչ մի կապ չունի իրականության հետ»: Այնուամենայնիվ, Լոնդոնի The Times-ը հայտնել է, որ «Իսրայելի լրտեսական գործակալությունը՝ Մոսադը, բազա ունի Ադրբեջանում»։

«Ցանկացած չափանիշով Ադրբեջանը բռնապետություն է», որը 2023 թվականին Economist Intelligence Unit-ի կողմից 167 երկրների մեջ զբաղեցրել է 130-րդ տեղը: Իսրայելի Կնեսետի չորս անդամներից կազմված պատվիրակությունը՝ Լիբերմանի գլխավորությամբ, մեկնել է Ադրբեջան՝ իբր նախագահական ընտրությունները վերահսկելու նպատակով: Նրանք հերքել են ընտրություններում տեղի ունեցած խախտումների մասին հաղորդումները, որոնցում Ալիևը հաղթել է ահռելի 85 տոկոսով։ Նրանք կեղծորեն Ադրբեջանը բնութագրել են որպես «միակ ժողովրդավարությունը Մերձավոր Արևելքում»: Լիբերմանն Ալիևի հաղթանակն անվանել է «լավ դաս որոշ ուժերի համար, որոնք անարդարացիորեն քննադատում են Ադրբեջանին»

Երբ իսրայելաբնակ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվեց և բանտարկվեց Բաքվում Արցախ այցելելու համար, նրա ընտանիքը խնդրեց այն ժամանակ պաշտպանության նախարար Լիբերմանին միջամտել, սակայն նա ոչինչ չարեց նրան օգնելու համար, նույնիսկ այն բանից հետո, երբ Լապշինը հարձակման ենթարկվեց բանտի անվտանգության աշխատակիցների կողմից, որոնք փորձել էին սպանել նրան: Լապշինը կարծում է, որ ի վերջո ռուսներն են օգնել ապահովել նրա ազատ արձակումը:

Մեգիդոն հայտնել է, որ Լիբերմանի երկու որդիները՝ Ամոսը և Կոբին, «խորը գործնական հարաբերություններ» ունեն Ադրբեջանի կառավարության հետ: «Լիբերման եղբայրները, պարզվում է, շատ ժամանակ են անցկացնում Բաքվում, որտեղ նրանք համարվում են միջնորդներ, ովքեր գիտեն, թե ինչպես  բացել դռներն իշխանության առաջ։ Վերջին տարիներին Լիբերմանի որդիները իսրայելական մի շարք բարձր տեխնոլոգիական արտադրանք են մատակարարել Ադրբեջանի կառավարությանը. կիբերհանցագործության արտադրանք, որը պատրաստված է կիբերանվտանգության Candiru ընկերության կողմից. տվյալների մեծ համակարգ՝ կիբերանվտանգության մեկ այլ ընկերության՝ Rayzone-ի կողմից հարկերի հավաքագրումը բարելավելու համար և ջրի աղազերծման տեխնոլոգիաներ՝ իսրայելական IDE ընկերության կողմից։ Միայն այս երեք ձեռնարկությունների միջնորդությամբ հնարավոր միջնորդավճարները կարող են հասնել միլիոնավոր դոլարների: Բացի այդ, մինչև վերջերս Լիբերման եղբայրները ներկայացնում էին «Ադրբեջանական ավիաուղիները» (պետության կողմից վերահսկվող ազգային ավիափոխադրող) Իսրայելում»։

Իսրայելական մի քանի ընկերություններ, ինչպիսիք են Pegasus-ը և Candiru-ն, լրտեսական ծրագրեր են վաճառել Ադրբեջանին՝ վարչակարգի հակառակորդների հեռախոսները կոտրելու համար: Այսօր 18 ադրբեջանցի լրագրողներ բանտերում են։ Candiru-ի վաճառքը միջնորդել են Լիբերմանի երկու որդիները՝ միջնորդավճարի դիմաց՝ «գնահատված հարյուր հազարավոր դոլարներով»։ Rayzone կիբերընկերության հետ գործարքից նրանք վաստակել են «մոտ 200 000 դոլար միջնորդավճար», ըստ «TheMarker»-ի՝ հրապարակված «Հաարեցի» կողմից: Լիբերմանի գրասենյակը հայտարարել է, որ «նա ներգրավված չէ իր երեխաների բիզնեսներում»

Լիբերմանի երեխաները ներկայացնում էին նաև IDE Technologies-ը, որը նախատեսում է Ադրբեջանում կառուցել ջրի աղազերծման մեծ գործարան։ Սա մի «նախագիծ է, որի արժեքը կարող է հասնել հարյուր միլիոնավոր դոլարների, և Լիբերման եղբայրների համար միջնորդավճարը, հավանաբար, կբարձրանա համապատասխանաբար», գրել է Մեգիդոն։

Մեգիդոն հետաքրքրվում է «Կարծո՞ւմ եք, որ երկու որդիները Ադրբեջանի կառավարության հետ կհասնեին նման նշանակալի կարգավիճակի, եթե նրանց ընտանեկան կապերը չլինեին»: Մեջբերում է արվում են մի գործարարի խոսքերից. «Կարող եմ ասել ադրբեջանցիների մասին, որ նրանք այն մարդիկ են, որ գիտեն, թե ինչպես շնորհակալություն հայտնել: Եթե ​​դու լավ բան ես անում նրանց համար, և նրանք գնահատում են քեզ, նրանք գիտեն, թե ինչպես շնորհակալություն հայտնել՝ թե՛ խոսքով, թե՛ գործով»:

Մեգիդոն եզրակացրեց. «հավանաբար իսրայելական կառավարող շրջանակներում չկա մեկը, որ կվիճարկի այն բազմաթիվ օգուտները, որոնք Իսրայելը ստանում է Ադրբեջանի հետ իր նողկալի, բայց, գուցե, կենսական հարաբերություններից: Բայց այս երկու հայտարարությունների միջև հակասություն չկա. նախագահ Իլհամ Ալիևի բարոյապես կասկածելի իշխանության հետ ջերմ հարաբերությունները կարող են լինել Իսրայելի ազգային անվտանգության ռազմավարության և միևնույն ժամանակ նաև Լիբերմանների ընտանիքի բիզնես ռազմավարության մաս»:

Հարութ Սասունյան 

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի