Փոխարժեքներ
18 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հոկտեմբերին վաճառքի դադարեցումը պայմանավորված էր Բաքվի ամենակարեւոր քաղաքական եւ ռազմական դաշնակից Թուրքիայի ճնշմամբ (նույն մասին գրում է իսրայելական The Marker պարբերականը): Այդ ճնշումը մասամբ պայմանավորված է այն բանով, որ Իսրայել արտահանվող կասպիական նավթն անցնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով` Թուրքիայի տարածքով տարանցմամբ։ Անկարան Իսրայելի հետ առեւտրային կապերը խզել էր անցյալ տարվա մայիսին` Գազայում պատերազմի եւ Իսրայելի կողմից Թուրքիային մերժումով՝ օդային մարդասիրական օգնություն հասցնելու պաշարված պաղեստինյան անկլավ։ Թուրքիայի մի շարք ընդդիմադիր կուսկցություններ եւ կազմակերպություններ բողոքի ակցիա են իրականացրել Էրդողանի կառավարության դեմ` մեղադրելով նրան, որ վերջինս շարունակում է Արեւմտյան Կասպից ծովի նավթն Իսրայել բաց թողնել: Ցուցարարները դուրս են եկել նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության` Socar -ի Ստամբուլի գրասենյակի մոտ: Իսրայելական աղբյուրը հայտնել է. «նույնիսկ եթե Ադրբեջանը դադարեցնի նավթի արտահանումն Իսրայել, մենք չենք ձախողվի։ Մենք նրան ուրիշ տեղից կբերենք։ Բայց նրանք ցանկանում են հավասարակշռել այն իրավիճակը, որում անվտանգության առումով կախված են միայն մեզանից»:
Արեւմտյան Երուսաղեմը ռազմական եւ դիվանագիտական աջակցություն է ցուցաբերել Բաքվին 2020 թ-ի աշնանը եւ 2023 թ-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում: Բաքվի «Կասպիական բարել» նավթի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանի խոսքով` մասնավոր անձանց միջոցով նավթ վաճառելով` կարելի է խուսափել արտահանման մատակարարումների վերջնական ստացողի հրապարակայնությունից, ինչպիսին Իսրայելն է, եւ Բաքվում կարող են հայտարարել՝ արտահանվող էներգառեսուրսները «չեն գնում ինքնաթիռների վառելիքի համար, որոնք ոչնչացնում են պաղեստինցի երեխաներին»: Իր վերջին հրապարակման մեջ Middle East Eye պարբերականը հղում է անում նոյեմբերին անցկացված վերլուծությանը, որը բացահայտել է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հում նավթի «համակարգված առեւտրի» ապացույցներ` չնայած Անկարայի պաշտոնական առեւտրային էմբարգոյին, որը հաջորդել է 2024 թ-ի գարնանը։
«Կանգնեցրեք ցեղասպանությունը» արշավը հրապարակել է ապացույցներ, որոնք վկայում են՝ «Սիվիգուր» լցանավը թուրքական Ջեյհան նավահանգստից հում նավթ էր տեղափոխում մինչեւ Իսրայելի Աշկելոն քաղաքի մոտ գտնվող «խողովակի» մուտքը: Նշված միջերկրածովյան նավահանգիստը Բաքու – Թբիլիսի – Ջեյհան խողովակաշարի վերջնակետն է, որը պատկանում է BP մեծամասնական դերակատմամբ միջազգային կոնսորցիումին։ Այնուհետեւ նավթը հեյդար ալիեւի անվան տերմինալից ուղարկվում է Իսրայել, որին բաժին է ընկնում հում նավթի ներկրման գրեթե 30% - ը: Հետազոտողները հետեւել են 2024 թ-ին Kimolos տանկերի 10 թռիչքներին Ջեյհանի եւ Աշկելոնի միջեւ, որոնցից ութը տեղի են ունեցել Անկարայի կողմից հայտարարված վերոհիշյալ էմբարգոյից հետո։
Չնայած նավը մի քանի օրով անջատել էր իր հետեւման ազդանշաններն Արեւելյան Միջերկրական ծովում՝ իր երթուղին թաքցնելու համար, հետազոտողները կարողացել են արբանյակային պատկերների միջոցով նույնականացնել այն որպես Իսրայելում 10 անգամ խարսխված։ Kimolos նավահանգստի գրանցամատյանների համաձայն՝ Իսրայել կատարած իր սովորական ուղեւորության ժամանակ լցանավը գրանցվել է որպես Եգիպտոս մեկնող՝ նավթի ամբողջական բեռնվածությամբ: Սակայն այն չի նկատվել եգիպտական նավահանգիստներում եւ մի քանի օր «անհետացել» է Արեւելյան Միջերկրական ծովում։ Այս վարքագիծը նման է «Սիվիգուրի» ռազմավարությանը, որը նույնպես անջատել էր իր տրանսպոնդերը՝ միայն թե մի քանի օր անց կրկին հայտնվելու համար Սիցիլիայում։
Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը բազմիցս հերքել է, որ մայիսից Ջեյհանից Իսրայել են ուղարկվել նավթատարներ` պնդելով, որ «ընկերությունները, որոնք ԲԹՋ խողովակաշարով նավթ են տեղափոխում Հեյար Ալիեւի անվան տերմինալից համաշխարհային շուկաներ արտահանելու համար, հետեւում են Իսրայելի հետ առեւտրին չմասնակցելու Թուրքիայի վերջին որոշմանը»: Ավելի վաղ Oil Change International իրավապաշտպան կազմակերպոթյունը, որը զեկույց էր պատրաստել Իսրայելին մինչեւ 2024 թ-ի հուլիսը նավթի մատակարարումներին հետեւելու մասին, հայտնել էր՝ իր աղբյուրները մատնանշում են մայիսից Ջեյհանից բազմաթիվ մատակարարումներ: Ինչ-որ թուրք պաշտոնյայի խոսքով` BP-ն նավթ է վաճառում միջնորդ ընկերություններին, որոնց Անկարան չի կարող վերահսկել, իսկ լցանավերը նավթ են վերցնում` «չհայտարարելով վերջնական նպատակակետի մասին»։
2025 թ-ի հունվարին SOCAR Turkey Refining and Petrochemical Business Unit-ի (SOCAR Turkiye-ի նավթավերամշակման եւ նավթաքիմիայի բիզնես-ստորաբաժանում) ղեկավար եւ Petkim Petrokimya Holding-ի գլխավոր տնօրեն Քենան Միրզաեւը հայտարարեց ընկերության` 7 միլիարդ դոլար հատկացնելու մտադրության մասին, Թուրքիայում նոր նավթաքիմիական ձեռնարկությունների կառուցման համար: SOCAR Turkey-ի գլխավոր տնօրեն Էլչին Իբադովն ասել է՝ ընկերությունը դարձել է Թուրքիայի խոշորագույն օտարերկրյա ներդրողը` վերջին 17 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ 18,5 մլրդ դոլարի ներդրում կատարելով: 2018 թ-ին Ադրբեջանը Իզմիր նահանգում Socar Star նավթավերամշակման գործարանի կառուցեց` օրական շուրջ 214 հազար բարել հզորությամբ, ինչը դարձել է Թուրքիայում ամենախոշոր միանվագ օտարերկրյա ներդրումը: Բացի այդ, SOCAR Turkey-ը շուտով կսկսի էկոլոգիապես մաքուր ավիացիոն վառելիքի արտադրությունը՝ հաստատված կայուն զարգացման ճանապարհային քարտեզի շրջանակներում:
Իրանի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարձակումների հետ միաժամանակ իսրայելցիները սկսել են ոչնչացնել «այաթոլլաների ռեժիմի» էներգետիկ ենթակառուցվածքը, ինչը կարող է նպաստել դեպի Եվրոպա կասպյան էներգառեսուրսների արտահանման աճին: Միեւնույն ժամանակ, ավերիչ հրետակոծությունները եւ «քաղաքների պատերազմը» բազմապատկում են ռիսկերը հաղորդակցության ուղիների եւ լոգիստիկ միջանցքների համար: Իրանական Ջուղայի վրա իսրայելական Harop դրոնի ոչնչացումը, որը ենթադրաբար թռել է Նախիջեւանի տարածքից, Բաքվի դիրքորոշումն ավելի ցայտուն է բնութագրում, քան պաշտոնական հայտարարությունները։ Տարիներ շարունակ հարեւան երկրի հեռուստաալիքներն ու պաշտոնատար անձինք հայտարարում էին Հարավային Ադրբեջանի համար իրենց «հոգատարության» մասին` ուռճացնելով Իրանում ոտնահարված թյուրքերի թեման, գրում է ԻՀՊԿ տելեգրամյան ալիքը, «բայց այս խոսքերի հետեւում կանգնած է բոլորովին այլ իրողություն.ադրբեջանական պետությունը նավթ է վաճառում սիոնիստական ռեժիմին` թույլ տալով նրա կործանիչներին լիցքավորվել եւ առանց խոչընդոտների հարվածներ հասցնել Թավրիզին։ Այսօր, երբ Իսրայելը հարձակվում է Թավրիզի վրա, որտեղ ապրում են Իրանի ադրբեջանցիները, եւ հեռուստաալիքները, եւ Ադրբեջանի ղեկավարությունը քար լռություն են պահպանում։ Ոչ դատապարտում, ոչ դիվանագիտական արձագանք։ Ո՞ւր է ձեր սկզբունքայնությունը։ Թե՞ «թյուրքական եղբայրությունն» ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են դաշնակիցների շահերը։ Կեղծավորությունը չի կարող հավերժ տեւել: Իրանական հասարակությունը տեսնում է ամեն ինչ եւ չի մոռանա նրանց, ովքեր քողարկվում են կարգախոսներով, քանի դեռ խաղադրույքներ են կատարում թշնամու վրա»։
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի