կարևոր
4843 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-16 10:32
Հասարակություն

Ով ինչ կկորցնի ռուս սահմանապահների դուրս գալուց․ «Հրապարակ»

Ով ինչ կկորցնի ռուս սահմանապահների դուրս գալուց․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայտնի է, որ ՀՀ իշխանություններն ուզում են, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից, եւ շաբաթներ առաջ գրություն են ուղղել Ռուսաստանի սահմանապահ վարչության հայաստանյան գրասենյակի պատասխանատուներին՝ հայտնելով, որ ՀՀ սահմանապահ զորքերն ունեն բավարար ռեսուրսներ՝ միայնակ իրականացնելու այդ ծառայությունը։ ԱԺ նախագահն էլ արդեն հայտարարել է, որ օգոստոսի 1-ից «Զվարթնոցում» այլեւս ռուս սահմանապահներ չեն լինի։

Չնայած այս հավաստիացումներին, տեղեկացանք, որ ՌԴ-ում վստահ չեն, թե այս հարցը լուծված է, եւ վկայակոչում են, որ 1992-ին Հայաստանն ու Ռուսաստանը «ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ նրանց կենսագործունեության մասին» միջպետական պայմանագիր են կնքել, եւ առայժմ այն խզված չէ։ Իսկ «Զվարթնոցում» ռուսական սահմանապահ զորքը ներկայացված է ընդամենը 20 ծառայողով, որոնց թվում նաեւ հայեր կան, եւ ծախսերը հոգում է ռուսական կառավարությունը։ Եվ խնդիրը ոչ այնքան օդանավակայանում հսկողությունն է, որքան տեղեկատվություն փոխանակելը։ Ռուսները կարծում են, որ եթե իրենց սահմանապահ խումբը դուրս գա «Զվարթնոցից», եւ իրենք զրկվեն որոշակի ինֆորմացիայից, ապա դրա արդյունքում Երեւանը տասնապատիկ ավելի շատ ինֆորմացիայից կզրկվի:

Ասենք, հնարավոր է ՌԴ-ից Հայաստան փորձեն անցանկալի «հյուրեր» այցելել, եւ եթե ռուսներն այդ տեղեկատվությունն իրենց սահմանային տեղեկատվական համակարգի միջոցով չփոխանցեն հայկական կողմին, հայտնի չէ, թե դա ինչ հետեւանքներ կունենա: Հիշեցնենք, որ միջպետական այս պայմանագրով «ՀՀ-ն, ի շահ սեփական անվտանգության, ՌԴ անվտանգության եւ ԱՊՀ մասնակից պետությունների կոլեկտիվ անվտանգության ապահովման, իր տարածքի շրջանակներում Թուրքիայի եւ Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը լիազորում է ՌԴ սահմանապահ զորքերին, որոնք պայմանագրի ստորագրման պահին տեղաբաշխված են ՀՀ տարածքում»: Նկատենք, որ պայմանագիրը ստորագրելիս թեեւ «Զվարթնոցը» հատուկ չի շեշտվել պայմանագրում, այդուհանդերձ նշվել է, որ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կառուցվածքը, տեղաբաշխման վայրերը պահպանվում են մինչեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ հատուկ համաձայնագրերի կնքումը, ինչպիսիք մինչ օրս չեն կնքվել»: