Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից օդ կրակելու փաստով պայմանավորված տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սյունիքի մարզպետարանը:
«Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից հնչել են անկանոն կրակոցներ դեպի օդ։ Փաստն արձանագրվել է հայ և ռուս սահմանապահների կողմից. վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը, որից հետո տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկատվություն է ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:
Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, նշելով, որ այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ, օրվա տարբեր ժամերի՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, այն նկարել են մեր դիրքապահները:
«Տարածությունը պատկերացնելու համար նշենք, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 (մեկ) կմ է: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Կապանի գյուղերի բնակիչներից պարբերաբար ստանում է զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին: Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը»,- գրել է Թաթոյանը: