Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տևական ժամանակ է, ինչ Հովհաննես Թումանյանի թանգարանը հիմնանորոգման ու վերակառուցման պատճառով փակ է: Այն ժամանակավ որապես գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի տարածքում (Աբովյան փողոցում): Yerkir.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվել էր՝ ի՞նչ հիմնավորմամբ է կազմակերպվել Հովհաննես Թումանյանի թանգարանի հիմնանորոգումն ու վերակառուցումը, և հիմնանորոգումից ու վերակառուցումից հետո շենքը կմնա՞ արդյոք անփոփոխ որպես թանգարան:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման նախագծի պատվիրատուն «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ն է: Աշխատանքներն իրականացվում են թանգարանի շենքը ժամանակակից պահանջներին համապատասխան հիմնովին վերանորոգելու նպատակով: Աշխատանքները նախատեսվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թ. պետական բյուջեի «1075. Մշակութային ժառանգության ծրագրի» «32001. Ներդրումներ թանգարանների և պատկերասրահների հիմնանորոգման համար» միջոցառման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տողով:
Ի՞նչ փուլում են շինաշխատանքները ներկայումս. նախարարությունը հայտնում է, որ ներկայում ընթացքի մեջ են 2-րդ մասնաշենքի վերակառուցման աշխատանքները: Աշխատանքների վարտը նախատեսված է 2026 թվականին:
Ամենակարևոր հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նպատակային օգտագործման փոփոխություն նախատեսված չէ, և վերանորոգումից հետո շենքը կշարունակի գործել որպես թանգարան՝ 21-րդ դարի թանգարանային գործունեության ժամանակակից պահանջներին համապատասխան՝ ներկայացնելով Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը, գրական ժառանգությունը, իրականացնելով թանգարանային հավաքածուների պահպանումն ու հանրահռչակումը:
Ինչպես ասում են՝ տառապանքս փորձ ունի, և մեր մտավախությունները, որ Ամենայն հայոց բանաստեղծի թանգարանի շենքը կարող էր նորոգումից հետո այլևս չծառայեցվել իր նպատակին, ամենևին անհիմն չեն. Երևանի բուհերը ոչնչացնող, Ուրարտուի մշակույթը հայկական չհամարող, Էրբունու և Երևանի միջև օրգանական կապը կտրող, հայկական արժեքների դեմ դուրս եկած իշխանության օրոք ամեն ինչ սպասելի ու օրինաչափ է: Հուսանք, որ ԿԳՄՍՆ-ն չի խաբում, իսկ 2026-ը սարերի հետևում չէ:
Վ. Սարգսյան