կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-05 15:28
Առանց Կատեգորիա

Թումանյանի թանգարանի գլխին մեծ վտանգ է կախված

Թումանյանի թանգարանի գլխին մեծ վտանգ է կախված

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության եւ բարբառի փառատոնի ծրագիրը հաղթող էր ճանաչվել ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթաժողովի շրջանակներում հայտարարված` 2013 թ. «Լավագույն փորձ» (Best Practice AWARD) մրցույթում: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ հրավիրվել էր Ռիո դե Ժանեյրո` մասնակցելու ԻԿՕՄ-ի թանգարանների միջազգային խորհրդի 23-րդ վեհաժողովին եւ ստանալու թանգարանին բաժին հասած մրցանակը: Թումանյանի թանգարանի այցելուների թիվըը տարեցտարի ավելանում է` չնայած թանգարանի առջեւ ծառացած եւ շտապ լուծում պահանջող մի շարք խնդիրներին:

 

- Տիկի'ն Թուխիկյան, թանգարանների միջազգային խորհրդի վեհաժողովին հատկապես ո՞ր երկրներն էին հետաքրքրված «Երկնքից երեք խնձոր ընկավ» փառատոնով, եւ արդյոք որեւէ երկիր կտեղայնացնի՞ փառատոնի նախագիծը:

- Նախ` ուրախությամբ պետք է նշեմ, որ ԻԿՕՄ-ը աշխարհի հինգ լավագույն թանգարանները պետք է ընտրեր, որտեղ հետաքրքիր նախագծեր են իրականացվել, եւ այդ հնգյակի մեջ նաեւ մեր թանգարանը ներառվեց: Մեր թանգարանի գործունեութամբ ապշած էին սկանդինավյան երկրները,  Հոլանդիան, որի ներկայացուցիչը, ով նաեւ բարձր պաշտոն ունի ԻԿՕՄ-ում, մոտեցավ ինձ եւ ասաց. «Ինչ երջանիկ եք, որ այսպիսի փառատոն կարող եք իրականացնել, եւ որ կան մարդիկ, ովքեր հիշում են իրենց նախնիների բարբառն ու զրույցը: Ցավոք, մենք չենք կարող սա մեզ մոտ իրականացնել, քանի որ մեր ոչ նյութական ժառանգության կապերն անցյալի հետ կորսված են»: Իսկ ահա հույներն ու մեքսիկացիներն  ասացին, որ պատրաստ են անելու հնարավորը` մեր նախագծից գաղափարներ վերցնելու եւ տեղայնացնելու:

 

Տարին հոբելյանական է «Երկնքից երեք խնձոր ընկավ» փառատոնի համար. ի՞նչ անակնկալներ են սպասվում այս առումով:

- Սեպտեմբերի 20-ին կմեկնարկի «Երկնքից երեք խնձոր ընկավ» հոբելյանական` 5-րդ փառատոնը: Այս տարի ունենք հայտեր մարզերից, Սփյուռքից եւ Արցախից: Մեր մրցանակակիրների թիվը մի քիչ ավելի շատ է, մի քիչ փոփոխություն է մտցվել նաեւ փառատոնի կարգի մեջ` հայ մասնակիցները, որպես կանոն, պատմելու են հեքիաթի համաշխարհային գանձարանից ինչ-որ բան, իսկ ազգային համայնքները` Թումանյանի կամ Թումանյանի թարգմանած հեքիաթները, բայց, բնականաբար, իրենց բարբառով: Այս տարի մեզ միացավ գերմանական, լեհական համայնքը: Կարծում եմ` հույներն էլ մեզ կմիանան: Մնացած փակագծերը չեմ ուզում բացել:

 

- Օգոստոսի 30-ին թանգարանում իրականացվեց «Մութ ու Լուս աշխարհ» 3նախագիծը, ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

- Այո, վերջապես Ռալֆ Յիրիկյանի նվիրատվությամբ բացվեց մեր 3D անիմացիոն սրահը: Սրահում երեխաները հայտնվում են «Ձախորդ Փանոսը» հեքիաթում եւ «կիսում» Փանոսի ձախորդությունները: Ի դեպ, մենք 100 դրամ արժողությամբ բարեգործական տոմսակներ ենք ստեղծել, որոնց վաճառքից գոյացած ողջ գումարը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին: Երեխաների համար սա շատ կարեւոր է' դաստիարակչական եւ հոգեբանական առումներով. իրենք հասկանում են, որ օգնում են ուրիշ մեկին, նրան, ով չի կարող այցելել թանգարան: Կարծում եմ, որ մենք կշարունակենք այս ծրագիրը եւ ուրիշ հեքիաթներ էլ կընդգրկենք ծրագրի մեջ, թեեւ դրանք ֆինանսի հետ են կապված: Սակայն, մյուս կողմից, մի շատ կարեւոր հարց լուծվեց` ձեռք բերվեց տեխնիկա:

 

- Աշխատանքային նոր տարվա սկզբին ի՞նչ նոր գիրք է թանգարանը ներկայացնելու ընթերցողներին:

-Սեպտեմբերի վերջին կտպագրենք Թումանյանի` Գրիմ եղբայրների երկու հեքիաթների թարգմանությունը` «Հենզելն ու Գրետելը» եւ «Կարմրիկը»: Ի դեպ, այս տարի 100-րդ տարին է լրանում, ինչ Թումանյանը նախաձեռնեց դրանց թարգմանությունը: Շատ ճոխ հրատարակություն է լինելու, քանի որ օգտվել ենք 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի նկարազարդողների աշխատանքներից: Գրքի մեջ զետեղված են նաեւ բնագրային` գերմաներեն տարբերակը, ինչպես նաեւ ռուսերեն տարբերակը, որից թարգմանել է Թումանյանը. բացի այդ` կա նաեւ Հակոբ Պարոնյանի` «Կարմրիկի» թարգմանությունը: Գրքում կան նաեւ հեքիաթային սիմվոլների շատ հետաքրքիր մեկնություններ, օրինակ, թե հեքիաթում ի՞նչ է նշանակում անտառը, խորթ մայրը, քարը, հացը, այսինքն` գրքի գեղարվեստական մասի հետ մեկտեղ ապահովել ենք նաեւ գիտական մասը: Այս տարի Սալաթյան ընտանիքի շնորհիվ, ովքեր անգամ չուզեցին, որ իրենց անունն ինչ-որ տեղ նշվի, տպագրեցինք  «Թումանյանի զավակները. Արտավազդ Թումանյան. Նամականի» գիրքը եւ հիմա պատրաստվում ենք տպագրել նաեւ Արտավազդ Թումանյանի գիտական հոդվածները:

 

-Գիտեմ, որ թանգարանը մի շարք խնդիրներ ունի: Ո՞րն է ամենաանհրաժեշտ հարցը, որն առաջիկայում ցանկալի է, որ լուծում ստանա:

-Մեր ցանկություններում եւ մեր թղթերում մի շարք հարցեր կան, բայց չեմ կարծում, որ դրանք կլուծվեն: Մենք մի մեծ խնդիր ունենք` մեր տանիքի հիմնանորոգումը, որն այդպես էլ չի լուծվում: Ամեն Աստծո օր մի հսկա վտանգ է կախվում թանգարանի գլխին` փտած տանիքի տեսքով: Աստված չանի' ձյունառատ ձմեռ լինի: Դա այն գումարն է, որ թանգարանն իր միջոցներով չի կարող հայթայթել: Մեր առաջին հարկը վերանորոգման կարիք ունի:

 

Երևանյան ամառ» ծրագրով այս տարի Երեւանի մարդաշատ վայրերում քաղաքապետարանի կողմից տոմսակներ են բաժանվել քաղաքացիներին՝ թանգարաններ անվճար այցելության համար: Նման ակցիաներն արդյոք նպաստո՞ւմ են թանգարան այցելուների թվի ավելացմանը:

-Կարծում եմ' ավելի խորքային փոփոխությունների կարիք ունենք, քանի որ, երբ դու մշակույթն անվճար ես մատուցում, գցում ես մշակույթի հարկը: Սա աշխատանքի, կառավարման մեթոդի հարց է: Անվճար տոմս բաժանելը հարցի լուծում չէ, քանի որ դու ոչ մի ստեղծագործական նոր գաղափար չես մատուցում այցելուներին: Որպեսզի այցելու ունենաս, պետք է մտածել' ի՞նչ անել, ինչո՞վ գրավել նրանց: Ես անվճար այցերին դեմ եմ, քանի որ տոմսակի գումարը շատ չնչին է:

 

-Թումանյանի թանգարանը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, այս առումով ինչ-որ քայլեր արվո՞ւմ են:

- 2007-ին, երբ անցա աշխատանքի, առաջին գործս հարցում անելն էր, թե որքա՞ն կարժենա թանգարանը հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու հաճույքը: Մինչեւ մուտքը պետք է շարժասանդուղք լինի, իսկ առաջին հարկից մինչեւ երկրորդ հարկ վերելակ է անհրաժեշտ: Ես անգամ կապվել եմ «Միցուբիշի» ընկերության հետ եւ ճշտել, թե որքա՞ն գումար է մեզ անհրաժեշտ, ի՞նչ սարքավորումներ, բայց այդ գումարը ես չեմ կարողացել գտնել: Քանի որ շենքը հուշարձանային է, շատերն ասում են, թե ինչպե՞ս կարելի է շարժասանդուղք տեղադրել, բայց չեմ կարծում, որ դա շատ մեծ հանցագործություն կլինի: Մենք տեսնում ենք, թե ինչե՞ր են կատարվում մեր պատմական հուշարձանների հետ, եւ ի նպաստ հաշմանդամություն ունեցող անձանց շարժասանդուղք տեղադրելը` շատ անմեղ մի բան է ստացվում: Մենք այլընտրանքային տարբերակ էլ ունենք' դա անել շենքի հետեւի կողմից:

 

-Ինչպե՞ս կորակեք այն երեւույթը, որ կատարվում է Փակ շուկայի տարածքում:

-Վանդալիզմ: Աբսուրդն այն է, որ բոլորն այդ մասին ասում են, ընդ որում` նաեւ իշխանական թեւից, սակայն չեն կարողանում այդ հարցը լուծել: Այստեղ մի շատ տարօրինակ, հիվանդագին բան է կատարվում' ինչպե՞ս չի կարող իշխանությունը լուծել ինչ-որ մեկի հարցը, որն օրենք է խախտում, այն էլ' մի քանի օրենք: Իսկ այն, ինչ կատարվեց օրեր առաջ, այն կանայք, որոնք եկել էին պաշտպանելու Քրիստոսից հետո երկրորդ մարդուն, ես այդ մասսայի մասին չգիտեմ` ինչ ասել:  Մշակույթից բացարձակ զուրկ մարդիկ փորձում էին մեր մշակույթի հա՞րցը լուծել:  Շատ մաքրման կարիք ունենք, բոլոր խաղերին պետք է վերջ տրվի:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ