կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-19 16:45
Հասարակություն

Կա´մ պետք է թանգարանը փրկեինք, կա´մ ծառերը. Թումանյանի` Դսեղի տուն-թանգարանի բակում 14 եղևնի է հատվել

 Կա´մ պետք է թանգարանը փրկեինք, կա´մ ծառերը. Թումանյանի` Դսեղի տուն-թանգարանի բակում 14 եղևնի է հատվել

Օրերս Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում գտնվող եղևնիները հատվել են: 

Տուն-թանգարանի տնօրեն  Ռոզա Ղազումյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մինչև ծառերը հատելն իրենք դիմել են տեղի բնապահպանական վարչությանը:

«Խնդիրն այն է, որ 2015-ի նոյեմբերի 12-ին, երբ Լոռիում ուժեղ փոթորիկ եղավ, այդ ծառերը վնասեցին թանգարանն ու տարածքը: Ծառերից մեկը, օրինակ, ընկավ թանգարանի գլխին, այն մասնաշենքի վրա, որի տանիքը թիթեղից է: Բարեբախտաբար, թիթեղը պահեց ծառը: Կողքի ծառը կամաց-կամաց նորից իջնում էր, և ես դիմեցի ԱԻՆ, նրանք եկան ու տեսան, որ ծառն ընկնում է, վերևից կտրելով` վնասազերծեցին այն: Բացի այդ` այդ նույն օրը մեկ ուրիշ ծառ կատարից կտրվեց ու ընկավ բակում գտնվող` Թումանյանի արձանի գլխին, մեկ ուրիշը` մատուռի վրա»,- իրավիճակը ներկայացրեց տնօրենը` հավելելով, որ շատ երկար են կատարվել ուսումնասիրությունները, և փաստաթղթային մասով ամեն ինչ օրինական է, կա մասնագետների եզրակացությունը: «Եզրակացությունը փաստում է, որ ոչ ոք չի կարող վստահ ասել, թե չեն ընկնի ծառերը, եթե նորից ուժեղ քամի լինի»,- ասաց նա:

Ռոզա Ղազումյանը նշեց, որ թանգարանի դիմացի ծառերն ուղիղ թանգարանի գլխին էին թեքվել ու սաղարթով նստել տանիքին, շենքին վտանգ էր սպառնում, ծառերի արմատներն այնքան հզոր էին, որ տակից սալաքարերը բարձրացրել էին:

Ընդհանուր առմամբ, ըստ թանգարանի տնօրենի, 14 ծառ է հատվել, որոնք տնկվել էին Թումանյանի 100-ամյակին. 47 տարեկան եղևնիներ էին: «Աշնանը կանաչապատում կանենք: Ի՞նչ անենք` կա\'մ պետք է թանգարանը փրկեինք, կա\'մ ծառերը»,- ասաց Ղազումյանը: