Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան՝ Nations in Transit 2024 զեկույցը, ուր զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման միջև՝ վերջինս որակավորելով «էթնիկ զտումներ»:
Ուկրաինան ոչնչացնելու Մոսկվայի պատերազմը և Ադրբեջանում իշխող ռեժիմի ռազմական նվաճումն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները ի հայտ բերեցին «ավտորիտարիզմի էքսպանսիայի» մահացու հետևանքները՝ ասված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit 2024 տարեկան զեկույցում:
Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա տարածաշրջանի եվրասիական 29 երկրներում տարվա կտրվածքով ժողովրդավարության հետ կապված իրավիճակը ուսումնասիրող այս զեկույցն արձանագրում է այս տարածաշրջանում 20-րդ տարին անընդմեջ ժողովրդավարական կառավարման ընդհանուր անկում: «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում զեկույցի համահեղինակ, Freedom House-ի ավագ փորձագետ Մայք Սմելտզերը նշում է, որ զեկույցը կենտրոնանում է ժողովրդավարական կառավարման ինստիտուցիոնալ գործոնների վրա՝ դիտարկելով, թե ինչպես են ժողովրդավարությունները, ինստիտուտները ապահովում, պաշտպանում և աջակցում մարդկանց հիմնարար իրավունքները: Ըստ զեկույցի համահեղինակի՝ 2023 թվականին արձանագրվել է ժողովրդավարության անկման ավելի լայն միտում, ներառյալ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներում:
«Կարծում եմ, որ սա Հայաստանի ժողովրդավարական հետագծի ավելի մեծ միտումի մի մասն է վերջին 5-10 տարիների ընթացքում, և հատկապես «թավշյա հեղափոխությունից» հետո: Այն բնութագրվում է հաճախ որպես երեք քայլ առաջ և մեկ քայլ հետ: Ցավոք, այս տարին այն տարիներից էր, որտեղ այս զեկույցում իսկապես առկա էր մեկ քայլ հետընթաց»,- ասում է Մայք Սմելտզերը:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ջանքերի վրա բացասական ազդեցություն է ունեցել «Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը», ինչի հետևանքով այնտեղ ապրող ավելի քան 120 հազար հայեր ստիպված եղան փախչել և հիմնականում բնակություն հաստատել Հայաստանում:
«Ադրբեջանական ռեժիմի ներխուժումը և Լեռնային Ղարաբաղի վերացումը բացասական ազդեցություն ունեցավ հենց Հայաստանում ժողովրդավարության վրա: Այսինքն՝ Հայաստանի ներսում հաստատությունները ստիպված էին պայքարել ոչ միայն այնտեղ ժողովրդավարական կառավարում ապահովելու և բարեփոխումներ իրականացնելու մարտահրավերի դեմ, այլ նաև Լեռնային Ղարաբաղի տարածքից փախստականների հոսքի ավելացման մարտահրավերի»,- պնդում է Սմելտզերը:
Freedom House-ը նշում է, թե Հայաստանի կառավարությունը փորձում է լուծել նրանց հումանիտար կարիքները՝ միաժամանակ պաշտպանելով երկրի տարածքը, ամրապնդելով իշխանությունը՝ ներքին քննադատության պայմաններում և արձագանքելով 2018 թվականի հեղափոխությունից հետո երևան եկած պահանջներին, թե հանրապետությունը հարկ է ավելի լավ կառավարել։
Զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների միջև՝ զեկույցը փաստում է. «2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ վերջնական հարձակման հիմնական պատճառն ամենևին էլ 2022 թվականի փետրվարին [տեղի ունեցած] Ուկրաինա Կրեմլի ներխուժումը չէր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր բացահայտ կերպով խոսում հայկական անկլավի դե ֆակտո անկախությունը վերացնելու իր մտադրության մասին»,- ընդգծում է զեկույցը՝ հավելելով, թե, այդուհանդերձ, Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը հնարավորության դուռ բացեց [Ադրբեջանի համար] նվաճելու Լեռնային Ղարաբաղը, քանի որ «Կրեմլի ուշադրությունն ու ռեսուրսները շեղվեցին Կովկասում իր խաղաղապահ պարտավորություններից, իսկ ժողովրդավարական աշխարհը կլանված էր Կիևին աջակցելու ուղղությամբ»:
Զեկույցը փաստում է՝ Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո իշխանության ու պաշտպանության համակարգի փլուզումը հարկադրեց 120 հազար հայերին հեռանալ՝ «իրենց կյանքը փրկելու համար»: Զեկույցը դա որակել է որպես «էթնիկ զտումներ»:
«Մեր զեկույցում օգտագործում ենք «էթնիկ զտում» եզրն ավելի քան 120,000 էթնիկ հայերի մասին խոսելիս, որոնք Լեռնային Ղարաբաղի տարածքից ստիպված են եղել փախչել ադրբեջանական զինուժից: Նրանցից շատերը, իհարկե, հայտնվել են Հայաստանում»,- պնդում է զեկույցի համահեղինակը:
Միաժամանակ, զեկույցում նշված է․ «Ադրբեջանի զինուժը շարունակում էր սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` նախորդ տարիների ընթացքում բազմաթիվ բախումներից հետո՝ բռնազավթելով այդ երկրի տարածքի մի մասը»:
«Մենք տեսել ենք ավտորիտար էքսպանսիայի ընդլայնման կործանարար հետևանքները, ինչպես Ուկրաինայում, ինչպես Լեռնային Ղարաբաղում: Հիմքեր չկան հավատալու, որ այսքանով այն կդադարի: Մենք փաստացի տեսնում ենք, որ այս ավտոկրատիաներին հակազդելու անկորողությունը մեծացնում է դրանց [էքսպանսիայի ընդլայնման] շարունակման հավանականությունը»,- ասում է զեկույցի համահեղինակը:
Ալիևի քաղաքական և ռազմական հաղթանակները կարող են ճանապարհ հարթել Բաքվի կողմից նոր տարածքային պահանջների ներկայացմանը՝ ասված է զեկույցում, ուր նաև անդրադարձ կա Ադրբեջանի նախագահի պաշտոնը հերթական անգամ ստանձնելիս՝ երդմնակալության արարողության ժամանակ Ալիևի ելույթին, որը, ըստ Freedom House-ի, հայկական տարածքների նկատմամբ հավելյալ պահանջներ ներկայացնելու ապացույց էր:
Իրավապաշտպան կազմակերպությունը նախազգուշացնում է՝ ԱՄՆ կամ ԵՄ կողմից պարտադրված զսպման մեխանիզմների բացակայության պայմաններում՝ Կովկասում առկա է «ավտորիտար ագրեսիայի ակնհայտ վտանգ»: Մայք Սմելտզերը, սակայն, որոշակի փոփոխություններ է տեսնում Հայաստանին արևմտյան աջակցություն ցուցաբերելու հարցում՝ մատնանշելով օրերս Բրյուսելում կայացած հանդիպումներն ու դրանց արդյունքները:
«Մենք տեսնում ենք որոշակի տեղաշարժ այս ուղղությամբ, երբ Հայաստանը, գիտակցելով իր անկայուն աշխարհաքաղաքական և անվտանգային դիրքը, ուղղություն է վերցրել դեպի արևմուտք՝ ձգտելով դաշնակիցներ գտնել ԵՄ-ում և Միացյալ Նահանգներում: Մենք ականատես եղանք որոշակի արձագանքի և քաղաքականության փոփոխության կամ առնվազն աջակցության աճի»,- ասում է նա:
Freedom House-ը արձանագրում է. «Ռուսաստանի և Ադրբեջանի ագրեսիվ պատերազմները երկու ամենավառ օրինակներն են այն արհամարհանքի, որն այսօրվա բռնապետերը ցուցաբերում են մարդու հիմնարար իրավունքների և բազմակարծիք հասարակությունների նկատմամբ: … Մոսկվայի և Բաքվի նման վարչակարգերը վստահ են, որ կարող են առանց լուրջ հետևանքների իրականացնել իրենց ավտորիտար նախագծերը՝ արագացնելով եվրասիական տարածաշրջանում բռնապետական կարգերի ամրապնդումը»:
Զեկույցն ընդգծում է. «Որոշ ժողովրդավարական երկրներ զգալի աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային, սակայն երբ ադրբեջանցի զինվորականները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանեցին ավելի քան 120 հազար հայերի, միջազգային հանրությունը հիմնականում արձագանքել է խորհրդանշական կոչերով և մտահոգություն արտահայտելով: ԵՄ-ն շարունակում է հույսը դնել ադրբեջանական էներգակիրների վրա և անտեսել նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից մարդու իրավունքների խախտումները՝ ակնհայտորեն առաջնային տեղ տալով քաղաքական և տնտեսական նպատակահարմարությանը, քան հիմնարար արժեքներին ու երկարաժամկետ շահերին»:
Իրավապաշտպան կազմակերպության գնահատմամբ, ժողովրդավարական երկրների կողմից մարդու իրավունքների խախտումների հետևողականորեն դատապարտման բացակայությունը ոգեշնչում է բռնապետներին և վնասում միջազգային նորմերի պահպանմանը: