կարևոր
4141 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-05 10:16
Քաղաքական

Ոսկեպարցիների հետ չի հանդիպել, տարեկան զեկույցն էր գրում․ «Հրապարակ»

Ոսկեպարցիների հետ չի հանդիպել, տարեկան զեկույցն էր գրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ողջ հայ հասարակությունն անհանգիստ է՝ եթե իսկապես իշխանությունները հանձնեն Տավուշի սահմանամերձ 4 բնակավայրերը, ապա թշնամու հսկողության տակ են անցնելու Ոսկեպարի ստրատեգիական նշանակության ճանապարհը, գազատարը, հանձնվելու են 3-րդ բանակային կորպուսի դիրքերը, որոնք շատ ամուր պաշտպանական դիրքեր են` հիմնովին կահավորված, ինչպես նաեւ թշնամու առաջ բացվում է դեպի Լոռի ճանապարհը․ մի քանի տասնյակ կիլոմետր անցնելով՝ նրա բանակը կարող է ընդհուպ մոտենալ Վանաձորին։ 

Սահմանամերձ գյուղերի բնակիչներն էլ ահազանգում են՝ հողերը հանձնելով, վտանգի տակ է դրվելու իրենց կյանքը, անհնարին են լինելու այդ հատվածում ապրելը, հող մշակելը: Այս ամենը, բացի բոլոր խնդիրներից, նաեւ կոնկրետ մարդու իրավունքների ոտնահարում է։ «Չենք հասկանում, թե ոնց եղավ՝ մեր հողը դարձավ առքուվաճառքի առարկա։ Մենք այդ սահմանը տալով, տարածքները տալով, կորցնում ենք անվտանգության, ազատ ապրելու եւ տեղաշարժվելու իրավունքը, ճանապարհ չենք ունենում, թուրքերն էլ սկսում են մարդագողություն անել, ինչպես 90-ականներին է եղել»,-նախօրեին մեզ հետ զրույցում ասել էր Ոսկեպարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանը։ 

«Հրապարակը» մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց՝ գնացե՞լ եք Տավուշ, հանդիպե՞լ եք այդ գյուղերի բնակիչների հետ, գույքագրե՞լ եք նրանց խնդիրները, Ձեր կարծիքով՝ ոտնահարվո՞ւմ են տավուշցիների իրավունքները, թե՞ ոչ։ Չէ՞ որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը լրագրողներից ու պետական բոլոր կառույցներից առաջ էր հասնում վտանգված հատվածներ, զրուցում, փաստահավաք գործունեություն ծավալում, զեկույցներ գրում եւ հղում միջազգային կառույցներին։
 Մանասյանն ասաց, որ Տավուշ չի գնացել․ «Մեր մարզային ստորաբաժանումը ոչ միայն կապի մեջ է, այլեւ խնդիրներն է հասցեագրում։ Ես չեմ հասցրել դեռեւս գնալ, որովհետեւ իմ տարեկան հաղորդման ամփոփման աշխատանքներն էինք իրականացնում, բայց, բնականաբար, այցելելու եմ»։ Իսկ ի՞նչ խնդիրներ եք տեսել-արձանագրել։ «Մեր տարեկան հաղորդման շրջանակներում շատ մեծ հատված ունենք, որը վերաբերում է սահմանամերձ համայնքներում ապրող անձանց իրավունքների պաշտպանությանը»։

Փաստացի մարդու իրավունքների պաշտպանն իր առաքելությունը տեսնում է բացառապես զեկույցներ գրելու տեսքով եւ այդ զեկույցները գրելուց առաջ գոնե խնդրահարույց տարածքներն իր աչքով չի տեսնում։