կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-16 12:10
Հասարակություն

Պաշտպանն Ադրբեջանի կողմից գնդակոծումների վերաբերյալ արտահերթ զեկույցն ուղարկելու է միջազգային կառույցներին

Պաշտպանն Ադրբեջանի կողմից գնդակոծումների վերաբերյալ արտահերթ զեկույցն ուղարկելու է միջազգային կառույցներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անգլալեզու արտահերթ զեկույց է հրապարակել 2018 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ գյուղերի  գնդակոծումների  վերաբերյալ:

ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեվան, Կոթի և Վազաշեն գյուղերը գնդակոծության են ենթարկվել` սեպտեմբերի 2-ից սկսած։ Մասնավորապես՝ սեպտեմբերի 2-ին, 4-ին և 5-ին կրակահերթեր են արձանագրվել Կոթի գյուղի ուղղությամբ, սեպտեմբերի 2-ին, 9-ին և 11-ին` Բաղանիսի, սեպտեմբերի 8-ին գնդակոծվել է Ոսկեվանը:

«Կոթիի բնակիչներից մեկը վիրավորվել էր՝ գտնվելով խանութի մոտ: Այո, գնդակոծություններ են եղել խանութի ուղղությամբ, գնդակոծվել է նաև քաղաքացիական անձանց տեղափոխման համար նախատեսված ճանապարհը, թիրախավորվել են քաղաքացիական մեքենաներ, մշակույթի տներ: Բաղանիսում, որտեղ անձամբ եղել եմ, դպրոցի ուղղությամբ են եղել կրակոցներ. վնասվել էր դպրոցի տանիքը: Այստեղ արձանագրել ենք, որ կրակոցներից նաև տներ են վնասվել: Ադրբեջանական կողմից մտադրություն է եղել թիրախավորել բնակչության տները: Նույնը նաև մյուս գյուղերի դեպքում է: Մենք այս զեկույցը հասցնելու ենք միջազգային կառույցներին մեր պատգամավորների, պատգամավորական խմբերի և ԱԳՆ-ի միջոցով: Միամտություն է կարծել, որ սրանից հետո միջազգային կառույցներն անմիջապես հայտարարություն են անելու: Մեր խնդիրը ժամանակի ընթացքում նրանց պատկերացումների վրա ազդելն է», -լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: