կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-26 14:20
Քաղաքական

Մենք մեջլիսում չենք նստած, այս զեկույցն անթույլատրելի է. Արմեն Ռուստամյանը՝ ԵԽԽՎ-ում

Մենք մեջլիսում չենք նստած, այս զեկույցն անթույլատրելի է. Արմեն Ռուստամյանը՝ ԵԽԽՎ-ում

Այսօր ԵԽԽՎ նիստում, ուր քննարկվում էր «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և օկուպացված այլ տարածքներում» վերնագրով զեկույցը, հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նշեց, որ ԵԽԽՎ-ում  ներկայացված հակահայ զեկույցը ցինիզմ է, որն ընդունելն անթույլատրելի է: Մասնավորապես, ըստ նրա, զեկույցի վերնագիրն է անընդունելի, որովհետև նշված չէ, թե ով է մեղավոր, որ լարվածության աճ կա, ով է վերջերս սկսել կիրառել ծանր զինտեխնիկա, ականանետներ, որոնք, ի դեպ, արտադրվել են Թուրքիայում, և ում է ձեռնտու աջակցել ռազմական դրությանը, ոչ թե խաղաղությանը:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Հայաստանը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործունեությունը սահմանային գծում, մինչդեռ Ադրբեջանը մշտապես հրաժարվում է սահմանին ներդնել հետազոտության սարքեր, վերահսկողության մեխանիզմ: «Հենց Ադրբեջանն է, որը ստատուս քվոյի հետ համաձայն չէ ու  փորձում է փոխել այն նոր պատերազմ հրահրելու ճանապարհով»,- ասաց նա:

Ըստ Հայաստանի պատվիրակ՝ զեկույցի համաձայն` միայն Հայաստանն է, որ մեղավոր է  ամեն ինչում, իսկ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ հակամարտությունը խաղաղ կարգավորվի:

«Սա ցինիզմ է: Հեղինակն այսքանով չի ավարտում իր զեկույցը, բառ առ բառ կրկնում է Բաքվի դիրքորոշումը: Զեկուցողը ջանք չի գործադրել գալ Հայաստան, Ղարաբաղ, թեև եղել է հրավեր:  Դուք պետք է դատեք, բայց ասեմ, որ զեկույցի հեղինակը ոչ միայն իր լիազորություններից դուրս է եկել, այլև կրկնում է ադրբեջանական իշխանությունների քարոզչական հայտարարությունները։ Զեկույցը ստվերում է մեր ասամբլեայի հեղինակությունը, որովհետև մեզ ներքաշում են մի հարցի մեջ, որը Մինսկի խմբի գործունեության շրջանակներում է: ԵԽԽՎ-ն արբիտր լինելու փոխարեն Ադրբեջանի կողմն է կանգնում: Դժվար է պատկերացնել ավելի միակողմանի, ավելի կեղծ տեքստ, ինչպիսին այս զեկույցն է: Սա դատավճիռ է, մեղադրանք Հայաստանին: Մենք մեջլիսում չենք նստած, իսկ կա նման տպավորություն: Այս զեկույցն անթույլատրելի է»,- ընդգծեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության պատգամավորը: