Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրվա իշխանությունները հանրային կյանքի տարբեր ոլորտներում վարում են այնպիսի քաղաքականություն, որը տանում է մեր երկրի ինքնիշխանության թուլացման: Եվ դա արվում է նաև հեռահար ազդեցություն ապահովող ծրագրերով, որպեսզի ոչ միայն մենք, դուք այսօր չպայքարենք այդ ամենի դեմ, այլ նաև մեր վաղվա սերունդը, երիտասարդ սերունդը չպայքարի դրա դեմ:
Փորձեմ ներկայացնել ասածիս հիմնավորումը կրթության ոլորտի համատեքստում:
Հանրությանը ներկայացվեց «Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման նպատակով կազմակերպվող ատեստավորման գործընթաց» գեղեցիկ ձևակերպմամբ փաթեթավորված մի ծրագիր, որի արդյունքում իրականում դպրոցից ազատվում են բազմամյա մանկավարժական փորձ ունեցող, իրենց մասնագիտությանը տիրապետող շատ ուսուցիչներ:
Ինչու՞, նախ որովհետև ատեստավորման թեստերի համար տրվող ժամանակը և բովանդակությունը անհամատեղելի են: Մյուս կողմից արդյոք արագ խնդիր լուծելը բավարար է լավ մանկավարժ լինելու համար: Լավ մանկավարժը պետք է ունենա անհրաժեշտ գիտելիքները աշակերտին հաղորդելու հմտություն, սեր առաջացնի աշակերտի մոտ առարկայի ու ընդհանրապես կրթության նկատմամբ:
Հայտարարվեց, թե ունենք բազմաթիվ ուսուցիչներ, ովքեր ատեստավորման արդյունքում կստանան 400.000-ի կարգի աշխատավարձ:
Իրականում 29.000 ուսուցչից ատեստավորմանը 3 տարվա ընթացքում մասնակցել են մոտ 6500-ը, որոնցից մոտ 1000-ը չեն ատեստավորվել, նրանցից մոտ 1,7 %-ին է հաջողվել ստանալ 90-100 միավոր և հավակնել նման աշխատավարձի:
Մոտ 10% կունենա 200.000 կարգի աշխատավարձ, իսկ մնացած 23000-ի մոտ ավելացավ սթրեսը և ցածր աշխատավարձ ունենալու հետ հարմարվելով՝ թուլացավ լավ կյանքի որակի համար պայքարելու կամքը:
Գյուղերում բավարարվում են ուսուցիչների թափուր տեղերը ուսանողներով համալրելով:
Սա է՞ աշակերտին ավելի բարձր որակի կրթություն ապահովելու իրենց ծրագիրը:
Սիրելի հայրենակից, այս իշխանությունները վտանգում են մեր երկրի այսօրը՝ հանրությանը կոչ անելով հարմարվել թշնամու առաջ ծնկի գալու իրենց քաղաքականությանը:
Նրանք վտանգում են մեր երկրի ապագան՝ մեր երեխաներին զրկելով որակյալ, ազգային կրթություն ստանալու հնարավորությունից:
Չի կարելի այդ ամենը հանդուրժել:
Դեռ ուշ չէ, ոտքի կանգնենք և հեռացնենք այս ուժին իշխանությունից:
Իրենք դրա համար արդեն ամեն ինչ արել են:
Հերթը մերն է:
Մեր միասնությունը կփրկի երկիրը:
Սիրելի հայրենակից,
Միացիր այս իշխանություններին հեռացնելու պայքարին:
Արմենուհի Կյուրեղյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր