կարևոր
97657 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-05 14:02
Քաղաքական Աշխարհ Սփյուռք

Այն տեսակետը, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ընկալելիություն չունի միջազգային հարաբերություններում, սուտ է. Գևորգ Ղուկասյան

Բրյուսելում ընթանում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի աշխատանքային այցը։ Անցնող օրերի ընթացքում քաղաքական բնույթի տարբեր հանդիպումներ են տեղի ունեցել Եվրոխորհրդարանի տարբեր պատգամավորների հետ, որոնք ներկայացնում են խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական խմբերը. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

«Եվրոպական խորհրդարան այցելությունը այս փուլում կարևոր էր, քանի որ Ստրասբուրգում կայացած լիագումար նիստի ընթացքում եվրախորհրդարանի պատգամավորները բավական կտրուկ արտահայտվեցին Արցախյան հիմնախնդրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ԵՄ գործադիր իշխանության դիրքորոշման հարցում։ Բավական պատգամավորներ ելույթներ ունեցան։ Այդ ելույթներին հասնելու համար Եվրոպայի Հայ դատը մեծ աշխատանքներ է տարել», – ասաց Ղուկասյանը։

«Եվրոպական խորհրդարանի հետ աշխատանքը չափազան կարևոր է, որպեսզի հնարավոր լինի ԵՄ գործադիր իշխանության շրջանակում ձևավորել այնպիսի դիրքորոշում, որը մեզ հնարավորություն կտա առավել լավ պաշտպանել Արցախի շահերը», – ընդգծեց նա։

«Այն տեսակետը, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ընկալելիություն չունի միջազգային հարաբերություններում, մեկ անգամ ևս համոզվեցինք, որ սուտ է։ Ընկալելիություն ունի, պետք է նպատակադրված աշխատանք», – եզրափակեց նա։