կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-27 18:18
Հասարակություն

Անդրադարձել են նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրին

Անդրադարձել են նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 27-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սելեսթե Վոլանդերին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, քննարկվել են երկու երկների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) շրջանակներում:

Կարևորելով միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը` Սելեսթե Վոլանդերը բարձր է գնահատել հայ խաղաղապահների առաքելությունը Աֆղանստանում, ինչպես նաև աֆղանական անվտանգության ուժերի ուսուցման և վերապատրաստման աշխատանքներին մասնակցելու` Հայաստանի պատրաստակամությունը:

ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել խաղաղապահության, ռազմակրթության, պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ջանքերին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանը, հանդես գալով Ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու դիրքերից, խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը և որևէ շահագրգռվածություն չունի` հայկական ու ադրբեջանական զորքերի շփման գծում իրադրությունը սրելու: Միաժամանակ, Սեյրան Օհանյանը մտահոգություն է հայտնել առ այն, որ ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման հարցում չի դրսևորում նույնքան պատրաստակամություն, ինչի արդյունքում պարբերաբար արձանագրվում են հրադադարի խախտման դեպքեր: