Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հավանաբար, տասնամյակներ անց Հայաստանի ներկայիս իրավիճակը մեր երկրի պատմության դասագրքերում կոչվելու է «փորձանքների ժամանակներ»։ Հայերին ու հայկական շահերին դավաճանում են սեփական ղեկավարները, իսկ միամիտ ժողովուրդը շարունակում է աջակցել ու վստահել նրանց։ Կարծես թե 2020 թվականից հետո Արցախի մի մասի կորստի պատճառով մենք պետք է փոխեինք երկրի ղեկավարությունը, որը չկարողացավ գտնել մեր հայրենիքը պաշտպանելու ուղիներ։ Բայց ոչ։ Հայերն ընտրում են պարտվողին. նրան, ով դեռ 90-ականներին հայտարարում էր, որ Արցախը օտար տարածք է։ Նա, հավատարիմ մնալով իր գաղափարին, մտադրություն չի ունեցել կռվել ագրեսորի դեմ՝ ամբողջությամբ զիջելով Արցախը։ Ճիշտ է, իր համար արդարացում գտել է․ ամեն ինչում ռուսներն են մեղավոր։ Նրանք պետք է կռվեին Ղարաբաղի համար։
Առանց նպատակ ունենալու արդարացնել Ռուսաստանին՝ փորձենք հասկանալ, թե Հայաստանի ղեկավարն ինչ է արել և անում իր հողը պաշտպանելու համար, բացի մեր անախորժությունների համար այլ երկրներին մեղադրելուց։ Փաշինյանը 2019 թվականին Ստեփանակերտի հրապարակում գոռում էր «Արցախը Հայաստան է և վերջ», բայց չգիտես ինչու, երբ 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ դրա թե՛ իրավական և թե՛ քաղաքական հիմքերը կային, հրաժարվեց պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես Հայաստանի մաս։ Դա անհրաժեշտ էր ՀԱՊԿ ուժերին հակամարտության մեջ մտնելու իրավական հիմքեր ապահովելու համար։ Հայաստանի վրա արտաքին թշնամիների հարձակումը պարտավորեցնում է դաշնակիցներին պաշտպանել այն։ Սակայն փոխարենը Փաշինյանը պաշտոնապես հայտարարում է, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի տարածքն է, որում հայկական շահեր չկան։ Իհարկե, այնտեղ հայեր կան, բայց Երեւանն այնտեղ շահեր չունի՝ ինչ-ինչ պատճառներով պայմանավորված։ Պարադոքս․․․
Եվ հետո սկսվում է մի շատ տարօրինակ իրավիճակ։ Հիմա հակառակորդը հրապարակայնորեն հավակնություններ է ներկայացնում հենց Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ։ Զանգեզուրի միջանցքը ռազմական ուժով խլելու պատրաստակամություն է ցուցադրում։ Մեր երկրի վրա հարձակման վտանգ կա։ Իսկ ի՞նչ է անում Փաշինյանն այս դեպքում. Ինչպե՞ս է նա պաշտպանում իր երկիրը: Հայտարարում է, որ Հայաստանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Ինչի՞ համար։ Կարծես դա նրա համար է, որ դաշնակիցները չկարողանան միջամտել, երբ Ադրբեջանը սկսի գրավել ՀՀ տարածքը և ապահովել Թուրքիայի հետ ցամաքային սահմանը։ Փաշինյանի խնդիրն է նպաստել Անկարայի և Բաքվի ծրագրերի իրականացմանը։
Ի դեպ, Հայաստանի ներկայիս ղեկավարն այդ ուղղությամբ Թուրքիային և Ադրբեջանին օգնելու անհրաժեշտության մասին բացահայտ գրել է 2001 թվականի մայիսի 23-ին «Հայկական ժամանակ»-ի էջերում։ Նա ասում էր, որ թուրքերն ու ադրբեջանցիները, ի երախտագիտություն Զանգեզուրի միջանցքով իրենց սահմանները միավորելու հարցում ցուցաբերած օգնության, հսկայական գումարներ են վճարելու հայերին։ Ամերիկացիները, ովքեր նույնպես պաշտպանում են թուրք-ադրբեջանական կապի գաղափարը, գիտակցում են, որ Հայաստանն ակտիվորեն առաջ է տանում Սպիտակ տան շահերը Անդրկովկասյան տարածաշրջանում և առանձնահատուկ համակրանքով են վերաբերվելու մեր երկրին։ Այսինքն, ավելի քան 20 տարի Փաշինյանի հիմնական ցանկությունն է եղել ապահովել Վաշինգտոնի, Անկարայի և Բաքվի շահերը։
Իհարկե, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան չեն պատրաստվում վճարել։ Ինչու՞ գումար ծախսել, եթե պարզապես կարող ես հողը խլել: Բացի դա, պաշտոնական Երևանը ցույց է տալիս դրա պատրաստակամությունը։ Հարցը կարող է չսահմանափակվել միայն Զանգեզուրով։ Միամտություն է կարծել, որ եթե ձեռքդ կտրես ու գցես հետապնդող գայլերին, նրանք կուտեն ու երախտապարտ կլինեն նրան, ով նման անմտություն է արել։ Գիշատիչները ամբողջովին կխժռեն դժբախտ մարդուն։ 20-րդ դարի 70-ական թվականներին Թուրքիան գրավել է Կիպրոսի անկախ պետության կեսը՝ այն պահելով մինչ օրս։ Եվ ոչինչ։ Որևէ մեկը հիշու՞մ է սրա մասին: Միայն կիպրացիներն ու իրենք՝ թուրքերը, ովքեր գիտակցում են իրենց լիակատար անպատժելիությունը։ Իսկապե՞ս ինչ-որ մեկը կարծում է, որ ԱՄՆ-ն իր ամենակարևոր դաշնակից Թուրքիայի հետ վիճելու է հայկական հողերի զավթման համար: Բացի դա, Փաշինյանը Վաշինգտոնին հասկացրել է, որ Հայաստանը կզոհաբերի իր ցանկացած շահ՝ Միացյալ Նահանգներին երջանիկ պահելու համար։ Այս համատեքստում հատկանշական է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը մեր երկիր։ Նա հայտարարեց, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունների ակտիվ փուլ է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում։ Ուղիղ նշելով, թե որ կողմում է Արևմուտքը։ Ստոլտենբերգը նաև շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Ուկրաինային աջակցելու համար։ Իհարկե, այժմ Հայաստանի համար կենսականորեն կարևոր է օգնել Կիևի իշխանություններին և նրանց զինված ուժերին։ Մեր բոլոր խնդիրներն արդեն լուծված են։ Ինչպե՞ս կարելի է դա բացատրել։ Մեր դռան շեմին կանգնած է կատաղի թշնամին, որը սպառնում է գրավել մեր տարածքը, և այս պահին մենք օգնում ենք օտար երկրին մեզ չվերաբերող հակամարտության մեջ։ Իրադարձությունների տրամաբանությամբ՝ բոլոր ուժերն ու ռեսուրսները պետք է ուղղվեն սեփական բանակը զինելուն և սահմանների ամրապնդմանը։ Հարցը հայկական պետության գոյության մասին է։
Չգիտես ինչու, մեր ղեկավարությունը պատրաստ է պաշտպանել ցանկացածի շահերը, բայց ոչ սեփական երկրի։ Վաղ թե ուշ փորձանքների ժամանակները կավարտվեն, բայց դրանցից վնասը կարող է հսկայական լինել։
Ս․Ս․