Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավելորդ անգամ չխոսելով այն մասին, թե Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործող իշխանությունը ինչ բերեց քաղաքական դաշտի գլխին, ասենք միայն, որ Սերժ Սարգսյանի հնարավոր հիմնական հակառակորդների չառաջադրման այս շքերթը պիտի որ անհանգստություն կպատճառեր նորմալ երկրի իշխանություններին: Մենք դեռևս չենք բացառում, որ այս վիճակն, այնուամենայնիվ, գոնե Սերժ Սարգսյանին է անհանգստացնում, հենց թեկուզ այն պատճառով, որ ընտրությունների ժամանակ և դրանցից հետո ամեն մի խայտառակության համար պատասխանատու է առաջին հերթին ինքը:
Երիտհանրապետականությունն, այսուհանդերձ, հրճվում է քաղաքական դաշտի այս պատկերով՝ ըմբոշխնելով Սերժ Սարգսյանի՝ հեշտացված կարգով հաղթանակն ու այդ հաղթանակից բխող բարիքները: Արմեն Աշոտյանն, օրինակ, «Ֆեյսբուքում» որոշակի հաշվարկներ է կատարել ու եկել եզրակացության, որ մեր ոչ իշխանական դաշտն այնքան էլ վատը չէ: Փորացավն այն է, որ ցրի կասկածները (համոզմունքները), թե Րաֆֆի Հովհաննիսյանով և Հրանտ Բագրատյանով արտահայտված ընդդիմադիր թեկնածուները չեն կարող մրցակցություն ապահովել Սերժ Սարգսյանի համար: Այդ նպատակով էլ հիշյալ թեկնածուներին Արմեն Աշոտյանը աստվածացրել, համարյա Սերժ Սարգսյանի կողքին է դրել:
Մի քիչ ծիծաղելի է, իհարկե, բայց արժե այստեղ մեջ բերել մեր գիտության նախարարի մտքի գլուխգործոցը. «Ընտրությունների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը կարող են դառնալ Հայաստանում 2-3-րդ ձայն ու կշիռ ունեցող քաղաքական դերակատարները և հետընտրական ժամանակահատվածում իրենց շուրջը վերաձևավորեն ընդդիմադիր դաշտը' ազգայինից մինչև լիբերալ»: Թե ինչու է Աշոտյանի այս գիտական եզրահանգումը ծիծաղելի, բոլորովին այլ պատմություն է: Բանն այն է, որ հարգելի մինիստրը մինչև 2-րդ և 3-րդ տեղի մրցանակները Րաֆֆի Հովհաննիսյանին և Հրանտ Բագրատյանին հանձնելը, այս եզրահանգման վերևում մի հսկա շարադրություն է գրել նաև այն մասին, որ Սերժ Սարգսյանն ունի ռեալ 40, իսկ ընդդիմադիր գործիչները՝ 35 տոկոս ձայն: Մնացած 25 տոկոսը կողմնորոշվում է ըստ ընտրապայքարում թեկնածուի դրսևորումների: Սակայն Աշոտյանը, չգիտես ինչու, որոշել է նաև, որ ամենալավն իրեն կդրսևորի Սերժ Սարգսյանը և կտիրանա նաև ձայների այդ 25 տոկոսին՝ հաղթելով 60-65 տոկոսաով:
Մենք, իհարկե, հասկանում ենք Աշոտյանի տվայտանքների բուն պատճառը: Նրան ոչ միայն պետք է, որ Սերժ Սարգսյանը հաղթի 60-65 տոկոսով, այլև աշխարհը տեսնի, թե ինչ մրցունակ դաշտ է ապահովված ոչ իշխանական թեկնածուների համար: Բայց, անտեր մնա, արդեն լեզուն սովորել է ու անընդհատ սայթաքում է ամենակարևոր պահին: Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը (քոռանամ ես, որ այդքան համապարփակ ներկայացնում են ազգայինից մինչև լիբերալ ընկած տիեզերական տարածությունը) ընդամենը 2-րն ու 3-րդն են լինելու:
Դե իսկ հետո գալիս է նաև, հազար ներողություն, կատարյալ լկտիանալու պահը. «Ակնհայտ հաղթողի պարագայում գալիք ընտրությունները կարող են դառնալ Հայաստանում նոր ընդդիմադիր կոնֆիգուրացիայի սկիզբ: Նոր որակի, նոր գործելաոճի, նոր մտածելակերպի ընդդիմության, ինչի կարիքն ունենք ԲՈԼՈՐՍ»:
Այո, պարոն Աշոտյան, կատարյալ նոր, մեկ կետից ղեկավարվող և բացառապես 2-3-րդ տեղերի համար պայքարող ընդդիմադիր կոնֆիգուրացիայի ժամանակն է գալու, ինչի կարիքը ունի ՀՀԿ-ական անճարակ միապետությունը:
Էդիկ Անդրեասյան