Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում ներքին բախումները եւ բողոքի ցույցերը` հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ, դեռ շարունակվում են: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 15-16-ին հրավիրել էր իր կողմնակիցների հանրահավաքները Անկարայում եւ Ստամբուլում: Այդ հանրահավաքների նպատակը հասկանալու եւ Թուրքիայի ներքին զարգացումներին վերաբերող հարցերի պատասխանները ստանալու նպատակով yerkir.am-ը զրուցեց թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ:
-Պարո'ն Շաքարյան, ի՞նչ նպատակ էին հետապնդում Էրդողանի կազմակերպած հանրահավաքները:
-Էրդողանը կազմակերպել էր իր հանրահավաքները` ցույց տալու ցուցարարներին, որ եթե նրանք փողոց հանեն 100 հազար մարդ, ինքը կհանի կրկնակի, եռակի, եւ իր կողմնակիցները իրեն թեւ ու թիկունք են, եւ որպեսզի ցուցարարները չասեն, թե իրենց թիվը մեծ է, եւ իրենց ասածը վարչապետը պետք է կատարի:
-Էրդողանին հաջողվե՞ց հասնել իր նպատակին:
-Լրատվական դաշտում ընդհանրապես լռում են այդ հակահանրահավաքների մասին: Հնարավոր է, որ ավելի շատ մարդ է եղել, ավելի կազմակերպված են եղել, բայց քանի դեռ լրատվական դաշտում լռում են, փաստվում է, որ նրա կազմակերպած հակահանրահավաքները իրենց թիրախին չդիպան:
-Ներկայումս Թուրքիայում ներքին զարգացումները ո՞ր փուլում են, ի՞նչ նոր իրավիճակ ստեղծեցին Էրդողանի կազմակերպած հանրահավաքները:
-Սկզբունքորեն, Էրդողանի կազմակերպած այդ հակահանրահավաքներից շատ նորություններ չկան, որովհետեւ նույն օրերին ավելի շատ ու ավելի մեծ ուժով ճնշվեցին ընդդիմադիրների հանրահավաքները, կրկին անհամաչափ ուժ կիրառվեց: Շատ են խոսում, որ ոստիկանները նույնիսկ պատժում էին բժիշկներին` վիրավոր ընդդիմադիրներին օգնելու համար: Շատ խառը իրավիճակ ստեղծվեց, ու, ցավոք, որոշ ուժերի կողմից անհիմն ուղղորդումների փորձեր էին արվում դեպի հայկական թաղամասեր, հայկական գերեզմանոցներ, փախուստի համար առաջարկվում էին հայաբնակ վայրեր, ասում էին` գնացեք հայկական հիվանդանոցներ: Այսինքն` փորձ էր արվում հարցի էությունը շեղել, ինչն ամենացավալի ու վտանգավորն է մեզ համար: Բայց ընդհանուր իրավիճակը բավականին խառն է: Թեեւ Էրդողանը խոստացել էր Հյուսիսային Աֆրիկայից վերադառնալուց հետո հարցերն անմիջապես լուծել, որ ոչ ոք չլինի հրապարակում, այդ վիճակը չէ: Էլի տեսնում ենք, որ գնալով թուլանում են բողոքի ցույցերը` մարդկանց թիվը գնալով նվազում է, ավելի անկազմակերպ են դառնում, բայց ամեն անգամ ոստիկանական անհամաչափ ուժը նոր լիցք է հաղորդում ընդդիմադիրներին:
-Նշվում էր, թե Էրդողանը Թուրքիայում հանդես է գալիս բավականին ուժեղ դիրքերից: Այսօր նրա դիրքերը շարունակո՞ւմ են այդպիսին մնալ:
-Ամեն դեպքում, ամենաճիշտ պատասխանը կստանանք 2014 թվականի սկզբին անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, որտեղ կզգացվի, թե Էրդողանի ընտրազանգվածն ինչքանով է նվազել: Բայց եթե խոսենք քվեի ձայնով իշխանության մասին, ապա Էրդողանն ունի այդ իշխանությունը: Նրա ընտրազանգվածը դեռ իր հետ է, ավելին` նման ցույցերն ու բախումները Էրդողանի գաղափարների մեխանիզմներին` իսլամիզմին, հարող ընտրազանգվածին ավելի նվիրված ու միահամուռ են դարձրել. ավելի կոնսոլիդացվել է այդ ընտրազանգվածը, քանի որ զգում է, որ քեմալիստներն ու ազգայնականները, ամեն դեպքում, փորձում են իսլամիզմին հարվածներ հասցնել: Այլ խոսք, որ Էրդողանի չափազանց ինքնավստահությունը` իր ուժերի, իր ոստիկանության, իր զորքի վրա, արդեն այնքան էլ ընդգծված չէ: Ամեն դեպքում, երեւում է, որ համբերության բաժակը լցվել է թե' ազգայանականների, թե' հասարակ քաղաքացիներ եւ թե’ ձախակողմյանների մոտ: Այսօր Թուրքիայի փողոցներում տեսնում ենք ոչ միայն ազգայնականների ու նրանց կողմնակիցների, այլեւ ազգային, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների, նույն ալեւիներին, թեեւ ազգայնականները ժամանակին ոչ պակաս են ճնշել վերջիններիս:
Ես կարծում եմ, որ Թուրքիայի զարգացման համար լավագույն այլընտրանքը կլինի Էրդողանի անձնական հետքայլը, այլ ոչ կուսակցության, նրա փոխարեն ավելի մեղմ Գյուլի ժամանակավոր հանդես գալը, որպեսզի ներողություն խնդրի եւ այլն. Էրդողանից ներողություն սպասելը իրատեսական չէ: Որովհետեւ ինքն իրեն իր հայտարարություններով շատ է անկյունը մտցրել: Էրդողանը պետք է լավ մտածի` ինքն ուզո՞ւմ է դառնալ նախագահ, թե՞ ոչ: Որովհետեւ այսօր նա ցույց է տալիս, որ ինքն ընդամենը 50 տոկոսի վարչապետն է, այլ ոչ թե ամբողջ Թուրքիայի: Իսկ նման մարդուն նախագահ կարող է չընտրեն նույնիսկ իր կողմնակիցները:
-Էրդողանի կազմակերպած ցույցերն արդեն եղան, վերջացան, պարզ դարձավ, որ նա ու նրա կողմնակիցները չկարողացան հրապարակից ցուցարարներին դուրս քշել: Այդ բողոքավորները դրանից հետո ինչպիսի՞ վարքագիծ կդրսեւորեն:
-Փորձը ցույց է տալիս, որ եթե ժամանակի ընթացքում ցույցերը ձգձգվում են, ապա գնալով թուլանում են, եռանդը պակասում է, բողոքավորների թիվն ու պատրաստակամությունը պակասում են: Ի վերջո, ցույցերը կփորձեն կրկին «առեւանգվել» ազգայնականների` քեմալիստների կողմից, կփորձեն դրանք ներկայացնել ավելի քաղաքական երանգներով, ինչից ձախերը, փոքրամասնությունները եւ այլն հետքայլ կանեն: Եթե այսօր նրանց միավորում է Էրդողանի հանդեպ ատելությունը, ապա նրանց չի միավորում ինչ-որ մեկի հանդեպ սերը: Ուստի, չունենալով միասնական առաջնորդ, նրանք, վաղ,թե ուշ, բախվելու են իրար հետ: Մենք շատ լավ տեսնում ենք, որ նույն ցույցերի ժամանակ ձախերը փորձում են հայկական հուշատախտակներ ամրացնել այգում, Հրանտ Դինքի պողոտա են բացում եւ այլն, բայց նույն պահին նրանց կողքին կանգնած ազգայնականների կողմից հարվածներ են ստանում, որոնք, թուրքական դրոշները պարզած, փորձում են ասել` ձախերը «հայություն» են անում` վիրավորական իմաստով: Բայց, միեւնույն ժամանակ,տեսնում ենք, որ ոստիկաններից պաշտպանվելիս նրանք միասնաբար են պաշտպանվում, եւ իրար փրկում են ոստիկանների շիթերից:
Ուստի ստամբուլյան ցույցերի լակմուս թեստը կլինի, թե արդյոք նրանք կկարողանա՞ն առաջ բերել մի առաջնորդ, որը կկարողանա միավորել բոլորին: Եթե կարողանան, ապա դա նոր կուսակցության, նոր շարժման սկիզբ կազդարարի, ու 2015-ի խորհրդարանական ընտրություններում բավականին մեծ կշիռ կունենա: Եթե չկարողացան, իսկ ես կարծում եմ, որ չեն կարողանա, կնշանակի, որ պարզապես պաղեստինյան ոճով Էրդողանի դեմ անժամկետ պայքարի կվերածվի, որը որեւէ հստակ արդյունքի չի հանգեցնի:
-Շարժումը, ամեն դեպքում, ինչ-ինչ հետեւանքներ կունենա: Ենթադրենք` այն ավարտվեց ինչ-որ ելքով` դրական կամ բացասական, ինչպիսի՞ Թուրքիա կլինի դրանից հետո:
-Կարծում եմ` կլինի ավելի ժողովրդավարական Թուրքիա, որովհետեւ իշխանությունները կհասկանան, որ թեեւ իրենք ունեն չոր մեծամասնություն, բայց մեծամասնության հաշվին քաղաքի տեսք փոխել կամ, օրինակ, հղիության արհեստական ընդհատման մասին որոշում ընդունել կամ առքուվաճառքի որոշումներ ընդունել` առանց հասարակության հետ քննարկելու, սխալ է, որովհետեւ ունենալով այդքան շատ երիտասարդություն, որը պատրաստ է ամեն անգամ դուրս գալ փողոց, նրանք կհանդիպեն նման խնդիրների, ինչն, անշուշտ, ազդում է երկրի էկոնոմիկայի վրա: Օրինակ` կանխատեսումներ կան, որ այս տարի Թուրքիա տուրիստ համարյա չի գնա, որովհետեւ բոլորը վախեցած են ներքին անկայուն վիճակից: Կարծում եմ, որ Էրդողանն ու նրա կուսակցությունն այսուհետ ավելի զգույշ կլինեն եւ այդպիսի խնդրահարույց օրենքներն ավելի մեղմ ձեւակերպմամբ կամ գոնե հանրային քննարկման իմիտացիայով առաջ կտանեն:
-Վերջին շրջանում, հատկապես` տարածաշրջանային զարգացումներում Թուրքիայի դերը, կարծես, նվազեց, եւ ակտիվության անկում է նկատվում: Արդյոք Թուրքիայի ներքին իրավիճակը տարածաշրջանային հարաբերություններում վերաձեւակերպումների կհանգեցնի՞:
-Արդեն Ասադի նամակից մենք տեսանք, որ Թուրքիան, որպես Մերձավոր Արեւելքի համար ժողովրդավարության մոդել, կաղում է, եւ շատերն են խոսում Թուրքիայի տհաս ժողովրդավարության մասին: Ու ինչքան Թուրքիան զբաղված լինի ներքին խնդիրներով, ներքին գզվռտոցով, այնքան ավելի քիչ ժամանակ ու էներգիա կունենա արտաքին աշխարհի`միջազգային քաղաքական հարաբերություններում ակտիվ դիրք զբաղեցնելու համար: Նույն հայ-թուրքական հարաբերություններում, թուրք-սիրիական հարաբերություններում նկատում ենք, որ արդեն մոտ մեկ ամիս է` Դավութօղլուի ծպտունը դուրս չի գալիս: Բոլորը հիմնականում զբաղված են ներքին խնդիրներով: Ինչքան նրանք գնան արտաքին հարաբերություններին, հաստատ թե' լրագրողների հարցերը, թե' ամեն ինչը նրանց դեմ է դրվելու, խոսելու են սրա մասին: Թուրքիայի ջուրծեծոցին` հանրապետական բարքեր, ժողովրդավարություն եւ այլն, հիմա գիտենք, որ այդ տեքստը արտահայտիչ չի ստացվում, ու արդեն չեն կարող ներկայացնել աշխարհին: Միշտ ասել եմ ու էլի կասեմ` ինչքան Թուրքիան զբաղված լինի ներքին խնդիրներով, այնքան ավելի լավ Հայաստանի համար, որովհետեւ ժամանակ չի ունենա քիթը խոթել Արցախի հարցի մեջ կամ Հայոց ցեղասպանության ճանաչման հակազդեցության հարցերում արդյունավետ գործել:
-Այսինքն` տարածաշրջանային զարգացումներում Թուրքիան արդեն նախկին Թուրքիան չի՞ լինի:
-Այս պահին նախկին Թուրքիան չէ: Երբ այս ներքին հարցերը լուծի, ապա հեշտությամբ կվերագտնի իր նախկին ուժը, որովհետեւ վերջին 10-15 տարիներին շատ լուրջ աշխատանք է տարել արտաքին քաղաքականության ուղղությամբ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում: Այստեղ մենք պետք է հաշվի առնենք, որ Էրդողանը, հնարավոր է, ներքին խժդժությունները փորձի ուղղորդել դեպի արտաքին թշնամու ուղղություն` կարճատեւ ինչ-որ բախումներ կհրահրի Սիրիայի հետ, որպեսզի ժողովրդի ուշադրությունը ներքին օրակարգից տեղափոխի արտաքին օրակարգ, ինչը շատ հարմար առիթ կլինի նաեւ ցուցարարներին ավելի հեշտությամբ լռեցնելու համար: Այնպես որ` կարելի է ակնկալել քրդական տարածքներում պայթյուններ կամ Սիրիայի հետ բախումներ:
Շատ հետաքրքրական է Իրանում համեմատաբար բարեփոխիչ նախագահի ընտրությունը, ինչը նշանակում է, որ Իրանը երկխոսության, բանակցությունների կգնա արտաքին աշխարհի հետ, ինչը նշանակում է, որ Թուրքիայի դերը հակաիրանական ճամբարի առումով, ավելի կնվազի: Այնպես որ` Թուրքիայում սպասվում են բավականին թեժ ամառ եւ բավականին բարդ ժամանակներ:
Զրուցեց Գեւորգ ԱՎՉՅԱՆԸ