Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր կրկին Տավուշում են եղել։ Քրիստինե Վարդանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ հանդիպել են Ոսկեպարի եւ Բաղանիսի բնակիչների հետ։ Ասում է՝ մարդկանց մոտ տագնապ կար, բայց նաեւ իրենց հողը պահելու վճռականություն: Անորոշություն կար, բայց նաեւ իրենց տները չլքելու հաստատակամություն։
«Մարդիկ ելքեր են փնտրում՝ այս իրավիճակից դուրս գալու։ Չեն հավատում, որ ինչ-որ բան զիջելով կլուծվի խնդիրները։ Ուժերը մեկտեղելով փորձում են լուծում գտնել։ Իրենք հասկանում են, որ հանձնվելը ելք չէ, զորքերի հետ քաշվելը, տարածք զիջելը ելք չէ»,-ասաց Վարդանյանը։
Ընդդիմադիրների հետ հանդիպած տավուշցիները միաբերան ասել են՝ Փաշինյանի հետ հույս չեն կապում։ Պատմել են, որ մի քանի րոպե Փաշինյանին լսելուց հետո ուղղակի դուրս են եկել դահլիճից։ Հայաստանի վարչապետը տավուշցիներին ուղիղ ասել է՝ չտանք պատերազմ է լինելու։
Հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում պահել այդ 4 գյուղը , երբ դրանք հանձնելու քաղաքական որոշում կա, եւ այդ իրավիճակում արդյո՞ք պայքարը չի ավարտվելու զոհերով, Վարդանյանը կարծում է՝ եթե մարդիկ պայքարեն, Փաշինյանը հետ կկանգնի այդ մտքից։
«Գործող իշխանությունների համար իրենց աթոռն ու դիրքն է կարեւոր, եթե կորցնելու սպառնալիք զգացին՝ կհրաժարվեն իրենց ընտրած ճանապարհից։ Այս իմաստով շատ կարեւոր է մարդկանց դիրքորոշումը։ Եթե Ադրբեջանը որոշել է պատերազմ սկսել՝ դրա առիթը գտնելու է։ Եթե պատերազմն անխուսափելի է, պետք է պատրաստվել։ Հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ պատերազմով վախեցնելն ու նոր զիջումների գնալը։ Բոլոր տարբերակների դեպքում էլ մեր միակ անելիքը պաշտպանվելն է»,-ասաց պատգամավորը։
Քրիստինե Վարդանյանը նկատում է՝ մարդիկ գիտեն, որ սա քաղաքական որոշման հետեւանք է, ուստի մեծ ակնկալիքներ ունեն նաեւ քաղաքական ուժերից։ Ի՞նչ ակնկալիքներ ունեն կոնկրետ «Հայաստան» խմբակցությունից․ «Հարցեր ունեն, ուզում են այդ հարցերի պատասխանները ստանալ, ասում են՝ բա ի՞նչ ենք անելու։ Դրա պատասխանն այն է, որ մարդիկ հստակ ասեն՝ իշխանության այդ տարբերակի հետ համաձայն չեն, ինչն ասել են նաեւ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Իշխանությունները հիմա տարբեր վայրեր այցելություններ են անում, քարոզարշավ են սկսել, մարդկանց հետ հանդիպումների ժամանակ համոզում են, սպառնում են պատերազմով։ Բոլոր հանդիպումներին ժողովուրդը պիտի շատ հստակ ասի՝ դեմ են իշխանության ծրագրերին»,-շեշտեց Վարդանյանը։
Վերջին ասուլիսի ժամանակ` ցույց տալով ՀՀ քարտեզի մակետը, Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց, որ Տավուշի մարզի Ոսկեպարի մի հատված կարող է հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, քանի որ այդ մասն ադրբեջանական է։ «Ոչ թե կտրում ենք ինչ-որ բան, այլ ճշգրիտ տեսնում ենք, որ Ոսկեպար գյուղի հատվածում ճանապարհի մի կտոր դե յուրե գիծը հատում է, հետո նորից մտնում ՀՀ տարածք։ Նախկինում քննարկումներում այնպիսի ֆոն կար, որ այնտեղ, որտեղ ճանապարհ կա, հարցը լուծենք հետեւյալ կերպ՝ այդ ճանապարհի հատվածը պահենք, ուրիշ տեղից համարժեք հատված տանք։ Հետո եկել ենք այն եզրակացության, որ պետք չէ այդպես վարվել, որովհետեւ դա ստեղծում է լրացուցիչ անորոշություններ»,- հայտարարել էր Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նրա այս հայտարարությանը նախորդել էր պաշտոնական Բաքվի՝ Տավուշի մարզի եւ Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքներն անմիջապես վերադարձնելու ադրբեջանական պահանջը։ Ըստ ադրբեջանական կողմի, դրանք են՝ Տավուշում գտնվող Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու, ինչպես նաեւ Նախիջեւանին սահմանակից Քյարքի (հայկական անվանումը՝ Տիգրանաշեն) բնակավայրերը։ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ այդպիսի անուններով գյուղեր Հայաստանում չկան, մեծ հաշվով արձանագրել է, որ դրանք ադրբեջանական բնակավայրեր են։
Աղբյուրը՝ Hraparak.am
Լիա Սարգսյան