կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-21 22:55
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիները մի գիշերում ֆերմա են կառուցել, որ սահմանային հողերը չտան ադրբեջանցիներին․ Նունե Պողոսյանի պատմությունները

Տավուշում հայերն ու ադրբեջանցիները սահմանային վեճերի ժամանակ անգամ թվանքներով ու դագանակներով են իրար դեմ դուրս եկել խորհրդային տարիներին՝ Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց Տավուշի բնակչուհի, մոտ 50 տարվա իրավաբան Նունե Պողոսյանը։

Սյունիքի հսկայական տարածքները ադրբեջանցիներին հանձնելուց հետո ՀՀ կառավարության հնարավոր որոշումը՝ հանձնել նաև Տավուշի գյուղերը, տիկին Նունեին հիշեցրել է 1968 թ-ին Արծվաբերդ գյուղի և ադրբեջանական Գետաբեկի ու Թովուզի շրջանների միջև սահմանային վեճի պատմությունը՝ երբ Արծվաբերդի կոլտնտեսության նախագահ Արմենակ Ուզունյանին ադրբեջանցիներից մեկն ուզեցել է կրակել, բայց ավելի տարիքով ադրբեջանցին ասել է՝ էդ տեսակ իգիթ մարդուն չեն կրակիլ։

Տավուշի 7 գյուղերը այդքան հեշտ ադրբեջանցիներին հանձնելու լուրերի առիթով՝ նա պատմեց, թե ինչպես էին իրենց մարզից այդ 800 հա հողակտորի համար հասել Մոսկվա, արխիվներից գտել դրա հայկականությունը փաստող գրությունը, ու մինչև Կրեմլի պատվիրակությունը Արծվաբերդ կհասներ, ֆերմա էին կառուցել այդ հողակտորի վրա, պատերը ծխով սևացրել, անասուններին էլ մեջն արել ու ասել՝ վաղուցվա հայկական շինություն է, հողն էլ է հայկական։

Տավուշցիները խորհրդային տարիներին երկար կռիվ են տվել նաև օդանավակայանի կառուցման համար, քանի որ ադրբեջանցիները պնդել են, որ դա իրենց հողի վրա է, բայց հայերին հաջողվել է համոզել, որ այդ հողերը հայկական են։

Ադրբեջանցին հեշտ հանձնվողը չէ, ամեն ինչ անում է հայից հող պոկելու համար՝ տարբեր պատմություններով փաստում է տիկին Նունեն, բայց նվիրյալ հայորդիները, ինչպես օրինակ Արմենակ Ուզունյանը, եթե աշխատում են այդ ուղղությամբ, անպայման հաջողում են ոչ մի թիզ չզիջել թշնամի-հարևանին։ Խորհրդային տարիներին էլ հեշտ չէր, բայց անում էին։

Ու ժողովուրդը դա գնահատում էր․ Արմենակ Ուզունյանին անգամ Շիրազն է բանաստեղծություն ձոնել, իսկ Տավուշի՝ երբեմնի Շամշադինի շրջանի, աշուղներն ու բանասացները երգով ու ասքով են գովերգել՝  հայկական հողերը պահելու համար։

Նունե Պողոսյանի պատմությունները՝ տեսանյութով․