կարևոր
4783 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-19 17:43
Քաղաքական

Ռազմավարական ճանապարհների նկատմամբ վերահսկողության կորուստը բազմապատկելու է ՀՀ անվտանգային սպառնալիքները․ հայտարարություն

Ռազմավարական ճանապարհների նկատմամբ վերահսկողության կորուստը բազմապատկելու է ՀՀ անվտանգային սպառնալիքները․ հայտարարություն

Ներկայացնում ենք «Հայաստան» խմբակցության տարածած հայտարարությունը․

Սիրելի հայրենակիցներ,

Մարտի 18-ին Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հաստատում են ընթացող բանակցային գործընթացում ադրբեջանական նախապայմանները միակողմանիորեն բավարարելու մեր բոլոր մտահոգությունները:

Մասնավորապես.

  • Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման՝ հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից:
  • Հատվածական սահմանազատման և սահմանագծման գործընթացը հենց Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ առաջնագծի ամենաամուր և կահավորված հատվածի կազմաքանդմանը, էապես ջլատելու է ՀՀ պաշտպանական հնարավորություններն այդ հատվածում, անմիջական վտանգներ է ստեղծելու սահմանամերձ բնակչության համար:

Ռազմավարական ճանապարհների նկատմամբ վերահսկողության փաստացի կորուստը բազմապատկելու է ՀՀ անվտանգային սպառնալիքները:

Սեփական ժողովրդին շարունակաբար պատերազմով սպառնալու միջոցով ադրբեջանական չդադարող պահանջների կատարումը ոչ միայն չի կանխելու Ադրբեջանի կողմից նոր պահանջների առաջ քաշումը, այլև պարարտ հող է ստեղծելու վերջինիս կողմից նոր ագրեսիվ գործողությունների համար:

Հօգուտ Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման լավագույն փորձից հրաժարվելը, միջազգային փորձի անտեսումը ազգային կենսական շահերից հրաժարվելու վկայությունն են:

Հարկ է ընդգծել, որ հօգուտ այլ պետության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները, տարածքներ հանձնելը պետության դեմ ծանրագույն  հանցագործություններ են:

 

«Հայաստան» խմբակցություն

19.03.2024 թ.