կարևոր
475 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-18 17:47
Քաղաքական

Արցախի կորուստը և Իրանի անվտանգային սպառնալիքները

Արցախի կորուստը և Իրանի անվտանգային սպառնալիքները

Արդէն իսկ անվիճելի փաստ է այն, որ Արցախի կորուստը ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի Իսլ. Հանրապետութեան համար անվտանգային նոր սպառնալիքներ է առաջացրել:

Ահաւասիկ.

1. Ժամանակի մեր քաղաքագէտ, ռազմագէտ-ստրատէգները, յանձինս՝ Մարուխեանների, Կոմանդոսների, Մոնթէների եւ …ամենայն յստակատեսութեամբ ահազանգում էին Արցախի կորուստով պայմանաւորւած՝ սեփական պատմութեան վերջին էջը թերթելու ողբերգական վախճանը։

Եւ այսօր, ահա, ազգովի(՞) դէմ-յանդիման ենք Սիւնիքի ու դեռ հայոց  միւս հողերի ու տարածքների կորստեան իրական վտանգներին։ Վտանգներ, որոնց մասին ամենօրեայ ու տեղ-տեղ էլ՝ մեզանից աւելի բարձրաձայն, ահազանգում են Իրանի վերլուծական, փորձագիտական եւ ինչու ոչ՝ նաեւ պետական շրջանակները։

Փաստօրէն, Արցախի կորուստը դարձել է թիւ 1 անվտանգային հարց՝ Իրանի հիւսիս-արեւմտեան սահմանների երկայնքով, յար եւ նման անցեալ դարի սկզբնական ժամանակների, երբ միեւնոյն թուրանական (թաթարա-օսմանական) դաշինքը ըստ ամենայնի Ատրպատականը մայր հողից պոկելու սադրանքներ էր շղթայազերծում։

2. Պէտք է, սակայն, ափսոսանքով խոստովանել, որ դեռեւս 1990-ականների սկզբին Իրանի Իսլ. Հանրապետութեան դիւանագիտական նորաստեղծ համակարգը արցախեան հիմնահարցի պատմական ակունքների վերաբերեալ թիւր կարծիք ունենալով ու առաւել եւս Արցախի ազատագրական շարժմանը լոկ տարածքային հակամարտութեան բնութագիր տալով, ամբողջ երեք տասնամեակ զրկւեց այդ հարցում եւ առհասարակ հարաւային Կովկասում քաղաքական կշիռ ներկայացնելու հնարաւորութիւններից։  Այդ իսկ պատճառով էլ, Իրանի հատ ու կենտ փորձերը՝ Արցախի հարցի կարգաւորման գործում, չունեցան ներգործուն ազդեցութիւն, չնայած՝ հարցի կարգաւորումը ամբողջապէս գտնւում էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի տիրոյթում։

3. Ցաւօք, 2020 թ. երկրորդ պատերազմի ընթացքում ու դեռ հայկական կողմի ծանր պարտութիւնից յետոյ նոյնիսկ, իրանական խիստ վերապահ դիւանագիտութիւնը, պրն. Զարիֆի գլխաւորութեամբ, պահի լրջութիւնն ու գալիք վտանգները առաջնահերթ չհամարելով, կրկնեց նոյն՝ անցնող 30 տարիների «հողային ամբողջականութեան» երիցս միակողմանի թէզերը, որոնք, ինչ խօսք՝ մշտապէս յօգուտ ադրբեջանական քարոզչամեքենայի չարաշահմանն յանգեցւել։

4. Դեռեւս նախքան Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը՝ 2023 թ. սեպտեմբերին, ադրբեջանական յոխորտանքները, որոնք արդիւնքն էին պատերազմի ընթացքում թուրքական, իսրայէլական ու այլ պատերազմական ոճրագործների աջակցութեան, հակահայ ու հակահայաստան ձեւաչափերը գերազանցելով՝ հակաիրան բնոյթի սպառնալիքների երանգ ստացան։ Այդ յոխորտանքների սլաքը թէպէտ ուղղւած էր Սիւնիքի դէմ, բայց խորքում նաեւ սպառնում ու վտանգի էր մատնում իրանական հիւսիսային դարպասի աշխարհա-քաղաքական ռազմավարական դիրքն ու նշանակութիւնը։

Այս կարեւորագոյն իրողութեանը անդրադարձել ու ահազանգել է հէնց սկզբից հոգեւոր առաջնորդ Այաթ. Ալի Խամենէին, երբ անմիջականօրէն Պուտինին ու Էրդողանին յիշեցրեց հայ-իրանական հազարամեակների հարեւանութեան անխախտելիութեան մասին։ Ապա՝ նոյն իրանական դիւանագիտական համակարգը եւ քաղաքական ու փորձագիտական շրջանակները հակառակ նախորդող տարիների պասսիւութեանը, գրեթէ ամենօրեայ յաճախականութեամբ մեկնաբանում-քննարկում են Սիւնիքի առանձնայատուկ նշանակութիւնը։ Եւ իզուր չէ, որ հէնց իրանական փորձագիտական ու դեռ աւելին՝ կառավարական-պետական համապատասխան կառոյցները այսպէս ասած՝ «Զանգեզուրի միջանցք»-ը անւանում են ոչ աւել, ոչ պակաս որպէս «Թուրանական-ՆԱՏՕ-ական միջանցք»…։

5. Արցախի բռնազաւթման արդիւնքում Իրանի թէ՛ աշխարհագրա-քաղաքական, եւ թէ՛ ինքնիշխանական անվտանգային հանգամանքներն ու փաստացի տւեալները, աւելի են ակնբախ դառնում, երբ ականատեսն ենք նոյն արցախեան բռնազաւթւած տարածքներում իսրայէլական ռազմական յենակայանների ու օբիեկտների առկայութեանը։ Իսկ պատահական էլ չեն խօսակցութիւնները՝ սիոնական ռեժիմի կողմից Իրանի դէմ իրականացւած հետախուզական ու տեռորիստական քայլերի մասին, որոնք, ըստ նոյն տւեալների՝ ակունք են առել նշւած կայաններից։ Մինչեւ իսկ հանգուցեալ Նախագահ Ռէյիսիի ուղղաթիռի վթարը վերագրւում է միեւնոյն դաւադիր վարկածներին։

6. Այսօր իսկ, երբ Սիոնիստական ռեժիմի հակա-Իրան յոխորտանքներն ու սպառնալիքները աշխարհագրօրէն աւելի ընդարձակ ձեւաչափ են ստացել ու Միջին արեւելեան տարածաշրջանային կոնֆլիկտներին նոր բնոյթ են հաղորդում, դարձեալ բռնազաւթւած Արցախի ներկայի իրավիճակն այսպէս, թէ՛ այնպէս քննարկումների առարկայ է հանդիսանում։

Եւ այսպէս Իրան-Իսրայէլ նոր հակամարտութիւնների ֆոնին, երբ սիոնական ոճրագործ ռեժիմը յոխորտում է Իրանի ուղղութեամբ նոր յարձակումների մասին, տարածաշրջանի արաբական երկրները յայտարարում են սեփական երկինքն իսրայէլական թռիչքների համար փակւած պահելու մասին։ Եւ ի՞նչ պէտք է հետեւցնել տւեալ յայտարարութիւններից, եթէ ոչ այն, որ միակ բաց երկինքը մնալու է ադրբեջանական (ասել է թէ՝ արցախեան օկուպացւած տարածքներ) շրջանը, որից էլ հաւանական ոտնձգութիւններն են կատարւելու Իրանի դէմ։

Բարեբախտաբար, այսօր Իրանի ռազմա-քաղաքական արթուն ու զգօն ղեկավարութիւնը, առաւել քան երբեւէ, հետամուտ է ինչպէս տարածաշրջանի, այնպէս էլ՝ հարեւան երկրների հետ սահմանակից շրջանների յուսալի վերահսկողութեանը։

7. Եւ վերջապէս, Արցախը Հայոց համար լինելով ընդմիշտ Հայրենի սրբազան օրրան, մնալու է ողջ հայութեան համար ազատագրութեան կարեւորագոյն կռւան։

Քանզի անհերքելիօրէն փաստւեց ու ապացուցւեց թէ՛ հայի,  եւ թէ՛ նրա հինաւուրց հարեւան Իրանի համար, որ Արցախը զիջելով՝ ոչ հայն է «լաւ ապրելու», եւ ոչ էլ առաւել եւս իրանցին է իրեն ապահով ու անվտանգ համարելու…։

 

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու