կարևոր
4705 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-10 17:56
Աշխարհ Քաղաքական

Լիլիթ Գալստեանը ԻՌՆԱ-ի հետ զրոյցում. «Իրանի Գերագոյն առաջնորդի յայտարարութիւնը գօտեպնդող էր եւ Հայաստանի ժողովրդի համար առանձնայատուկ նշանակութիւն ունէր»

Լիլիթ Գալստեանը ԻՌՆԱ-ի հետ զրոյցում. «Իրանի Գերագոյն առաջնորդի յայտարարութիւնը գօտեպնդող էր եւ Հայաստանի ժողովրդի համար առանձնայատուկ նշանակութիւն ունէր»

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ԻՌՆԱ-ին տւած հարցազրոյցում կարեւորելով Կովկասում Իրանի կառուցողական դիրքորոշումներն, ընդգծւած նշել է, որ առանց վարանելու կարելի է ասել, որ ժողովրդի անվտանգութեան եւ աշխարհագրութեան ու սահմանների փոփոխութեան անթոյլատրելիութեան վերաբերեալ Իրանի Իսլամական Հանրապետութեան Գերագոյն առաջնորդի յայտարարութիւնը Հայաստանի ժողովրդի համար առանձնայատուկ նշանակութիւն ունէր, յատկապէս, Հայաստանի ժողովրդին հոգեպէս գօտեպնդելու առումով:

«Իրան-Հայաստան յարաբերութիւնները հիմնւած են երկու հարեւան երկրների միջեւ երկարամեայ մշակութային, քաղաքական եւ պատմական կապերի, յատկապէս, երկու ժողովուրդների հոգեւոր ու մտաւոր ընդհանրութիւնների վրայ»,- նշել է Լիլիթ Գալստեանը եւ յաւելել, որ 1991 թւականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան Հռչակումից յետոյ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախութիւնը, որով կողմերն անցան համապարփակ դիւանագիտական, մշակութային եւ տնտեսական կապերի խորացմանը:

Լիլիթ Գալստեանը, ով վերջերս «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովին մասնակցելու նպատակով այցելել էր Թեհրան, ԻՌՆԱ-ին տւած հարցազրոյցում կարեւորելով տնտեսական եւ ռազմավարական գործօնը, յիշեցրել է երկու ժողովուրդների բարեկամական կապերի եւ Իրան-Հայաստան բարիդրացիական յարաբերութիւնների զարգացման փաստի մասին, ինչը միւս ոլորտներում յարաբերութիւնների զարգացման կարեւոր գործօնն է։

Պատասխանելով հարցին, թէ ինչպէ՞ս էք գնահատում Իրանի գործող կառավարութեան որդեգրած քաղաքականութիւնը, որի արտաքին ճակատի առաջնահերթութիւններից է հարեւան երկրների հետ յարաբերութիւնների զարգացումը, նա նշել է, որ պատմութեան ընթացքում Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնները միշտ եղել են փոխադարձ յարգանքով:

«Այս լաւ յարաբերութիւններն ու փոխադարձ յարգանքը շարունակւեց Հայաստանի Հանրապետութեան անկախացումից յետոյ նաեւ: Իսկ այս տարիների ընթացքում երկու բարեկամ երկրների միջեւ քաղաքական յարաբերութիւնների խորացման ականատեսը եղանք։ Այս ընթացքում Իրանի եւ Հայաստանի միջեւ ստորագրւել է աւելի քան 30 համագործակցութեան յուշագիր, որոնցից մի քանիսն այժմ իրականացւում են»,- յաւելել է նա։

«Այդ համագործակցութիւնները հիմնականում սոցիալական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում են։ Երկու երկրների տնտեսական յարաբերութիւնները անցեալի համեմատ զգալիօրէն աճ են արձանագրել։ Սոցիալական, տնտեսական եւ մշակութային յարաբերութիւնները շատ կարեւոր են, սակայն, ցաւօք, Հայաստանի ներքին իրավիճակի եւ Հայաստանի վրայ գործադրւող արտաքին ճնշումների պատճառով այժմ Հայաստանի կարեւորագոյն խնդիրն ու առաջնահերթութիւնն իր անվտանգութիւնն ու ինքնիշխանութիւնը պահպանելն է»,- ընդգծել է Լիլիթ Գալստեանը։

ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորը նշել է նաեւ, որ վերջերս Հայաստանում պաշտօնական հարցում է անցկացւել, որով մարդիկ այն հարցին, թէ ո՞ր երկրներն էք համարում Հայաստանի բարեկամ երկիր, առաջին եռեակում նշել են Իրանի անունը։

Լիլիթ Գալստեանը յիշեցրել է նաեւ 2020 թւականի 44-օրեայ պատերազմից յետոյ Հարաւային Կովկասում ուժերի հաւասարումները խախտւելու մասին եւ նշել, որ պատերազմից յետոյ զարգացումները բերեց նրան, որ այսօր Ադրբեջանը օկուպացրած է պահում Հայաստանի պաշտօնական տարածքի շուրջ 240 կմ., եւ թէեւ վերջին 2-3 տարում բազմաթիւ երկրներ խօսել են Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութիւնը յարգելու անհրաժեշտութեան մասին, սակայն այլ վստահութիւն ներշնչեց Իրանի մօտեցումները, յատկապէս, Իրանի Գերագոյն առաջնորդի արած յայտարարութիւնը՝ ժողովրդի անվտանգութեան եւ սահմանների անփոփոխութեան առնչութեամբ:

Երկու երկրների տնտեսական յարաբերութիւնների զարգացման վերաբերեալ հարցին պատասխանելով, Լիլիթ Գալստեանը նշել է, որ այդ համագործակցութիւնն աւելի մեծ ներուժ ունի, քան ներկայ իրավիճակը, եւ անհրաժեշտ է ընդլայնել այն. «Տնտեսական յարաբերութիւնները շատ կարեւոր են, սակայն ներկայումս Հայաստանի ամենամեծ խնդիրը ներքին անվտանգութիւնն է, քանի որ երկիրը կանգնած է լուրջ սպառնալիքի առաջ»,- կրկնելով միտքն ընդգծել է Լիլիթ Գալստեանը:

ԻՌՆԱ-ի զրուցակիցը յաւելել է, որ անվտանգութեան հետ կապւած խնդիրները պէտք է լուծւեն երկխօսութեամբ, ոչ թէ ռազմական գործօնի միջոցով։ «Հայաստանը միշտ ողջունել է այն կառավարութիւններին, որոնք ցանկացել են միջնորդել՝ պայմանով, որ այդ երկրները չվտանգեն մեր ինքնիշխանութիւնն ու անկախութիւնը»,- նշել է նա։

Արտատարածաշրջանային ուժերի, այդ թւում ԱՄՆ-ի տարածաշրջանից դուրս գալը, ինչքանով է նպաստաւոր ճգնաժամերի նւազեցման գործում հարցին պատասխանելով, ՀՀ ԱԺ պատգամաւորը նշել է. «Մինսկի խմբի ձեւաչափով՝ ԱՄՆ-ը ​​երկար տարիներ ներկայ է որպէս միջնորդ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ միասին՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծման գործում, սակայն մեր խնդրանքը Ամերիկային այն է, որ խուսափի երկակի ստանդարտներից»։

Լիլիթ Գալստեանը շարունակելով միտքը, որպէս օրինակ յիշեցրել է Արցախի 44-օրեայ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի ընդունած կեցւածքն ու լռութիւնը, յատկապէս, երբ Հելսինկեան կոնւենցիայի դրոյթներով պէտք էր արձագանգէին, սակայն բաւարաւեցին միայն յայտարարութիւն անելով։

Աղբյուրը՝ alikonline.ir