Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի կարծիքով՝ Հայաստանի այսպէս կոչւած «ղեկավարը» միայն վարկաբեկում է ազգն ու պետութիւնը: «Դեռեւս նոյեմբերից Արտաքին գործոց նախարարութեան պատասխանատուները բառիս բուն իմաստով կրակն էին ընկել այս՝ Նիկոլ Փաշինեան կոչւող պատուհասի ձեռքից: Նրա ապաշնորհ ու կասկածելի ղեկավարման արդիւնքում, Հայաստանի անփառունակ պարտութեան եւ Փաշինեանի թաքուն ու գաղտնաբար ստորագրած համաձայնագրի ցնցիչ պայմաններում, ուրիշ ելք չէր մնացել ԱԳՆ ղեկավարութեանը՝ քան հրաժարւելը»,- «Ալիք» օրաթերթի հետ զրոյցում ասաց պարոն Բաղումեանը: Նա նաեւ նկատեց, որ. «Նոյնն է եւ այսօր, նրա անընդունելի որոշումներն ու քայլերը, նաեւ ապաշնորհ պահւածքը, որոնք հասնում են մինչեւ դաւաճանութեան աստիճանի: Ինչպէս հայ ժողովրդի գիտակից մեծամասնութեան, այնպէս էլ ՀՀ հայրենասէր դիւանագիտական շրջանակի կողմից սրանք անընդունելի են սեպւում:
Հայրենիքի պաշտպանութեան դիրքերից պայքարող մեր դիւանագէտները պատրաստ չեն մաս կազմել ու մեղսակից լինել այս ապազգային «ղեկավար»-ի խայտառակ որոշումներին ու յանձնառութիւններին: Միեւնոյն ժամանակ չեն կարողանում նրան համոզել ու կանգնեցնել, դէմն առնել, որպէսզի հեռու մնայ թշնամուն ուրախացնող ստորաքարշ քայլերից»:
Հարցին, թէ այս օրերին եւս ականատեսն ենք նոյն ԱԳՆ գերատեսչութեան (ներառեալ ՀՀ դեսպաններ) հրաժարականների դիմումներին, նա ինչպէս է բնութագրում այս կարգի զարգացումները, ՀՅԴ Բիւրոյի անդամը պատասխանեց. «Արտգործնախարարութիւնը, եւ ոչ միայն, նաեւ անտեղեակ է պահւել ու պահւում գերզգայուն եւ ազգադաւ ծրագրերից, որոնք ինքնագլուխ գործադրւում են Փաշինեանի կողմից: Հետեւաբար, դիւանագէտներն ընդվզում են այս փսիխոպաթի (հոգեկան աններդաշնակութիւն-խմբ.) բազմաթիւ ու շարունակւող կործանարար քայլերից:
Բայց Փաշինեանը չի ազդւում: Ընդհակառակը նա կարգադրում է հնարաւոր բոլոր անընդունելի ու սպառնալից միջոցներով ճնշել դիւանագիտական անձնակազմին, որպէսզի նրանք չյանդգնեն հրաժարական ներկայացնել եւ հլուհպատակ կատարեն իր ազգակործան հրահանգները:
Այս տարողութեամբ անհամատեղութիւն արտաքին գերատեսչութեան եւ կառավարութեան «առաջին» դէմքի միջեւ՝ աշխարհում խիստ արտասովոր երեւոյթ է: Ի վերջոյ, այսպիսի «ղեկավար»-ը միայն վարկաբեկում է ազգն ու պետութիւնը»:
Մեր այն դիտարկմանը, որ Հայաստանը եւ ողջ հայութիւնը դէմ-յանդիման է արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին, որոնք յայտնի պատճառներով շատ տարբեր են լինելու անցնող 30 տարիների ընթացքում կայացած բոլոր ընտրութիւններից եւ որ ընտրութեան ինչպիսի՞ ելքի արդիւնքում կապահովւի նւազագոյն դրական այն իրավիճակը, որով հնարաւոր կը դառնայ ճգնաժամներն ու լրջագոյն մարտահրաւէրները յաղթահարել, պրն. Բաղումեանն արձագանգեց այսպէս.- «Ազգային ժողովի այս արտահերթ ընտրութիւնները Հայաստանի եւ ամբողջ հայութեան համար ճակատագըրական նշանակութիւն ունեն»:
Դիտարկմանը՝ թէ Նիկոլ Փաշինեանն պարտադրում է ազգին անցնել դժոխային ճանապարհի միջով եւ թեւակոխել իր անձնատւականպարտւողական խաղաղութեանը, մեր զրուցակիցը արձագանգեց, որ «Չափազանցութիւն չի լինի, եթէ ասեմ, որ այսօր մեր պետականութեան ինքնիշխան լինելութիւնը եւ ազգային գոյատեւման հարցերը խնդրոյ առարկայ են: Կամ մենք ազգովի կանդրադառնանք, որ այս չարիքը պիտի անմիջապէս հեռանայ մեր քաղաքական կեանքից, եւ կամ մենք արագ քայլերով կը շարունակենք մօտենալ լիակատար ինքնաոչնչացման՝ թերեւս անվերադարձ:
Չգիտեմ, էլ ինչ պիտի անէր Փաշինեանը, որպէսզի մեր ժողովրդի բացարձակ մեծամասնութիւնը՝ Հայաստանից՝ Արցախ ու մինչեւ Սփիւռք համոզւէր նրա չարիք լինելու իրողութեան մէջ:
Հետեւաբար, նւազագոյն դրական արդիւնքը այն է, որ ապահովւի նիկոլի ու նիկոլիզմի վերջնական հեռացումը իշխանութիւնից, նրանց քաղաքական մահը: Բոլոր մնացեալ հարցերը ածանցեալ են՝ հիմնւած ազգային նկարագրով իշխանութեան ձեւաւորման եւ համահայկական բնականոն ներքին համերաշխութեան կայացման վրայ: Իսկապէս՝ յետանկախութեան ենթադրեալ կամ իրական սխալներն ու մեղքերը, ոչինչ են Նիկոլ Փաշինեանի աւերիչ չարիքի համեմատ, որը սպառնում է դեռ շարունակել…»:
alikonline.ir