կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-02 12:14
Տարածաշրջան

Իրանը չի համաձայնել Հայաստանի հետ սահմանի վերացմանը. Ադրբեջանը կեղծիքներ է տարածում. ԻՌՆԱ

Իրանը չի համաձայնել Հայաստանի հետ սահմանի վերացմանը. Ադրբեջանը կեղծիքներ է տարածում. ԻՌՆԱ

ԻՌՆԱ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ չորեքշաբթի՝ 2021թ. դեկտեմբերի 1-ին, որոշ լուրեր են տարածվել Իրանի հյուսիսարեւմտյան սահմաններին Զանգեզուրի միջանցքի բացման կապակցությամբ, որի հետեւանքով որոշ թելեգրամային ալիքներ դա ներկայացրել են որպես այդ միջանցքի բացման պաշտոնական ընդունում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։

Այդ հայտարարությունները կատարվել են ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթին հղումով, որում գրվել է, թե Ադրբեջանի եւ Ռուսաստանի մոտեցումները Զանգեզուրի միջանցքի կապակցությամբ մոտեցել են իրար, եւ Թուրքիան էլ դա պաշտպանում է․ Սոչիի հանդիպման հիմամբ՝ այդ միջանցքը ստեղծվելու է, եւ Հայաստանը որեւէ հսկողություն այդ միջանցքի վրա չի ունենալու։

Որոշ թելեգրամային ալիքներ գրել են, որ «Էբրահիմ Ռայիսիի կառավարությունը համաձայնել է Իրանի եւ Հայաստանի սահմանի ջնջմանը»։ Մի բան, որ նույնիսկ «Ենի Մուսաւաթ» թերթի լրատվության մեջ չկա։

Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին ամիսներին բազմաթիվ անգամներ հստակորեն իր դիրքորոշումը հայտնել է երկրների տարածքային ամբողջականության եւ միջազգային ճանաչված սահմանների անփոփոխելիության մասին, եւ Այաթոլլահ Ռայիսին ԷԿՕ-ի ղեկավարների 15-րդ նիստում՝ Աշխաբադում, եւս մեկ անգամ հայտնել է Իրանի պաշտոնական դիրքորոշումը։

Իրանի նախագահի քաղաքական գրասենյակի ղեկավար Մոհամմադ Ջամշիդին, որն Իրանի պատվիրակության կազմում գտնվում էր Թուրքմենաստանում, ԻՌՆԱ-ի լրագրողին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահների հանդիպման ժամանակ չի արծարծվել Զանգեզուրի միջանցքի հարցը։

Համաձայն ԷԿՕ-ի նիստում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հայտարարությունների եւ նախագահի քաղաքական գրասենյակի ղեկավարի դիրքորոշումների՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը որեւէ կողմի հետ որեւէ համաձայնություն չունի Զանգեզուրի միջանցքի ստեղծման վերաբերյալ եւ իր ազգային շահերի շրջանակներում պաշտոնական սահմանների կապակցությամբ իր սկզբունքային դիրքորոշումներից որեւէ զիջում չի անելու։