Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի շարք միջազգային ֆինանսական կազմակերպություններից կարելի էր վերցնել ավելի էժան փողՙ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ ԳՄ Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանըՙ մեկնաբանելով ՀՀ վարչապետի գրառումը եվրոբոնդերի վերաբերյալՙ թե 500 միլիոն դոլարի պարտքի վերաֆինանսավորում են իրականացրել, ինչի արդյունքում կխնայվի տարեկան 10 միլիոն 200 հազար դոլար։
«ՀՀ վարչապետի կողմից աննախադեպ որակված և տնտեսական փայլուն վարկանիշ ունենալու չափանիշը փաստորեն բարձր տոկոսով եվրոպարտատոմսի մարումն է 2 տոկոսային կետով ցածր եվրոպարտատոմսի թողարկմամբ: Այո ցածրը լավ է, բնականաբար ավելի լավ է 4,2 տոկոս ֆինանսական ծանրություն ունեցող գործիքը քան 6,25 տոկոսը: Բայց արդյո՞ք 4,2 տոկոսը լավ է, և արդյո՞ք հնարավոր չէր գտնել ավելի էժան փող: Սա արդեն այլ դիսկուրս է և չի տեղավորում վարչապետի հիմնավորումների տիրույթում»,-ասաց նա։
Նա բացատրում է, թե ինչ է եվրոբոնդը․ եվրոբոնդը, ասել է թե եվրոպարտատոմսը, ֆինանսական գործիք է, որը հնարավորություն է տալիս ներգրավելու լրացուցիչ միջոցներ՝ մասնավորապես արտարժույթային կապիտալի տեսքով: 2013 թվականին ՀՀ-ում թողարկվել էին եվրոբոնդեր՝ 2020 թվականին մարման պայմանով: Հիմա քանի որ մոտեցել է մարման ժամկետը, կամ պետք է մարեինք այդ պարտատոմսերը, կամ մի ձևով երկարաձգեինք: Դե քանի որ ինչ-ինչ հանգամանքներով չենք նախատեսել մարել այդ 500,0 միլիոն դոլարը՝ երկարաձգեցինք: Այսինքն վերաֆինանսավորեցինք՝ նոր պարտք, հին պարտքը մարելու համար: Սա պարզ ֆինանսական հոսքերի գործընթացներ են, որի շուրջ աղմուկն անհասկանալի է:
«Այո, պարզ հաշվարկով 4.2 տոկոսը փոքր է 6.25 տոկոսից: Թողարկեցինք պարտատոմսը, տվեցինք միջնորդ բրոքերին, նա էլ վաճառեց և գործարքն ավարտված է: Բայց մի շարք միջազգային ֆինանսական կազմակերպություններից կարելի էր վերցնել ավելի էժան փող, ինչու՞ դա չընտրեցինք, օրինակ Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, կարող էինք 4,2 տոկոսից էականորեն տարբերվող փող վերցնեինք և էլ ավելի խնայեինք: Սա իհարկե ավելի բարդ ու աշխատատար ճանապարհ է, միջազգային ֆինանսական շուկաների հետ աշխատելու համար պետք է ունենալ անհրաժեշտ ռեսուրսներ՝ մասնագետներ և հստակ քաղաքականություն, որի պակասի մասին արդեն մեկ տարի է ասում ենք»,-պարզաբանեց նա:
Հարցը, ըստ նրա, բացի տնտեսական բաղադրիչից ներառում է նաև քաղաքական կոմպոնենտ․ «Եթե ուզում են ծախել 1,5 տարի առաջ տեղի ունեցած ժողովրդային շարժումը, ապա պետք է հստակ ցույց տան, որ պատրաստ են դրան: Այսինքն պետք էր զարգացման ծրագրեր դրվեր սեղանին, մատնանշվեն տնտեսական քաղաքականության ուղղությունները, ներդրվեն վերահսկողական բարձր համակարգեր և արդյունքների չափելիություն: Այս մեկ գործարքի մեջ կարևոր մեսիջը մեր պետությանը, ո՛չ թե տոկոսային կետի իջեցումն էր, այլ ժամկետի երկարաձգումը: Երկարաժամկետ և հաջորդաբար ֆինանսական նույն գործիքի կիրառումը կարող էր տրամաբանորեն բերել ծախսային բաղադրիչի՝ տոկոսի կրճատման: Բայց մեզ ժամկետ են ավելացրել, որ օգտագործենք: Հետո կարող է չտրվի այդ հնարավորությունը»:
Այնպես որ, տնտեսագետի խոսքով, հաջորդ տարվա բյուջեն պետք է կազմել բոլորովին այլ տրամաբանությամբ՝ ընտրված թիրախներով, գործողությունների հաջորդականությամբ և սոցիալական արդարության առանցք հանդիսացող արդյունքների վերբաշխմամբ: Հակառակ պարագայում ձախողումն անխուսափելի է: Պետական գանձարանի միջոցները պետք է դուրս բերվեն ավանդային կարգավիճակից և ներդրվեն տնտեսության մեջ:
«Մենք մեր խոշորացույցի տակ կպահենք ամբողջ ընթացքը»,-ընդգծեց Արմեն Գրիգորյանը: