Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հովիկ Քեշիշյանը 1915 թ․ Այնթափից գաղթած իր նախնիների հետքերով է գնում։ «Եթե մենք այստեղից 100 տարի առաջ չհեռանայինք, Հալեպից երկրորդ աքսորի չէինք ենթարկվի»։
Ջիհաթ Օզթուրք
Հովիկ Քեշիշյանը, ով 1989 թ․ ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, իրեն բնորոշում է որպես բնիկ այնթափցի։ «Ես ծնվել եմ Հալեպում, բայց ինձ այնթափցի եմ համարում։ Երբ մեզ Հալեպում հարցնում էին, թե որտեղից ենք, պատասխանում էինք՝ Անյթափից։ Այնթափից այլ ընկերներ էլ ունեի։ Ինձ ասում էին` դու 18 կարատանոց այնթափցի ես, մենք՝ 24 կարատանոց: Որովհետև նրանք և՛ մոր, և՛ հոր կողմից էին այնթափցի։ Մայրս սվասցի է»։
Հովիկի պապը, ում անունը նա կրում է, ծնվել է Այնթափում՝ 1913 թվին։ Պապից մնացած օրագրում գրված է՝ «Ես ծնվել եմ Այնթափի Էբլահանում, Էյուբօղլու մզկիթի մոտակայքում»։
Չնայած ընտանիքի զգուշացումներին, թե «Մի՛ գնա Այնթափ, քեզ հետ ինչ-որ բան կպատահի», Հովիկ Քեշիշյանն ամեն տարի գալիս է իր նախնիների ծննդավայրը։ Նրա հետ հանդիպեցինք Այնթափում, մի հին տանը և խոսեցինք այնթափցի ու հայ լինելու մասին։
«Պապս Սուրբ Աստվածածնում է մկրտվել»
Տանը Հովիկ Քեշիշյանն ու նրա ընտանիքի անդամները դեռևս թուրքերեն են խոսում։ «Սա մեր ժառանգությունն է Այնթափից: Մենք դա դիտարկում ենք որպես մշակութային հարստություն։ Առաջին անգամ Այնթափ եմ եկել 2015 թ․։ Ես այստեղից եմ։ Կարծում եմ՝ իմ արմատներն ու կապն այստեղ են»։
«Պապս ու հայրս ասում էին, որ Այթափի ժողովուրդը բնակչությունն արմատներ ունեցող ժողովուրդ է՝ շատ հարուստ պատմությամբ»,- իր հիշողություններն է պատմում Քեշիշյանը և հավելում,- «Այնթափի հայերի մասին գրքեր և նյութեր կարելի է գտնել Հալեպում։ Այնտեղ էլ մենք կենդանի ենք պահում անյթափցի լինելը։ Երբ Հալեպում մարդը զգոն է, պրոֆեսիոնալ ու խելացի՝ հարցնում են՝ «Այնթափցի՞ ես»։ Սա իմ վեցերորդ այցն է Այնթափ: Ծանոթացա պատմաբան, գրող Մուրադ Ուչաների հետ և նրա շնորհիվ իմացա քաղաքի պատմությունը։ Երբ առաջին այցիս տեսա Քուրթուլուշ մզկիթը, այսինքն՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, զգացի, որ այն ձգում է ինձ և հոգեբանորեն պատկանում եմ նրան։ Ավելի ուշ իմացա, որ պապս 1914 թ․ մկրտվել է Սուրբ Աստվածածին եկեղեցում»։
100 տարի, չորս սերունդ, երեք երկիր
Նշելով, որ ամեն անգամ Այնթափ գալով մեծ հուզմունք է ապրում, Քեշիշյանը այսպես է նկարագրում 1915-ը (Հայոց ցեղասպանությունը-Ակունքի խմբ․)․
«Ասում եմ, որ եթե 1915-ի դեպքերը չապրեինք, Հալեպ չէինք գաղթի։ Հալեպում էլ 1915-ի պես իրավիճակ չէինք ապրի։ Եթե 1915-ը չլիներ, մենք այսօր Սիրիայում տեղի ունեցող դեպքերի զոհը չէինք լինի։ Ու ամեն անգամ Այնթափ գալիս մերոնց վրա էլ եմ բարկանում։ Երանի մեր ընտանիքը նույնպես մուսուլման դառնար, որպեսզի կարողանայինք մնալ այստեղ (Հայոց ցեղասպանության ժամանակ իսլամ ընդունելը ոչ միշտ է փրկել արևմտահայերին տեղահանությունից և կոտորածից, այդ մասին ավելի մանրամասն տես՝ Թաներ Աքչամ, «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և բռնի ուծացում», Երևան, 2016 թ․-Ակունքի խմբ․):
Քանզի տրավմա ենք ապրել։ Հիմա չորրորդ սերունդն ենք։ Պապիս հորը ճանաչում ենք, իսկ նրանից առաջ եղածներին՝ չէ։ Պապս ծնվել է Այնթափում, ես ու հայրս՝ Սիրիայում։ Տղաս ծնվել է Հայաստանում։ Չորս սերունդ, երեք տարբեր երկրներ… Ի՞նչ է նշանակում 100 տարում փոխել երեք երկիր։ Ամեն անգամ այստեղ գալիս ցավ եմ զգում»:
Քեշիշյանն իր ընտանիքից միակն է, ով Այնթափ է գնում-գալիս։ Իրականում նրա մայրն ամեն անգամ անհանգստանում է՝ մտածելով, որ նրա հետ ինչ-որ բան կպատահի։ «Մի՛ գնա, տղաս, ի՞նչ գործ ունես։ Դա կարող է վտանգավոր լինել։ Փորձանք է քեզ համար: Գնա Եվրոպա, ինչո՞ւ ես Այնթափ գնում։ Վերջացած բան է։ Փակված գրքեր բացելու պես։»-նման բաներ է ասում։
«Բեյ թաղամասը ձգում է ինձ։ Հին հայկական թաղամասը։ Սիրում եմ պատմություն բուրող վայրերը: Հատկապես եթե այս պատմությունը իմ ընտանիքի, իմ նախնիների ու պապիս պատմությունն է՝ չեմ ուզում բաժանվել դրանից։ Կուզեի մնալ Այնթափում և ապրել այստեղ։ Ուզում եմ, որ որդիս Այնթափի ոգին ունենա։ Թող ապրի այստեղ, ինչպես իր նախնիները»։
https://bianet.org/haber/atalarinin-izinde-antepli-bir-ermeni-291982
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net