Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։ Ներկայացնում ենք մեծ վարպետի հայտնի՝ «Հայը և հայը» պատմվածքի մասին լրագրող Թագուհի Մելքոնյանի էսսեն։
Երբ շարունակ խոսում ենք հայի հարատևության գաղտնիքի մասին, ուրիշ ազգերից լավը չենք դառնում, բայց ոչ էլ նմանվում ենք ուրիշ ազգերին, գուցե նրա համար, որ ուրի՞շ ենք։ Պարուսույց Կարեն Գևորգյանը, որն իր հոր նման լավ է պարում, և որի բեմադրած պարը նմանը չունի, օրինակ, վստահ է, որ հայի հարատևության գաղտնիքը «Բերդ» համույթի՝ դահլիճը թնդացնող, մեր գենն ու հպարտությունը տակնուվրա անող պարն է։ Արարատյան դաշտում այգեկութ անող մշակը, որի այգին նմանը չունի Արարատի շքեղության ֆոնին, գիտի մի պարզ ճշմարտություն. քանի դեռ Արարատը կա, հայը անպայման լինելու է։ Գլենդելում կամ Կրասնոդարում ապրող հայն էլ օրինակ՝ մեր ցեղի հարատևությունը «պահելու» համար հարս է բերում Հայաստանից։ Իսկ Հայաստանում հիմա անպսակ աղջիկներ շատ կան. պատերազմ է անցել մեր երկրով... Մեր սերնդին բաժին հասած երկրորդ, թե երրորդ պատերազմը, որը այդպես էլ չի ավարտվում...
Չգիտեմ «Բերդի» պարը, Արարատի սիրունությունը, պատերազմը, թե պարզապես խառը ժամանակները ստիպեցին նորից մտորել Սարոյանի հանճարեղ «Հայն ու հայը» պատմվածքի մասին, բայց ավելի լավ ստեղծագործություն, որը կբնութագրեր մեր ցեղին ու կտար մեր տեսակի ստույգ բնորոշումը, դեռ չեմ կարդացել։
«Հայը և հայը» պատմվածքը Սարոյանի՝ «Շունչ և արտաշունչ» ժողովածուի նախավերջին գործերից է, ինչու չէ հենց՝ գլուխգործոցներից։ Սարոյանն իրեն բնորոշ սրամտությամբ, հումորով, էմոցիաներով ու հակասություններով բացատրել է անբացատրելին՝ հայի հարատևության գաղտնիքը՝ մեր առավելություններով ու առանձնահատկություններով։ Իր մյուս գրվածքների պես՝ այստեղ ևս նա փորձում է ասել, թե հայ լինելն ուրիշ է․ այն առավել չէ աշխարհի մյուսներից, այն աշխարհի ամենալավ բանն է։
Ամերիկահայ գրողը պատմվածքը սկսում է նախորդ դարի ինչ-որ հիշարժան կամ անհայտ տարեթվին մի հասարակ հայի հետ աշխարհի մի ուրիշ ծայրում (Ռուսաստանի Ռոստով քաղաքում) հանդիպման դրվագով, որն ուղեկցվում է հայկական արմատների մասին ավանդական, բայց ոչ սովորական զրույցով։ Սարոյանը, որ արյունով հայ էր, իսկ միջավայրով` ամերիկացի, անակնկալի է բերում հայ սպասավորին՝ հայտնվելով մի վայրում, որտեղ իրեն չէին սպասում։ Հայկական արմատներով ամերիկացու՝ Ռոստովում հայտնվելը զարմանալի մի բան էր, չէ՞ որ Խորհրդային տարիներին Ռուսաստանը «երկաթե վարագույր» էր ամերիկացիների համար, իսկ Ամերիկան այդ վարագույրի ծանրությունից «շնչահեղձ լինող» ազգերի համար արգելված երազանք։ Սակայն Սարոյանի, ավելի շուտ հայի համար անհնար ոչինչ չկար, մանավանդ որ, այդ տարիներին նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք կար ոչ միայն Հայաստանում և ԱՄՆ–ում, այլև Ռուսաստանում, հատկապես հասարակ ժողովրդի, գրքասերների կողմից։ 1991–ին՝ նախքան ԽՍՀՄ–ի վերջնական փլուզումը, թողարկվեց Սարոյանի լուսանկարով սովետամերիկյան համատեղ նամականիշը, ինչը չլսված, բայց ոչ անհնարին մի բան էր «սառը պատերազմի» մեջ գտնվող երկրների համար։ Բայց Սարոյանի հայտնի պատմվածքը Սովետի կամ Ամերիկայի մասին չէ. այն հայի և հայի մասին է։ «Դուք անգամ չեք պատկերացնի, որքան լավ է հայի համար հանդիպումը մի ուրիշ հայի`աշխարհի կորած-մոլորած մի անկյունում, այն էլ գարեջրատանը՝ մի տեղ, ուր մարդիկ խմում են»,–պատմվածքում ասում է Սարոյանը` բիթլիսցու արմատներով բարի հսկան, որն իր մեջ կրում էր հայի լավագույն որակները, որով օվկիանոսից այն կողմ հայը հայ էր մնում, հեռու՝ օտարացման վտանգից:
Սարոյանն ու նրան պատահած մշեցի սպասավորը, որի բառը, շարժուձևն ու անգամ նայվածքը հայերեն են, նույն բախտն ու նույն հայրենիքն ունեն, բայց այն Հայաստանը, որը գտնելու համար մեր հերոսն, իբր, ճամփա է ընկնում, պարզվում է՝ չկա։ Սարոյանը, որն իր կյանքում չորս անգամ հասցրել էր լինել Հայաստանում, կսկիծով հանկարծ խոստովանում է՝ «Չկա Հայաստան, Պարոնա՛յք»։ Գրողը նկարագրում է Փոքր Ասիայում գտնվող փոքր հողակտորը, որտեղ հովիտներ են, լեռներ, լճեր ու քաղաքներ, որոնք աշխարհի ուրիշ վայրերից պակաս չեն, բայց Հայաստանն այդ չէ։ «Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան, պարոնա՛յք, կան միայն մարդիկ, որ այս աշխարհում ապրում են որպես իրենց երկրում»,–ասում է Սարոյանն ու շտապում իրեն ու ընթերցողին հանգստացնել. «Եվ Ամերիկա էլ չկա, պարոնա՛յք, Անգլիա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա, միայն մարդկանց երկիրը կա»։
Այս փոքրիկ հողակտորը, որը հողակտոր չունեցող ասորիները ժամանակին անվանել են Նաիրի, և որի կարոտից «խեղդվող» Իսահակյանը Ժնևում խնդրում էր ֆրանսախոս հայուհուն իր համար հայկական լավաշ թխել, պարզվում է, Իսահակյանից ոչ պակաս հանճարեղ Սարոյանի համար «միայն մարդկանց երկիր է»։ Սարոյանը նմանօրինակ մի միտք է հնչեցնում իր մեկ այլ՝ «Յոթանասուն հազար ասորի» հրաշալի պատմվածքում՝ նկարագրելով ասորի վարսավիր Թեոդոր Բադալին՝ որպես «ինքնին յոթանասուն հազար ասորի ու յոթանասուն միլիոն ասորի, ինքնին Ասորեստանն ու մարդ, որը Սան Ֆրանցիսկոյի վարսավիրանոցում 1933 թվականին կանգնած՝ ինքն իսկ իր ամբողջ ցեղն էր»։ Այսինքն Սարոյանն իր գրվածքներում թե՛ երկիրը և թե՛ հայրենիքը վերագրում է մարդուն՝ նրա մեջ խտացնելով ազգի ցավն ու տառապանքը, ոգին ու զորությունը, անգամ՝ հարատևությունը։ Հեղինակը բացատրում է՝ երկիրը կործանել հնարավոր է, բայց մարդուն, այն էլ հայ մարդուն՝ ոչ։ «Հայը և հայը» պատմվածքի վերջաբանում Սարոյանը անհասցե հարցադրումներ է հղում մեր ցեղի ու ինքնության հետ կռիվ ունեցողներին։ Սարոյանի տողերից կարծես ժայթքում է բառեղեն մի ինքնատիպ հրաբուխ, որի նմանը աշխարհի ոչ մի վայրում չի եղել և որի դեմ անզոր են աշխարհի բոլոր հեղեղները։
«Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, հպարտ մարդկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված ու երգերը լռած են: Փորձե՛ք կործանել այս ցեղը, ասացե՛ք` դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը` պատերազմի ծխով բռնված: Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանաք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրեն: Տեսե՛ք` ցեղը դարձյալ պիտի չհառնի, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով: Ջանացե՛ք, տեսե՛ք` կարողանա՞ք պիտի, շունշանորդինե՛ր, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձե՛ք ջնջել նրանց»։ Ժամանակի ընթացքում, սակայն, Սարոյանի այս հայտնի միտքը կոպտորեն խմբագրվել է. «Երբ նրանցից երկու հոգի հանդիպեն աշխարհի որևէ մի վայրում, տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու նոր Հայաստան» ձևակերպմամբ։ Իհարկե, այս տողերը պակաս տպավորիչ չեն, քան բնագիրն է, բայց դրանց հեղինակը Սարոյանը չէ։ Այս շինծու գրվածքը վերջին տասնամյակներում հայտնվել է ամերիկյան հայաշատ քաղաքներում Սարոյանին վերաբերող հոբելյանական պաստառների վրա, տեղ գտել «Խոստումը» ֆիլմում. փոփոխված տողերն անգամ գրված են ԱՄՆ-ի Կոնգրեսի հատակին։ Թվում է, թե սա փոքր նրբություն է և ավելի ազդեցիկ է դարձնում Սարոյանի միտքը, սակայն սեփական սկզբունքների համար գրական՝ Պուլիտցերյան մրցանակից հրաժարված գրողի ստեղծագործության հետ այսպես վարվելը, մեղմ ասած, ազնիվ չէ։ Սարոյանին «ուղղածները» գուցե միամտաբար կարծել են, թե պատմվածքի կուլմինացիան հանգուցալուծելով՝ նրանից ավելի ազգային և հայրենասեր կերպա՞ր կստանան։ Այն Սարոյանից, որը հերթական անգամ ոտք դնելով Հայաստան «միամտաբար» գնել էր հայկական «Մասիս» գործարանի արտադրած ոտնամաններն ու հպարտ քայլում էր Երևանի փողոցներում, և երբ մտավորականները զգուշացրել են, որ հնարավոր է ոտքերը վնասվեն, Սարոյանը հանգստացրել է՝ ասելով. «Հայրենական կոշիկը չի կարող վնասել», այսինքն Սարոյանի համար հայը ինքնին որակի չափանիշ էր և ոչ միայն։
Իսկ ո՞րն է Սարոյանի անունից մեզ ընծայված «Նոր Հայաստանը». այն, որ Կալիֆորնիայու՞մ է, Ռոստովու՞մ, Մարսելու՞մ, թե այն, որը խոստանում է ստեղծել մեր փոքր հողակտորի վրա ամեն հաջորդ իշխանություն։ Այս հարցի պատասխանը ուրիշ գրողների ստեղծագործություններում է։ Իսկ այս պատմվածքը, հասկանում ենք, հայի ու հայի հարատևության մասին է, որի առեղծվածը Սարոյանի բառերի, Կոմիտասի երաժշտության, Նարեկացու տաղերի, Սարյանի գույների, և այո՛, հենց դահլիճը թնդացնող «Բերդ» պարի մեջ է։