կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-19 14:48
Մշակույթ

Մեր նախնիների մարմնի մասերը դրել` կոչումների տակ բաժանում են. Սերգեյ Դանիելյան

Մեր նախնիների մարմնի մասերը դրել` կոչումների տակ բաժանում են. Սերգեյ Դանիելյան

Հիմա ինչ շքանշաններ ասես, որ չկան` Մաշտոցի գլուխ, Արտավազդի վիզ... Մեր նախնիների մարմնի մասերը դրել` բաժանում ենք, ու մենք էլ ուրախ-ուրախ ապրում ենք. լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Սերգեյ Դանիելյանն` անդրադառնալով օրերս ԱԺ-ում կոչումների, մեդալների հետ կապված հարցի քննարկմանը:

 

Նրա կարծիքով` մենք Ռուսաստանից, Եվրոպայից վերցնում ենք միայն վատը, կապկում ենք նրանց:

 

«Ուզում եմ հարցնել արվեստագետներին` որքանո՞վ է հաճելի ճիճուի կարգավիճակով ապրելը: 30-40 տարի մարդուն բանի տեղ չեն դնում, չեն հետաքրքրվում` ինչպես և ինչով է ապրում, մեկ էլ հանկարծ վաստակավորի կոչում են տալիս ու բոլոր հարցերը լուծում: Այդ կոչումները մեզ սովետից են մնացել, պատկերացնո՞ւմ եք` Ֆելինին Իտալիայի ժողովրդական արտիստ լիներ: Ինչի՞ համար են այդ կոչումները բաժանում, մարդ բան չի հասկանում, առավել ևս, որ ժողովրդականների 80 տոկոսն անգամ մասնագիտորեն անպիտան են»,- ասաց Դանիելյանը:

 

Նա նշեց, որ ընդհանրապես դեմ է բոլոր տեսակի կոչումներին, քանի որ դրանք արվեստագետներին փչացնելու ձև են:

 

ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն էլ, իր հերթին, նշեց, որ ԱԺ-ն, կարևոր հարցերը թողած, կոչումնե՞րը պետք է քննարկի, և այս տեսանկյունից համաձայն է Դանիելյանի հետ, որ մենք ճիճու ենք:

 

«Ինչ ասես` չենք վերցնում Եվրոպայից` առանց հասկանալու` պետք է, պետք չի: Մեզ մոտ արդեն կոնչիտաներ կան, Բոլոնյան համակարգը ներդրվեց կրթական համակարգում… Կոչումները երբեմն պետք են` տարբերակելու համար` ով ով է: Ես ժողովրդականի կոչում ունեմ, բայց չեմ գնացել-խնդրել, որ տան, ու դրանից հետո էլ չեմ ստրկացել: Ընդհակառակը, փիս-փիս բաներ եմ արել, որի համար էլ ուզում էին ինձ պատժել: Հիմա էլ եմ ասում` իշխանությունների հերն էլ անիծած»,- ասաց Ծատուրյանը:

 

Նա նշեց նաև, որ, ընդհանուր առմամբ, կողմ է կոչումների գոյությանը, և ողջունելի է, որ դրանք տալիս են նաև երիտասարդներին, օրինակ` վերջերս դերասանուհի Նարինե Գրիգորյանին տվեցին:

 

Yerkir.am-ի հարցին, թե, այնուամենայնիվ, կոչումները մեր երերում թացը չորից տարբերելու համա՞ր են, թե՞ ավելի են խառնում ամեն ինչ, Ծատուրյանը պատասխանեց, որ հիմա արժեզրկվում է ամեն ինչ, քանի որ կոչումներ շնորհում են ում ասես և որքան ասես. «Եթե դրանց թիվը շատ սահմանափակ լիներ` ուրիշ բան, դու քեզ գնահատված կզգայիր, իսկ էսպես` ընդհակառակը, եղածը հողին են հավասարեցնում»:

 

Սերգեյ Դանիելյանն էլ նշեց, որ մեր օրերում դրանք խառնաշփոթ են ստեղծում, որովհետև օբյեկտիվ չեն գնահատում. «Սաղ երգերը երգել էին, մնում էր սարի սմբո՞ւլը»:

 

Դերասանը նշեց, որ ինքնասպան կլիներ, եթե իրեն զանգեին նախագահականից և ասեին, որ ինքն ինչ-որ կոչման է արժանացել: