Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց պատմության ամենաողբերգական, ցեղասպանության ամիսն է ապրիլը, և ավանդույթի ուժով շատ է խոսվելու հայոց ցեղասպանության մասին։ Այս համատեքստում խոսվել է նաև հայ որբերի փրկության, այլ կերպ ասած՝ «որբահավաք» գործունեության մասին:
Ավելի քան մեկ դար առաջ այս օրերին, երբ «մարդկության խիղճը քար էր կտրել»1, հայությունը ստիպված էր մտածել արևմտահայության բեկորների, մասնավորապես՝ հայ որբերի փրկության մասին։ «1915 թվականի հայոց ցեղասպանությունից հետո մեծ հայդուկ Սեբաստացի Մուրադը և այլք Արևմտյան Հայաստանից մինչև արաբական անապատների տարածքներում փորձում էին հայ մանուկներ փրկել: Կարգախոսն էլ հատկանշական էր՝ մեկ հայը՝ մեկ ոսկի»2:
Որբահավաք ծրագիրը իրականացնում էին այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք էին զորավար Սեպուհը, Մարզպետը, Սեմի Չավուշը, Անդրանիկը, Սողոմոն Թեհլիրյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը․ ֆիդայիներ, որոնք մահմեդականներից ոսկու դիմաց գնում էին ցեղասպանության հետևանքով նրանց ձեռքում հայտնված հայ որբերին՝ մեկ հայի դիմաց վճարելով մեկ ոսկի:
Աշխարհի տարբեր ծայրերում հայութունը դրամահավաքներ կազմակերպեց ի նպաստ այս ծրագրի, որի շնորհիվ «1916 թ. օգոստոս-նոյեմբերին, «Մեկ հայ՝ մեկ ոսկի» ֆոնդին հանգանակվեց շուրջ 200.000 ռուբլի, որով փրկագնվեց 11.000 մարդ»3:
Առանց թվային մանրամասնություններ ներկայացնելու՝ փաստենք․ «Հայոց ցեղասպանության տարիներին սկիզբ առած որբահավաք առաքելությունը՝ «մեկ հայ՝ մեկ ոսկի» կարգախոսով, արդեն 1916 թվականի մի քանի ամիսների ընթացքում տվեց զգալի արդյունք. ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում՝ Էրզրումում, Բիթլիսում, Տրապիզոնում, Վանում, մահմեդական գերությունից ազատագրվեցին տասնյակ հազարավոր հայեր, որոնց մեջ գերակշիռ թիվ էին կազմում հայ երեխաները և հարեմներին վաճառված երիտասարդ կանայք»4:
Որբահավաք աշխատանքները ղեկավարում էին հայ քաղաքական կուսակցությունները և Հայ բարեգործական ընդհանուր միությունը․ «մեկ հայը՝ մեկ ոսկի» ծրագրի իրականացման գործում մեծ դեր խաղաց նաև այն օրերին «Հայ կարմիր խաչ» անունը կրող Հայ օգնության միությունը (Դաշնակցության քույր կառույցը), որը «ձեռնարկեց «մեկ որբ՝ մեկ ոսկի» նշանաբանով առաքելություն՝ փրկելու արաբական անապատներում ապաստանած հայ որբերին»5։ Այս ծրագրի և հայ որբախույզների6 շնորհիվ փրկագնվեցին տասնյակ հազարավոր հայ որբեր և հարեմներում գտնվող հայ աղջիկներ ու թեև «․․․․հասարակարգում մարդկանց առքուվաճառքը երբևէ չի խրախուսվել, դեռ ավելին՝ մեր հասարակության համար խորթ են ստրկատիրական հասարակարգին բնորոշ դրսևորումները, այնուամենայնիվ ցեղասպանության տարիներին հայ հասարակության մեջ քաջալերվում էր մահմեդական ստրկությունից իրենց հայրենակցին փրկագնով ազատագրելը»7:
Ահա այսպես ավելի քան մեկ դար առաջ հայ հասարակության գերնպատակը արևմտահայության բեկորների փրկությունն էր, և հայ հասարակական-քաղաքական շրջանակները, ինչպես նաև աշխարհասփյուռ հայությունը կիրառում էին տարբեր մեթոդներ՝ ազատագրումից մինչև փրկագնում, քանզի մեծ ողբերգության օրերին ապահով վայրում ապրող հայի համար իր հայրենակցի վտանգված կյանքը մեծագույն արժեք էր:
Իսկ ի՞նչ է կատարվում այսօր հայկական երկու պետություններում, ի՞նչ արժեք ունի հայ մարդու կյանքը հայաստանյան կառավարող շրջանակների համար։ Ինչպե՞ս եղավ, որ ավելի քան մեկ դար առաջ պետականություն չունեցող ու ցեղասպանվող ժողովուրդը գաղափարապես շատ ավելի միասնական էր, քան այսօր, երբ հայ ժողովրդի արցախյան հատվածը փաստորեն միայնակ է դիմագրավում թշնամու ցեղասպանական քաղաքականությանը:
Հայաստանի անկախության վերականգնումից ու արցախյան պատերազմում տարած հաղթանակից հետո թվում էր, թե հայ ժողովուրդը այլևս չպետք է կանգնի ցեղասպանվելու վտանգի առջև և չնայած բազմաթիվ շրջանակների թուրքամետ գործունեությանը՝ հայ ժողովրդի գիտակցության մեջ թուրքը թշնամի էր։ 1915 թ․ թուրքն ու ժամանակակից թուրքը նույնն էին, մեկ տարբերությամբ՝ 1915-ի թուրքը հայությանը ցեղասպանած ու Հայաստանը հայաթափած թուրքն էր, ժամանակակից թուրքը՝ պարտություն կրած և հայկական Արցախից դուրս շպրտված թուրքը:
Սակայն 2020 թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո հայ հասարակության հոգեբանության ու մտածողության մեջ ամեն բան կտրուկ փոխվեց․ նախկին հաղթող, թշնամուն դիմակայելու և Արցախի համար մշտապես պայքարելու պատրաստ ժողովուրդը դարձավ զիջող, կրավորական ու անտարբեր իր հայրենիքի բոլոր հատվածների ճակատագրի նկատմամբ, և այդ անտարբերության պատը չկարողացավ խարխլել անգամ 2022 թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Բերձորի միջանցքի փակումը8, ու թեև ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը միջազգային տարբեր հարթակներում բարձրաձայնում են. «12 դեկտեմբեր 2022-էն ի վեր, Ատրպէյճանն արգելափակած է «Լաչինի միջանցքը», միակ ճանապարհը, որ կը կապէ Արցախի Հանրապետութիւնը Հայաստանին հետ՝ պատճառ դառնալով աւելի քան օրական 400 թոն սննդամթերքի, դեղորայքի եւ այլ կարեւոր ապրանքներու փոխադրութեան դադրեցման, փորձութեան տակ դնելով Արցախի սննդամատակարարման ապահովութիւնը։ Բացայայտ կը դառնայ, որ Արցախի 120.000 բնակիչները զրկուած կը մնան ապահով եւ արժանավայել կենցաղի ամէնէն տարրական իրաւունքներէն, սնունդէն, առողջապահական խնամքէն, կրթութենէն եւ երթեւեկութեան ազատութենէն»9։ Հայաստանի իշխող շրջանակներում որդեգրել են «թղթե շերեփի» ու «աղերսագրերի» քաղաքականությունը՝ միաժամանակ փորձելով ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը բարդել ռուսական կողմի վրա և հայ հասարակության մեջ տպավորություն ստեղծել, թե իշխանությունն աշխատում է Արցախի շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ, մինչդեռ իրականությունը միանգամայն հակառակն է, և ՀՀ-ում իշխողների անտարբերությունն ու Արցախից (նաև Սյունիքի, Վարդենիսի, Վայոց ձորի ու Տավուշի հայկական գյուղերից) «ձեռքերը լվանալու» տրամադրությունը փոխանցվել է նաև հայ հասարակության մի զգալի հատվածին՝ զիջողական ու պարտվողական հոգեբանության վերածվելու շատ վտանգավոր միտումով, քանզի, ինչպես իրավացիորեն նշել է Գարեգին Նժդեհը. «Չի եղել ավելի զարհուրելի թույն, քան վատ օրինակը առաջնորդի, որ միշտ վարակիչ է: Եսակա՞ն է` անասնանում են նրա հետ առնչվողները: Ծո՞ւյլ է մտավորապես` հոգևոր հնավաճառներ են դառնում նրան շրջապատողները: Անհայրենապա՞շտ է՝ հակահայրենիք հրեշներ են վխտում նրա շուրջը: Իսկ անարի է` զգալիորեն երկչոտ են դառնում նրա իշխանությունը վայելողները»10։ Ահա այստեղ է վերջին երեք տարիների «ինչո՞ւ»-ի պատասխանը․ պետք է փոխվեն ազգային գաղափարախոսություն և հոգեբանություն ձևավորող ղեկավարները, որոնք կամա, թե ակամա օրինակ են դառնում իրենց իշխանության ներքո գտնվողների համար:
«Մեկ հայը՝ մեկ ոսկի» գերնպատակով առաջնորդվող առաջնորդներին հետևող ժողովրդի համար ամենաողբերգական պահերին իր մեկ այլ հայրենակցի կյանքը թանկ է ոսկուց, և նա պատրաստ է «զոհաբերել» իր մեկ, թե տասնմեկ ոսկին՝ փրկելով հայրենակցի կյանքը։ Իսկ եթե «ազգային իշխանությունը»՝ պետության կառավարողները, առաջնորդվում են մեկ գյուղ՝ իշխանության դիմաց և ինչ ուզում են, տանք, որպեսզի խաղաղություն լինի կործանարար սկզբունքով և այդ սկզբունքը դարձնում պետական քաղաքականություն, ապա նույն պարտվողական տրամադրություններով վարակվում է նաև այդ իշխանության գործունեությանը հետևող ժողովուրդը:
Ի՞նչ անել իրավիճակը փոխելու և անտարբերության պատը ճեղքելու համար։
Առաջին հերթին պետք է փոխել նրանց, ովքեր Հայաստանում պետական քաղաքականություն են մշակում, այսինքն՝ իշխանության աթոռին հայտնվածներին, այնուհետև մշակել հստակ պետական-ազգային, քաղաքական ծրագիր-գաղափարախոսություն, ինչպիսին օրինակ՝ ՀՅԴ-ի «Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան»-ի գաղափարն է։ Այդ գաղափարախոսությամբ առաջնորդվող իշխանությունը այն օրակարգային կդարձնի նաև ժողովրդի համար։ Երկար ու բարակ, հոգնեցնող ճառերի փոխարեն, հստակ գործողություններով անհրաժեշտ է հասարակությանը ցույց տալ հայկական պետության քաղաքական առաջնահերթությունները կամ էլ թույլ տալ, որ ապաշնորհության, անկարողության պատճառով կամ դավաճանությունից դրդված՝ հայ հասարակությանը խեղճի, թույլի, պարտվածի ու վախկոտի հոգեբանություն ներշնչողներն ի վերջո հասնեն իրենց նպատակին:
Կարևոր գերխնդիր է հասկանալ, որ «․․․հայրենիք փրկել, այսօր արդեն նշանակում է փրկել հայի կյանքեր: Հակառակ դեպքում ազգովի երգելու ենք «Հայ եմ փնտրում, հայ, հայը՝ մեկ ոսկի»»11։ Հայ հասարակական-քաղաքական շրջանակները, մտավորականներն ու զինվորականները պետք է հստակ ձևակերպեն իրենց անելիքն ու նպատակները․ հերթական կապիտուլյացիայից ու հայրենազրկումից հետո անպաշտպան մնացած կանանց ու որբերի հավաքման գործո՞վ զբաղվել, թե՞ թույլ չտալ, որ Արցախում, Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Տավուշում հերթական 1915 թ․ տեղի ունենա, ո՞րն է հայությանն առաջնորդող շրջանակների ընտրությունը․ այն պետք է ձևակերպել հնարավորինս արագ, քանի դեռ մի փոքր շնչելու ժամանակ կա մինչև մոտալուտ լայնածավալ պատերազմը (հավանաբար, տարածաշրջանային կամ համաշխարհային):
____________________
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն., Եր., 1993., էջ 12։
2.https://yerkirmedia.am/hy/telecast/4/3369։
3. Խանումյան Գ., Հայոց ցեղասպանության տարիներին «մեկ հայ՝ մեկ ոսկի» փրկության առաքելության ձևավորման հարցերի շուրջ., https://agmipublications.asnet.am/wp-content/uploads/2020/05/Tseghaspanagitakan-handes-5-2.2017-36-48.pdf ։
4. Նույն տեղում, էջ 44։
5. http://arsarmenia.org/wp-content/uploads/2015/04/HOM_TERT_2.pdf։
6. Սեպուհ., Էջեր իմ յուշերէն., Պօսթըն 1925., էջ 296։
7. Խանումյան Գ., նշվ., աշխ., էջ 46։
8. https://armenpress.am/arm/news/1099372.html։
9. https://horizonweekly.ca/en/%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%B8%D5%BE-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4%D5%9D-%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BD/։
10. https://hraparak.am/post/5b4da1b01b95c206c5c66e26։
11. https://mamul.am/am/news/227820։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՑԱՆԿ
ա) Գրականություն
1. Խանումյան Գ., Հայոց ցեղասպանության տարիներին «մեկ հայ՝ մեկ ոսկի» փրկության առաքելության ձևավորման հարցերի շուրջ., https://agmipublications.asnet.am/wp-content/uploads/2020/05/Tseghaspanagitakan-handes-5-2.2017-36-48.pdf ։
2. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն., Եր., 1993։
3. Սեպուհ., Էջեր իմ յուշերէն., Պօսթըն 1925։
բ) Համացանցային նյութեր
1. https://yerkirmedia.am/hy/telecast/4/3369։
2. http://arsarmenia.org/wp-content/uploads/2015/04/HOM_TERT_2.pdf։
3. https://armenpress.am/arm/news/1099372.html։
4. https://horizonweekly.ca/en/։
5. https://hraparak.am/post/5b4da1b01b95c206c5c66e26։
6. https://mamul.am/am/news/227820։
Անի Մելքոնյան