կարևոր
6805 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-02 20:23
Քաղաքական

Շուրջ 50 նորագիրներ համալրել են ՀՅԴ շարքերը

Շուրջ 50 նորագիրներ համալրել են ՀՅԴ շարքերը

Ապրիլի 2-ն ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ՀՀ տարբեր մարզերից շուրջ 50 նորագիրներ համալրել են Հ․ Յ․ Դաշնակցության շարքերը։

Հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ուղղված խոսքով հանդես են եկել ՀՅԴ Բյուրոյի աշխատակազմի ղեկավար, իրանագետ Սարգիս Մկրտչյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով վերջին շրջանում Հ․Յ․ Դաշնակցության դեմ սաստկացող բռնաճնշումներին՝ Սարգիս Մկրտչայնն իր խոսքում նշել է․

«Չի ներվում Դաշնակցության հայրենասիրությունը, սակայն ներվում են օտարների ծավալապաշտական նկրտումները։ Չի ներվում Դաշնակցության արդարամտությունը, բայց ներվում է Հայաստանում թե Հայաստանից դուրս ուժի իրավունքի կիրառումը։ Չի ներվում Դաշնակցության ժողովրդավարությունը, բայց ներվում են ժողովրդավարության քողի տակ Հայաստանում, թե Հայաստանից դուրս բռնապետության  հաստատումը»։

Ընդգծելով մեր օրերում հայրենիքի ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնելու կարևորությունը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում շեշտել է, որ Դաշնակցությունը մերժում է օրվա իշխանության առաջարկած «փրկությունը հանձնվելու մեջ է» բանաձևը՝ դա համարելով ինքնաոչնչացման ճանապարհ։

«Մենք մեր ժողովրդին առաջարկում ենք պայքար հանուն փրկության և պատրաստ ենք լինել այդ պայքարի և՛ զինվորը,  և՛  առաջամարտիկը։

Դիմադրություն, միասնակաություն, պայքար.  սա է Արցախը հայկական պահելու, Հայաստանը թշնամու ոտնձգություններից պաշտպանելու միակ ճանապահը»,- եզրափակել է իր խոսքը Սաղաթելյանը։

Միջոցառումն ավարտվել է Սրադարապատի հուշահամալիրում գտնվող Արամ Մանուկյանին նվիրված հուշաքարի մոտ տեղի ունեցած երդման խորհրդանշական արարողությամբ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ

2 ապրիլի, 2023 թ.,Երեւան