կարևոր
3244 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-07 15:52
Հասարակություն

ՀՀ-ԱՄՆ փոխայցերը 2023 թ. ընթացքում

ՀՀ-ԱՄՆ փոխայցերը 2023 թ. ընթացքում

2023 թ. աչքի ընկավ հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացմամբ, որի ընթացքում տեղի ունեցան փոխայցեր հայ և ամերիկացի պաշտոնյաների միջև։ Այնուամենայնիվ, ամենաբարձր մակարդակի փոխայցելություններ՝ նախագահ-վարչապետ, փոխնախագահ-փոխվարչապետ, այդպես էլ տեղի չունեցան։ Հարաբերությունների աշխուժացումը կարելի է պայմանավորել մի քանի գործոնով։ Առաջին և թերևս ամենագլխավոր պատճառը հայ-ադրբեջանական հարաբերություններն են՝ Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման առումով ԱՄՆ շահագրգռվածությունը։ Այդ է պատճառը, որ 2023 թ. Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ստանձնեց հիմնական միջնորդի առաքելությունը՝ հատկապես հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանը զբաղված է ուկրաինական պատերազմով, և վերջինս իր դիրքերը զգալիորեն զիջել է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ուստի սա է պատճառը, որ Միացյալ Նահանգները, փորձելով միջնորդի դեր ստանձնել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, ձգտում է Հայաստանում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում նվազեցնել ռուսական ազդեցությունը և փոխարենը Թուրքիային՝ իր ռազմավարական դաշնակցին, հաղորդել տարածաշրջանային ազդեցություն ունեցող տերության կարգավիճակ։

Այս համատեքստում հարկ է առանձնացել 2023 թ. ընթացքում ԱՄՆ միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Էնթոնի Բլինքենի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև առաջին եռակողմ հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում :

Բանակցությունների հաջորդ փուլը ԱՄՆ միջնորդությամբ տեղի ունեցավ մայիսի 1-4-ի ընթացքում Վաշինգտոնում։ Բանակցություններն ընթանում էին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ ԱԳ նախարարներն արդեն իսկ հանդիպել էին ինչպես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, այնպես էլ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ : Հենց այս բանակցությունների ավարտից հետո է Բլինքենը նշմարում երկրների միջև հնարավոր համաձայնագրի կնքման մոտալուտ լինելը։ Վերջինս հավատացած էր, որ համաձայնագիրը արդեն տեսանելի է և հասանելիության սահմաններում է :

ԱՄՆ միջնորդությամբ 2023 թ. վերջին բանակցությունները տեղի ունեցան հունիսի 27-29-ը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 27-ին Վաշինգտոնում հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, իսկ հունիսի 28-ին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Բլիքենի մասնակցությամբ Միրզոյանի և Բայրամովի միջև բանակցությունները կրկին տեղի ունեցան Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում :

ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունների մեկ փուլ էլ նախատեսվում էր անցկացնել այս տարվա ավարտին՝ նոյեմբերի 20-ին, սակայն Ադրբեջանը հրաժարվել էր մասնակցությունից՝ պայմանավորելով իր որոշումը ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ներկայացուցիչների պալատում արած հայտարարությունների հետ։ Իր հայտարարության մեջ Օ’Բրայենը նշել էր.«Մենք հստակ հասկացրել ենք, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի, քանի դեռ մենք առաջընթաց չենք տեսնում խաղաղության հաստատելու ուղղությամբ» և հավելել, որ Վաշինգտոնը չեղարկել է ադրբեջանցի պաշտոնյաների «բարձր մակարդակի այցերը» և դադարեցրել է ռազմական ու այլ օգնությունը Ադրբեջանին :

Եվս մեկ հանդիպում Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած «Ժողովրդավարության արդյունքները» (Democracy Delivers Initiative ) համաժողովի մեկնարկից առաջ։ Քննարկման առարկան կրկին հայ-ադրբեջանական հարաբերություններն էին :

Իսկ սեպտեմբերի 22-ին նույն նստաշրջանի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ :

Պայմանավորված բանակցություններում ԱՄՆ-ի մեծ հետաքրքրվածությամբ պարբերական հանդիպումներ են տեղի ունեցել նաև կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական,

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի և ՀՀ մի շարք պաշտոնյաների միջև, ինչպիսիք են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Միացյալ Նահանգների կողմից ակտիվության ալիք նկատվեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի բլոկադայի և Արցախից հայերի բռնի տեղահանման ժամանակահատվածում։ Մասնավորապես հենց այս շրջանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը այցելեց Հայաստան և Ադրբեջան։ Սեպտեմբերի 25-ին վերջինս ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի ուղեկցությամբ ժամանեց Հայաստան՝ նույն օրը հանդիպելով ՀՀ վարչապետի հետ։ Սամանթա Փաուերի այցին հաջորդեց հայտարարություն, որտեղ ասվում էր Հայաստանին 11,5 միլիոն ԱՄՆ դոլարի հրատապ մարդասիրական օգնության տրամադրման մասին՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար՝ ՄԶԳ-ի և 10,5 միլիոն ԱՄՆ դոլար՝ Պետքարտուղարության միջոցով:

ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի Հայաստան այցից հետո հաջորդ մեկ ամսվա ընթացքում զգալի ակտիվություն նկատվեց ՄԶԳ պաշտոնյաների Հայաստան այցելությունների հարցում։ Մասնավորապես հոկտեմբերի 6-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունեց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) տնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկիին : Նույն օրը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպայի և Ասիայի գործերով ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ԱՄՆ ՄԶԳ արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող Մայք Լամբրայթը : Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մըքիին ընդունել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը :

Փոխայցեր եղել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորների և ԱՄՆ Կոնգրեսի անդամների միջև։ Մասնավորապես 2023 թ. մայիսի 10-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, կոնգրեսական Նենսի Փելոսիին, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլլոնին, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ռոբ Մենենդեսին, Դեբի Դինգլին և Ջեն Շչեկովսկիին : Իսկ սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին ։

Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին հանդիպումներ են եղել նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և Հարավային Եվրոպայի և Կովկասի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքի , ինչպես նաև ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի հետ :

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, իր հերթին, 2023 թ. ապրիլին աշխատանքային այց է կատարել Միացյալ Նահանգներ, որի ընթացքում ապրիլի 11-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցով ավագ խորհրդատու Լու Բոնոյին․ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը :
Հաջորդ օրը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) կայացավ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումը ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալ Էրին Մըքիի հետ : ԱՄՆ այցի շրջանակներում Մհեր Գրիգորյանը նաև հանդիպեց թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Թոդ Ռոբինսոնի հետ , ինչպես նաև ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի տեղակալ Ուոլլի Ադեյեմոյին :

Հայաստանում Մհեր Գրիգորյանը հունիսի 27-ին ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությանը՝ քննարկելով միջուկային 20 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի տեղակալին, https://www.gov.am/am/news/item/15520/։

էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունների հարցը :

Եվս երկու աշխատանքային այց ԱՄՆ իրականացրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում։ Իր երկու այցերի ընթացքում Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ :

Ակնհայտ է, որ 2023 թ. Միացյալ Նահանգների պաշտոնյաների ակտիվ շփումները ՀՀ պաշտոնյաների հետ պայմանավորված էին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ամերիկայի շահագրգռվածության հետ։ Վաշինգտոնը փորձում է օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, որպեսզի օգնի կողմերի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Կարելի է պնդել, որ սա 1992 թվականից ի վեր ամերիկյան դիվանագիտության ամենաակտիվ փուլն է Հարավային Կովկասում, և արտաքին հանգամանքները հօգուտ ԱՄՆ-ի են գործում։ Հարավային Կովկասում ստեղծվել է աշխարհաքաղաքական մի միջավայր, որին, կարծես թե, Վաշինգտոնը սպասել է գրեթե երեք տասնամյակ։

—————————————

1 Secretary Blinken’s Meeting with Armenian Prime Minister Pashinyan and Azerbaijani President Aliyev, https://www.state.gov/secretary-blinkens-meeting-with-armenian-prime-minister-pashinyan-and-azerbaijani-president-aliyev/, (01. 12.2023)։
2 Մամուլի հաղորդագրություն, https://www.mfa.am/hy/press-releases/2023/05/04/pressrelease/11994, (04.12.2023)։
3 Secretary Antony J. Blinken at the Bilateral Peace Negotiation Closing Session with Armenian Foreign Minister Ararat Mirzoyan and Azerbaijani Foreign Minister Jeyhun Bayramov, https://www.state.gov/secretary-antony-j-blinken-at-the-bilateral-peace-negotiation-closing-session-with-armenian-foreign-minister-ararat-mirzoyan-and-azerbaijani-foreign-minister-jeyhun-bayramov/, (04.12.2023)։
4 Մամուլի հաղորդագրություն, https://www.mfa.am/hy/press-releases/2023/06/29/arm_aze/12069։
5 Azerbaijan Signals Conditions For U.S.-Mediated Talks With Armenia, https://www.azatutyun.am/a/32740251.html։
6 Արարատ Միրզոյանը մասնակցել է «Ժողովրդավարության արդյունքները» համաժողովին, https://www.mfa.am/hy/press-releases/2023/09/20/fm_democracy/12214։
7 ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հետ, https://www.mfa.am/hy/press-releases/2023/09/22/fm_us/12229։
8 Administrator Samantha Power Arrives in Armenia, https://www.usaid.gov/news-information/press-releases/sep-25-2023-administrator-samantha-power-arrives-armenia։
9 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ տնօրենի տեղակալին, https://www.gov.am/am/news/item/15674/։
10 Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը, https://www.gov.am/am/news/item/15672/։
11 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին, https://www.gov.am/am/news/item/15701/։
12 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը, https://www.gov.am/am/news/item/15633/։
13 Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է, www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=18722&year=2023&month=05&day=11&lang=arm։
14 Միացյալ Նահանգները հայ ժողովրդի կողքին է. ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը՝ ՀՀ ԱԺ նախագահին, www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=19341&year=2023&month=09&day=25&lang=arm։
15 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հարավային Եվրոպայի եւ Կովկասի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալին, www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=19506&year=2023&month=10&day=25&lang=arm։
16 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին, www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=19669&year=2023&month=11&day=19&lang=arm։
17 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հետ, https://www.gov.am/am/news/item/15517/։
18 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալին, https://www.gov.am/am/news/item/15522/։
19 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ, https://www.gov.am/am/news/item/15521/։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն

«Դրօշակ» թիվ 1, 2024թ.