կարևոր
7594 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-26 12:40
Հասարակություն

Քարինտակը՝ Շուշիի ազատագրման և դավաճանության ճանապարհին. հունվարի 26-ը՝ հերոսապատումի օր

Քարինտակը՝ Շուշիի ազատագրման և դավաճանության ճանապարհին. հունվարի 26-ը՝ հերոսապատումի օր

1992 թվականի հունվարի 26-ին ազատագրվեց Արցախի Քարինտակ գյուղը։ Շուրջ 12 ժամ տևած Քարինտակի ճակատամարտը, այդ լեգենդար ինքնապաշտպանությունը, որի ընթացքում գյուղի վրա գրոհած ադրբեջանական զինված կազմավորումները պարտություն կրեցին խաղաղ բնակիչներից, կարեւոր քայլ դարձավ Շուշիի ազատագրման եւ ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի հաղթանակի ճանապարհին:

1992 թվականի հունվարի 26-ին ադրբեջանցիները գիշերը Ներքին Զարսլուի կողմից շրջապատել էին ողջ գյուղը։ Բացի այդ, Շուշիի ժայռի երկայնքով գնդացիրներ էին տեղադրել ու այնտեղից կրակի տակ էին պահում ամբողջ տարածքը։ Կրակում էին զրահամեքենաները։  Կար գյուղը ոչնչացնելու հստակ որոշում։ Ադրբեջանցիները մոտ 300 հոգի էին, հիմնականում՝ Բաքվից, ովքեր Շուշիից ուղեկցողներ ունեին, որոնք գիտեին՝ որտեղից մտնել, ինչ անել: Իսկ տեղանքին քաջածանոթ գյուղի պաշտպանները 80-ն էին։ Գյուղի վրա գրոհումը հանձնարարված էր Ադրբեջանի՝ Շուշի եկած կանոնավոր գումարտակին։ Գործողությունն անմիջականորեն  ղեկավարում Էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Թաջեդին Մեհթիևը:

Հունվարի 26-ին թշնամին երրորդ անգամ էր հարձակվում գյուղի վրա (առաջինը 1991 թվականի դեկտեմբերի 28-ին էր, երկրորդը՝ 1992 թվականի հունվարի 19-ին)։

Հունվարի 26-ին արդեն գյուղն ամբողջությամբ շրջափակված էր։ Թշնամին փակել էր այն բոլոր ուղղությունները, որտեղից սպասում էին օգնության հասնող ուժերին։ Դիրքերում կանգնած ոչ ոք չէր մտածում, որ պետք է թողնի դիրքերը։ Այդ ամբողջ ընթացքում գյուղի բնակիչները՝ կին, երեխա, բոլորը գյուղում էին։ Գյուղում կար մոտ 40 ավտոմատ, մեկ «պուլիմյոտ», մնացածը որսորդական հրացաններ էին։ Հարևան գյուղերի ջոկատներին հաջողվեց ճեղքել հակառակորդի շղթան և մոտենալ գյուղին. արևելյան հատվածով քարինտակցիներին օգնության հասան Շոշի, Սղնախի, Ավետարանոցի, Քռասնու, Սզնեքի, Կարմիր գյուղի և Աշոտ Բեկորի ջոկատները։ Այդ պահից սկսած ադրբեջանցիները սկսեցին նահանջել, և երեկոյան ժամը վեցի սահմաններում ճակատամարտն ավարտված էր։

1992 թ. հունվարի 26-ին Քարինտակի ինքանպաշտպանության ժամանակ գյուղի պաշտպանների հմուտ գործողությունների շնորհիվ թշնամին ջախջախվեց՝ ռազմի դաշտում թողնելով 92, իսկ այլ տվյալներով՝ 136 զոհ, հայկական կողմից վիրավորվեց 17, զոհվեց ինքնապաշտպանության 22 մասնակից, որից 5-ը դաշնակցական: Դրանից հետո ադրբեջանցիները գյուղն անվանեցին «Արյունոտ ձոր»:        

Մոտ 3 տասնամյակ տևած խաղաղ կյանքի ու գյուղի շենացման ժամանակափուլը ավարտվեց 2020 թ. ծրագրված դավադիր պատերազմով, որի ժամանակ գյուղը վերստին ապրեց հերոսապատումի, այնուհետև՝ հայաթափման ու ավերման ծանրագույն օրեր: Գյուղի գրավումը ադրբեջանական կողմի համար ուներ առանցքային նշանակություն, քանի որ այդտեղով էր պլանավորված մոտենալ բերդաքաղաք Շուշիին. ճանապարհ, որը հետագայում թշնամին անվանեց Հաղթանակի (իբր), իսկ հայ գիտակից շրջանակները՝ Դավաճանության ճանապարհ: Հենց այդ ճանապարհի կառուցման պատճառով գյուղի գրավումից հետո ադրբեջանցիները քանդել են Քարինտակի գերեզմանոցը, քանդել մի շարք տներ՝ մասամբ ավերվով գյուղը:

«Քարինտակը բոլորին ցույց տվեց, որ կարելի Է հաղթել անհավանական պայմաններում՝ անելով, թվում է թե, անհնարինը։ Քարինտակը մեզ նաև փառավոր հաղթանակի բերեց Շուշիում»: 

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան