Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը ներկայացրել է իր հուշերը Շուշիի ազատագրման մասին.
«32 տարի առաջ այս օրը՝ 1992 թ. մայիսի 8-ին, ես ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ուսանող էի։ Նորագույն պատմության դասն էր (դասախոս՝ Քիլիմջյան)։ Թեման՝ Առաջին աշխարհամարտը։ Մի պահ դասն ընդհատվեց, երբ ինչ-որ մեկը կամաց դուռը բացեց և նրան դուրս կանչեց։ 1-2 րոպե անց դասախոսը վերադարձավ. նա լուռ էր, դեմքն այլայլված, հուզված, բայց, կարծես, ուզում էր թաքցնել իր հուզմունքը։ Լսարանում տիրեց քար լռություն։ Մենք սպասողական ու անհանգիստ հայացքով նայում էինք նրա դեմքին և փորձում կռահել կատարվածը։ Րոպեները ժամեր թվացին։
Հանկարծ, նա պատուհանից դուրս՝ հեռուն նայելով, մեզ չնկատելով, ասաց. Շուշին... ու նորից լռեց։ Մենք սկսեցինք իրար նայել, անհանգիստ շարժումներ անել։ Մի փոքր անց նա 2-րդ անգամ փորձեց արտաբերել. Շուշին...։ Նորից լռեց։ Եվս մեկ-երկու վայրկյան անց վերջապես խոսեց, այս անգամ պարզ ու հստակ. ՇՈՒՇԻՆ ՄԵՐՆ Է...
Բոլորս դուրս վազեցինք լսարանից, արագ իջանք բակ, որտեղ հավաքվել էր համալսարանի գրեթե ողջ ուսանողությունը. բոլորն աշխույժ գոռում-գոչում, ողջագուրվում, շնորհավորում էին միմյանց...
Կուզեի, որ մեր երեխաները նույնպես վայելեն հաղթանակի բերկրանքն ու համտեսեն հայրենի հողի ազատագրության քաղցրությունը...»: