Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաշինգտոնն ու Բաղդադը շուտով բանակցություններ կսկսեն` Իրաքում տեղակայված ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ուժերը դուրս բերելու և այն երկկողմ հարաբերություններով փոխարինելու շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր չորս աղբյուրներին՝ նշելով, որ պատճառը իսրայելա-պաղեստինյան պատերազմն է։
Ըստ աղբյուրների՝ Իրաքում ԱՄՆ դեսպան Ալինա Ռոմանովսկին հունվարի 24-ին նամակ է հանձնել հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնին, որում ԱՄՆ-ն հրաժարվել է այն նախապայմանից, որ ուժերի դուրսբերումից առաջ նախ պետք է դադարեն իրաքյան աշխարհազորային խմբերի հարձակումներն ԱՄՆ ուժերի դեմ։
Իրաքի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտնել է, որ ստացել է «կարևոր» նամակ, որը կուսումնասիրի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանին։ Նախարարությունը մանրամասներ չի հայտնել։
Reuters-ը նշում է, որ բանակցությունները կարող են տևել մի քանի ամիս, և դրանց ելքն առայժմ հստակ չէ։
ԱՄՆ-ն 2500 զինծառայող ունի Իրաքում, որոնք տեղի ուժերին խորհրդատվություն են տրամադրում և օժանդակում, որպեսզի թույլ չտան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը գլուխ բարձրացնել տարածաշրջանում։ Եվրոպական և այլ երկրների հարյուրավոր զինծառայողներ նույնպես Իրաքում են՝ որպես ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի մաս։
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ուժերը շուրջ 150 անգամ հարձակման են ենթարկվել Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայինների կողմից, որոնց ԱՄՆ-ն պատասխան հարվածներ է հասցրել։
Հունվարի 5-ին Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին ասել էր, որ միջազգային կոալիցիոն ուժերի ներկայության հիմնավորումն ավարտվել է և Բաղդադը մտադիր է կոնկրետ քայլեր ձեռնարկել երկրում օտարերկրյա զինվորականների ներկայությանը վերջ տալու համար։