կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-05 17:33
Քաղաքական

ՀՅԴ-ն Արցախում սեպտեմբերի 10-ից նախագահի միասնական թեկնածուի շուրջ բանակցություններ կսկսի

ՀՅԴ-ն Արցախում սեպտեմբերի 10-ից նախագահի միասնական թեկնածուի շուրջ բանակցություններ կսկսի

Սեպտեմբերի 10-ից Արցախի դաշնակցական կառույցը պաշտոնական բանակցություններ է սկսելու քաղաքական այլ ուժերի հետ՝ նախագահի միասնական թեկնածու ունենալու  համար: Yerkir.am-ի հետ զրուցում Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանն ասաց, որ բանակցությունները կտևեն առավելագույնը մեկ ամիս: Եթե միասնական թեկնածուի հարցում համաձայնության չգան, Դաշնակցությունը նախագահի ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով, որը կարող է դաշնակցական լինել կամ չլինել:

Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ խոսքը կոալիցիոն թեկնածուի մասին չէ. միասնականն այլ է՝ համաձայնեցված թեկնածու, որը կարող է մի փոքր ուժի ներկայացուցիչ լինել, բայց ավելի համապատասխանել  ընտրված չափանիշներին, քան մեծ ուժի ներկայացուցիչը, այդ պատճառով էլ կիրառում են «միասնական» բառը:

Ընդունելի թեկնածուի չափանիշները հստակ են և հաստատվել են Արցախի Դաշնակցության Կենտրոնական կոմիտեի կողմից՝ արդար, հայրենասեր մարդ, որը խոր հարգանք և հեղինակություն ունի ժողովրդի շրջանում: Դաշնակցությունը նաև առաջարկել է, թե ինչ թեմաներով է մտնելու բանակցությունների մեջ այլ կուսակցությունների հետ. առաջին տեղում անվտանգությունն է, ապա՝ ներքին արդարությունը և անզիջում պայքարը կոռուպցիայի, կաշառակերության դեմ: «Որովհետև եթե շատ բարձր մակարդակի չլինի ներքին արդարությունը, ինքնըստինքյան, դա խփելու է նաև ազգային անվտանգության գործի կազմակերպմանը»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Եթե քննարկումներն արդյունք չտան, Դաշնակցությունը նախագահի թեկնածու կառաջադրի իր կազմից: Արմեն Սարգսյանն ասում է՝ առնվազն 4 թեկնածու ունեն, բայց անուններն առայժմ չի նշում, քանի որ, նրա խոսքով, նախագահի պաշտոնը Դաշնակցությունը չի դիտում որպես նպատակ և ռազմավարություն, իրենց համար դա մարտավարություն է՝ նախագահն ինքը պետք է ամենամեծ ծառայությունը մատուցի ժողովրդին:

«Նախագահը նրա համար չէ, որ մտնի ու արտոնություններից օգտվի, դրա համար էլ կապ չունի, թե մեզանից ով է ընտրվելու նախագահ, միևնույն է՝ մենք թիմով ենք աշխատելու»,- նշեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը: